Մեր երիտասարդ քաղաքական սերունդն աշխատանք գտնելու լուրջ խնդիրներ ունի: Գործ չկա` որ դուռը թակում են, ում դուռը թակում են՝ փակ է: Ընդդիմադիր դաշտում ընդհանրապես խեղդոց է: Ինչպես «գազելներում»՝ մինչեւ մեկը չիջնի, չես կարող բարձրանալ: Համեմատաբար թափուր է «կենտրոնը», բայց այնտեղ էլ գործ չկա: 1-2 նախկին օլիգարխ է մնացել, այն էլ տնից են աշխատում՝ օրվա քաղաքական կուրսի համեմատ: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի իշխանական հատվածին, ապա այնտեղ, շատ ներողություն, «բարդակ» է: Մի բան, որ Նիկոլն ու ՔՊ-ն ղեկավարեն, ի՞նչ պետք է լինի: Այդ «բարդակը» երկու մասից է բաղկացած՝ մի մասը քաղաքացիական պոռնոգրաֆիան է զավթել, մյուս մասը՝ Սորոսի վաստակաշատ պոռնոգրաֆիստները: Եվ ինչպե՞ս մեր երիտասարդ քաղաքական սերնդի ներկայացուցչին ասես՝ փորձիր Նիկոլի մոտ աշխատանքի անցնել: Խղճի դեմ բան է, բայց ի՞նչ անեն խեղճ երիտասարդները… Տարիներն անցնում են, իսկ իրենց նկատող չկա, մնացել են ճանապարհի եզրին կանգնած:
Ժողովրդական խոսքն ասում է՝ ով փնտրում է, նա գտնում է: Ես մի քանիսին ճանաչում եմ, որոնք Նիկոլի մոտ գործ են ճարել՝ չնայած իրենց պատկառելի տարիքին: Անուններ չտամ` նրանց դուք էլ եք ճանաչում: Նրանցից ոմանք այսօր լավ էլ գործերի են՝ Նիկոլի օլիգարխ, Նիկոլի պատգամավոր, Նիկոլի նախարար, Նիկոլի փոխվարչապետ: Մի հատ Ստյոպա Սաֆարյան կար, հիշո՞ւմ եք, հասավ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին: Հետո Նիկոլն ազատվեց նրանից, ըստ էության, ցրելով այդ խորհուրդը: Ուզում եմ ասել՝ առաջ բավականին դյուրին էր Նիկոլի մոտ գործ ճարելը: Հիմա է, որ պետք է շատ չարչարվես: «Բեւեռը», օրինակ, ինչքան փորձեց, չկարողացավ, վերջը եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակը: Բայց «Բեւեռն» ի՞նչ, այնտեղ գրեթե երիտասարդներ չկան, ով էլ մնացել է, արդեն հասկանում է, որ իր լավագույն ժամանակները մնացել են անցյալում: Հիմա արդեն առավել երիտասարդներն ու անգամ քաղաքական դեղնակտուցներն են պայքարի մեջ մտել՝ Նիկոլի թատրոնում գոնե մի ապուշի դեր «կպցնելու» համար:
Սուրեն Պետրոսյան անունով մեկը կա, որ բոլորովին վերջերս է լույս աշխարհ ընկել: Բավականին խոստումնալից երիտասարդ է՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն է: Բնույթով սարսափելի ընդդիմադիր է: Թողնես՝ Նիկոլին հում-հում կուտի: Սա՝ ստրատեգիական առումով, բայց, ահա, մարտավարության առումով աչքիս ալաբուլա է երեւում: Հիշեք անունը՝ Սուրեն Պետրոսյան: Եթե հիշողությունս չի դավաճանում, այս երիտասարդը դեռ մի քանի ամիս առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից էր, վեր էր կացել, Կիրանցից գալիս էր Երեւան՝ Նիկոլին գահընկեց անելու: Երեւան հասավ, իհարկե, բայց թե ինչ եղավ հետո, չգիտեմ: Ասում էին՝ չար ուժերն առեւանգել են: Բայց չէ, մի քանի օր անց հայտնվեց ու սկսեց հիմարություններ դուրս տալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին: Ինձ մի պահ թվաց, թե այս երիտասարդի առեւանգման «բիլինան» ճիշտ է, իսկ առեւանգողներն էլ շարժման հակառակորդներն են եղել՝ Նիկոլենք: Միայն Նիկոլենք կարող էին այդպիսի բան անել՝ գծերից գցել խոստումնալից երիտասարդ գործչին: Եվ եթե դա իրոք այդպես է, ապա պետք է խոստովանել, որ Նիկոլին ու ՔՊ-ին դա հաջողվեց: Օրերս Սուրեն Պետրոսյանը հայտնվել էր Հ1-ի տաղավարում՝ Պետրոս Ղազարյանի մոտ: Այս փաստն ինքնին խոսուն է եւ խոսում է առաջին հերթին այն մասին, որ Նիկոլի մոտ Սուրենի համար գործ, այնուամենայնիվ, ճարվել է:
Հակառակ պարագայում՝ Պետրոսը քանի՞ գլուխ ունի, որ Նիկոլի ոխերիմ հակառակորդին հրավիրի հարցազրույցի: Դուք մի հատ այս երիտասարդի ձեւակերպումը տեսեք. «Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց»: Ենթադրվում էր, որ Պետրոսին սրա համար կվռնդեն Հ1-ից, բայց, ինչպես տեսնում ենք, թե՛ Նիկոլն է կուշտ եւ թե՛ Պետրոսն է «սաղ-սալամաթ»: Պայմանավորվե՞լ են: Իհարկե: Նիկոլենք Սուրեն Պետրոսյանից ինչ-որ բան են պատրաստում, թույլ են տալիս, որ Սուրենը Հ1-ում իրենց քննադատի` պայմանով, որ Սուրենը սահուն անցում կատարի ընդդիմության քննադատությանը: Նրա հաջորդ խոսքում արդեն ընդդիմությունն է մեղավոր, որ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, ընդդիմությունը մեղավոր կլինի, եթե Սյունիքն էլ «փաթեթով» հանձնվի Ադրբեջանին: Նիկոլը դա էլ կմարսի, որովհետեւ ընդդիմությունը լավը չէ: Եվ, առհասարակ, ընդդիմությունը երբեք իրեն ավելի լավ չի զգացել, քան Նիկոլի ժամանակներում… Եթե ուզում եք իմանալ՝ սա մի ամբողջ դոկտրին է ընդդիմության մեջ խժդժություն առաջացնելու մասին: Եվ մի նայեք Սուրեն Պետրոսյանի կուսակցության վերնագրին՝ «Ժողովրդավարական համախմբում»: Այն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ, մանավանդ, համախմբման հետ որեւէ աղերս չունի: Նիկոլի աշխատողը չի կարող ժողովրդավար լինել, իսկ նրա պատկերացրած համախմբումն էլ ավելին չէ, քան Նիկոլի գլխավորած խունտայի շուրջը թրեւ գալը:
Եվ վերջում մի երկու հարց եմ ուզում ուղղել Սուրեն Պետրոսյանին: Տղա ջան, ե՞րբ է նախատեսվում Հ1-ով քո հաջորդ հարցազրույցը: Ես կսպասեմ դրան, որպեսզի իմանամ, թե ինչ կարծիք ունես Նիկոլի եւ քո նոր գործընկերների մասին: Այլապես գեղեցիկ չէ, երբ նոր ես հեռացել ընդդիմության դաշտից ու միայն ընդդիմությանն ես «քլնգում»: Հասկանալի է, ընդդիմության մասին տպավորություններդ թարմ են, բայց չպետք է մոռանալ, որ քեզնից բացի կան նաեւ հասարակ մահկանացուներ, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում Պետրոսի մոտ նստելն ու «ասեղ թելելը»: Այնպես որ, ես քո «համախմբող» ջանին մեռնեմ, մի քիչ էլ Նիկոլի մասին խոսիր, Նիկոլի…