Քաղաքականություն

Հակաճգնաժամային կառավարի՞չ, թե՞ հեղափոխական առաջնորդ. ինչ է պետք Հայաստանին

Հակաճգնաժամային կառավարի՞չ, թե՞ հեղափոխական առաջնորդ. ինչ է պետք Հայաստանին

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հաստատեց իր կողմից նախկինում առաջ քաշված այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հաղթել եւ պաշտոնազրկել ԱԺ ընտրությունների միջոցով: Այս անգամ՝ մի տարբերությամբ. ոչ թե ինքն է հասարակությանը խնդրելու, որ իրեն երրորդ անգամ ղեկավարելու քվե տա, այլ հասարակությունն իրեն պետք է խնդրի՝ մտնել այդ պատասխանատվության տակ: Իրեն վարչապետի պաշտոնը պետք չէ, ինքն իր ունեցածով եւ ունեցվածքով բավարարված է: «Իմ անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել եւ ինչ-որ հաջողության հասնել։ Եթե ուրիշ մարդ կա, որ նման կենսագրություն ունի, ինքս գնամ՝ այդ մարդու համար քվեարկեմ, ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։ Հիմա ես ասում եմ՝ էն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չե՞ք ուզում՝ հարցերը լուծվեն, գնացեք՝ ում ուզում եք, քվեարկեք, ուզո՞ւմ եք՝ այս հարցերը լուծվեն, քվեարկեք։ Ես ինքնաբավ մարդ եմ, սա այն դեպքը չէ, որ դա ինձ պետք է ինչ-որ բանի համար։ Ինձ համար՝ հակառակը, ծանր բեռ է լինելու։ Եթե հաջողենք, ուրեմն կարող եմ երրորդ ճգնաժամից հանել։ Այս մեկն ավելի ծանր է, բայց նաեւ ֆորսմաժորների հաղթահարման իմ փորձն է ավելի շատ»,- իր հարցազրույցում ասում է Քոչարյանը:

Եթե խոսք գնար որեւէ ընկերությունում կամ կորպորացիայում կառավարման ճգնաժամը հաղթահարելու մասին, եւ Քոչարյանի խոսքն ուղղված լիներ այդ ընկերության բաժնետերերին կամ կառավարման խորհրդի անդամներին, միանգամայն տրամաբանական մոտեցում կլիներ` ես հակաճգնաժամային փորձ ունեցող մենեջեր եմ, ուզո՞ւմ եք հաղթահարել ճգնաժամը, ինձ վարձեք, եւ ես իմ փորձն ու հմտությունները կօգտագործեմ՝ այդ ճգնաժամը հաղթահարելու համար, չե՞ք ուզում` թող ձեր ընկերությունը կործանվի: Ինչո՞վ է վտանգավոր այս թեզը, երբ խոսքը պետության մասին է, նրա ճակատագրի:

Կարող են ասել, որ երկիրն էլ, մեծ հաշվով, մի մեծ կորպորացիա է, նրա բնակիչները դրա բաժնետերերն են, ովքեր իրենց քվեարկությամբ ընտրում կամ մերժում են ձախորդ կառավարիչներին: Սա ճիշտ է միայն տեսականորեն, իսկ գործնականում երկրի հիմնական բաժնետերերը կարող են հսկայական վնասներ կրել կառավարիչների սխալ գործունեության արդյունքում, այն դեպքում, երբ կառավարիչները հսկայական շահույթ գեներացնեն: Սա՝ իմիջիայլոց:
Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հանրությանը համոզել, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հաղթել ընտրություններով, հնարավոր է քվեարկությամբ նրանից վերցնել իշխանությունը: Որպես օրինակ՝ նա ներկայացնում է Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների փորձը, երբ ընդդիմությանը հաջողվեց հաղթել ՔՊ-ին եւ քաղաքապետ դարձնել ոչ ՔՊ-ական թեկնածուի: Սա չափազանց վիճելի թեզ է եւ շատ կասկածելի օրինակ: Նախ՝ Գյումրիում կային բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր թեկնածուներ, իսկ ՔՊ-ի թեկնածուն չէր վայելում նույնիսկ տեղի ՔՊ-ականների աջակցությունը: Ավելին` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ընդամենը մի քանի ամիս աշխատած լինելով այդ պաշտոնում, չկարողացավ լիարժեք օգտագործել վարչական ռեսուրսը: Ընդդիմադիր թեկնածուները կարողացան մոտիվացնել հասարակությանը եւ ապահովել մասնակցության չլսված բարձր ցուցանիշ, ինչի հաշվին էլ ընդդիմությունը կարողացավ հաղթել: Հայաստանի մյուս համայնքներում ընդդիմությունը չունի նման բարձր վարկանիշ ունեցող թեկնածուներ, ընդհակառակը՝ շատ համայնքներում ՔՊ-ն ունի իրավիճակը, նաեւ՝ ընտրական, իրենց հսկողության տակ պահող համայնքապետեր, որոնք կարող են ուղղորդել հանրային տրամադրություններն իրենց ուզած ուղղությամբ:

Գյումրու ընտրությունները կարեւոր էին իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի համար, բայց ոչ բախտորոշ` Գյումրիում չէր որոշվում իր՝ իշխանության մնալ-չմնալու հարցը, այնպես որ, նա կարող էր իրեն թույլ տալ ժողովրդավարություն խաղալ, որ ընդդիմության թեկնածուն հաղթի: Համապետական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար էքզիստենցիալ` գոյութենական նշանակություն ունեն, նա հասկանում է, որ այդ ընտրություններում որոշվելու է ոչ միայն իր իշխանության, այլեւ գուցե սեփական գոյության հարցը։ Այնպես որ՝ անելու է ամեն ինչ, որ պահի իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանն ինքն է ասում, որ, իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է, մի՞թե երկրի ամենահարուստ մարդը, որն այդ հարստությունը կուտակել է իշխանություն ունենալու միջոցով, նաեւ՝ իշխանությունից զրկվածների հաշվին, թույլ է տալու, որ ինչ-որ քվեարկությամբ իրեն զրկեն իշխանությունից եւ հսկայական կարողությունից:

Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն 2021-ի, նույնիսկ իշխանափոխություն չի խոստանում, նա 2021-ին խոստանում էր «կրել», հիմա ասում է` եթե ստացվի հաղթել ընտրություններում, ինքը կզբաղվի իր կյանքում երրորդ ճգնաժամի հաղթահարմամբ, չի ստացվի` երկիրը կմնա ճգնաժամի մեջ: Իր համար դա այնքան էլ մեծ ողբերգություն չէ, որովհետեւ ինքն ինքնաբավ մարդ է` իր ունեցածն իրեն բավարարում է, թող մտածեն նրանք, ովքեր ինքնաբավ չեն, ովքեր կարող է եւ չհաղթահարեն ճգնաժամը:

Այս թեզի վտանգավորությունն այն է, որ իշխանությունը կամ իշխանության համար պայքարը դիտարկվում է անձնական հավակնությունների, անձնական խնդիրները լուծելու տիրույթում, իսկ երկիրը, պետությունը, նրա ճակատագիրը դուրս են դրվում այդ տիրույթից: Ի՞նչ արժեք ունի մարդու կամ մեկ ընտանիքի ինքնաբավությունը, եթե երկիրը գնում է կործանման: Մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե հանուն ինքնաբավության կամ դրա բացակայության պատճառով, այլ որովհետեւ ունեն երկրի զարգացման, պետության կառուցման սեփական պատկերացումները, որոնք չեն համընկնում կամ տրամագծորեն հակառակ են իրականացվող քաղաքական կուրսի հետ:

Իմաստ ունի՞ ասել, որ մարդը կարող է ինքնաբավ լինել, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածի թուրքական ծայրագավառի կամ թուրքական հսկողության տակ գտնվող ենթապետության: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցի սկզբում դժգոհում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի՝ հպատակի կարգավիճակին բնորոշ ծամածռություններից, դրանք համարելով վիրավորական հայ ժողովրդի եւ պետականության համար: Արդյո՞ք միայն նման տեսարաններին այլեւս ականատես չլինելու, երկրի հեղինակությունը վերականգնելու համար չարժի պայքարել իշխանության համար: Ի վերջո, որեւէ մարդ չի կարող ինքնաբավ լինել, եթե երկիրն ինքնաբավ չէ եւ անընդհատ գտնվում է տիրոջ, հովանավորի փնտրտուքի մեջ:

Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար պետք է հեղափոխական առաջնորդ, որը նույնիսկ ընտրություններում պարտվելու դեպքում պատրաստ է առաջնորդել երկրի ազատագրման շարժումը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image