Քաղաքականություն

Ողորմելի իշխանության ներկայացուցիչը ողորմելի է անվանում հաղթողներին

Ողորմելի իշխանության ներկայացուցիչը ողորմելի է անվանում հաղթողներին

 Այն, որ ապրում ենք Ալիսայի ծուռ հայելիների թագավորությունում, կյանքն անընդհատ է մեզ ապացուցում: Պատերազմում խայտառակ պարտություն կրած, բազմահազար զոհեր տված, Արցախը թշնամուն հանձնած ու այնուհետև երկրամասի էթնիկ զտմանը որևէ ձևով չխոչընդոտած իշխանության, ներկայացուցիչը ողորմելի է անվանում հաղթողներին: Պարտության խորհրդանիշ իշխանության ներկայացուցիչը ողորմելի է անվանում այն իշխանություններին, ովքեր հաղթանակ կերտեցին թե՛ մարդկանց քանակով և թե՛ սպառազինության ծավալով Հայաստանը բազմաթիվ անգամ գերազանցող Ադրբեջանին: Իսկ իրենք, դեռ բավարար չէ, որ պարտություն են կրել, հլա ողորմելիորեն սապոնվում են թշնամուն, թե վերջինս խաղաղություն է կերտում և ոչ թե անձական իշխանությունն ամրապնդում: Եվ դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում երբեք համարձակությամբ աչքի չեն ընկել: 

Դրանցից երկրորդը պետության գլուխ համարվող անձն է, ով ավելի ճիշտ կլիներ՝ եթե համարվեր ժիլետի թև: Քանի որ երբ անհրաժեշտ է պետության գլուխ համարվողի համարձակությունը՝ պետության շահերը պաշտպանելու առումով, վերածվում է գործադիր իշխանության կցորդի կամ նույնիսկ ժիլետի թևի: Իսկ առաջինը, օ՜, առաջինը, աշխարհի մեծամեծների հետ շփվելուց իրեն պատկերացրել է դրանցից մեկը: Մոռացել է, որ նախկինների օրոք կյանքում թեթևակի համարձակություն դրսևորելուց ու պետական համալսարանից հեռացվելուց հետո ինձ նման մեկը սոցցանցային հարթակում նախաձեռնեց իր պաշտպանությունը: Ինքը համարձակություն չունեցավ անձամբ դա անելու՝ պատվիրակելով այդ գործը սեփական կնոջը: Կամ էլ համաձայնելով, որ դա իր վրա վերցնի իր կինը ու այն ժամանակ իրեն չճանաչող մեկը: Իսկ երբ Ռուբեն Վարդանյանն իրեն պատսպարեց՝ աշխատանք տալով, այսօր նրան «շնորհակալություն» է հայտնում ձայն չհանելով: Ու այդ անձը, բռնվե՛ք, ողորմելի է անվանում նախկիններին:
Իսկ հիմա խոսենք ըստ էության: Նախկիններին ողորմելի բնորոշելու հիմքն, ըստ այդ անձի, նրանց կողմից ՀՀ տնտեսության առանձին օբյեկտներ կամ նույնիսկ ամբողջական ճյուղեր Ռուսաստանին՝ կառավարման կամ որպես սեփականություն, հանձնելն էր: Այն պետությանը, որն ապահովում էր մեր անկախությունն ու ինքնիշխանությունը նախքան իրենց իշխանության գալը: Ոգևորված սեփական համարձակությամբ՝ ԱԳ նախարար Արարատը (երկար ժամանակ ինձ համար Արո էր, բայց գիտակցելով, որ «Արարատ» անունը հաճելի չէ իր վերադասի քիմքին, վերադարձա անվան ամբողջական տարբերակին) նախկիններին բազմաթիվ անգամ անվանեց ողորմելիներ: Այնինչ, բուռն «հայրենասիրական» հակառուսական ելույթից առաջ Երևանում տեղի էր ունեցել ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովի հանդիպումը «մեծարգո» վարչապետ Փաշինյանի հետ: Ու նույնիսկ ՔՊ-ական «սիվիկները» որևէ արտառոց բան չէին արձանագրել այդ հանդիպման առումով: 

Իսկ հանդիպման և ընդհանրապես Վլադիմիր Եվտուշենկովի Երևանում հայտնվելու պատճառը «Մարս» գործարանի և Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) կառավարչի փոփոխությունն էր: Այդ երկու օբյեկտների կառավարումը մի քանի օր առաջ ստանձնել է «Սիտրոնիքս» բաժնետիրական ընկերությունը: Այն, իր հերթին, ներառված է ռուսական ֆինանսական «Սիստեմա» բաժնետիրական ընկերության կազմում: Որի սեփականատերը ռուս գործարարն է: Նախկինում այդ օբյեկտներն, ըստ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, կառավարվում էին «Սիտրոնիքսը» ներկայացնող գործադիր տնօրենի կողմից: 

Իսկ հիմա ներկայացնեմ 100 մլն դոլար պարտքի դիմաց 2002-ին, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում, Ռուսաստանին հանձնված 5 ձեռնարկություններից մեկին: Խոսքը «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ի մասին է: Ժամանակին ծանոթ եմ եղել դրա տնօրեն Միքայել Աբովյանին (տեսնես հիմա ի՞նչ է անում) և ինստիտուտի մասին մի քանի հոդված եմ գրել: Իշխանության դիրքերից նախկիններին «բմբլահան անող» Արարատին հայտնեմ, որ կոնկրետ այդ գիտահետազոտական ինստիտուտը (ԳՀԻ) «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շնորհիվ փրկվեց փակվելու վտանգից: Քանի որ, որպես ՌԴ կազմակերպություն, ստացավ ռուսական ֆինանսավորում և շուկայում իր արտադրանքը վաճառելու հնարավորություն: Ի դեպ, դա այն ժամանակ էր, երբ այդ գործարքով 5-6 միլիոն դոլար գնահատված ԳՀԻ-ն՝ իր ձեռնարկությամբ հանդերձ, փակվելու վտանգով պայմանավորված՝ կարող էր վաճառվել ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարով: Այդ արժեքի հիմնական մասն էլ ձեռնարկության պահեստում ամբարված՝ մի քանի տասնյակ տոննա կազմող պլատինի (ազնիվ կամ թանկարժեք մետաղ է) գինն էր: 

Ինչևէ, նույնիսկ Արարատին պետք է հայտնի լինի, որ ռուսական կապիտալին հանձնված՝ որպես սեփականության կամ կառավարման, այդ ձեռնարկությունները, հայկական երկաթգիծը, էլեկտրաէներգիան, հեռախոսը և այլն, երկրորդ կյանք ստացան հենց դրա շնորհիվ: Իսկ նախկիններին ողորմելի անվանող Արարատը վստահաբար չի կարող բերել գոնե մեկ օրինակ վերջին ութ տարվա ընթացքում Հայաստանում գործարկված ձեռնարկության կամ տնտեսական ենթակառուցվածքի լուրջ բարելավման առումով: Հակառակը, նրան կարող եմ հիշեցնել հայկական ավտոմեքենայի, կենցաղային տեխնիկայի և այլ արտադրանքի շահագործման վերաբերյալ նիկոլական հեքիաթները:
Ինչ մնում է TRIPP նախագծին, ապա դրա ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նրան հայտնի է դարձել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի՝ ռազմավարական գործընկերության պայմանագրեր կնքելու մասին իրողությունը: Հայկ Մամիջանյանի ենթադրությամբ, համագործակցությունը կարող տարածվել նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում, այսինքն, հենց TRIPP նախագծում: Իսկ Հայաստանին թողնված 26%-ի պահն էլ, ըստ իս, ԱՄՆ նախագահ Թրամփի լավությունն է Նիկոլին, որպեսզի ճակատագրական որոշումներ կայացնելու դեպքում, որի համար անհրաժեշտ է ձայների 75%-ը, ՀՀ-ն ոչ ասելու հնարավորություն ունենա: Եթե, իհարկե, ունենա դրա համարձակությունը, բայց դա արդեն Թրամփից կախված չի լինի:

ՀԳ. Ի դեպ, անցյալ տարվա հուլիսի 25-ին «168 ժամ»-ը հիշատակել է, որ 2000-ականների սկզբին Արամ Զավենի Սարգսյանը պնդում էր, որ ՌԴ-ի հետ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հեղինակն ինքն է: Այսինքն, դա դիտվում էր խիստ դրական գործարք: Իսկ վերջինս, չմոռանանք, ՔՊ-ի գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն է: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image