Հասարակություն

«Հրապարակ». Յուվեցի Կարոյի որդին բացում է, «Գազպրոմը»՝ փակում

«Հրապարակ». Յուվեցի Կարոյի որդին բացում է, «Գազպրոմը»՝ փակում

Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլեն Կարապետյանի, եւ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) ու մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների քննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ Վիլեն Կարապետյանը վերադարձել է Հայաստան, «մուծվել» է Քննչական կոմիտեին, ինչի արդյունքում իրավապահները փոխել են նրա խափանման միջոցը, եւ նա վերսկսել էր իր գազալցակայանների աշխատանքը։

Հիշեցնենք, որ Կարապետյանի նկատմամբ կալանք էր սահմանվել, եւ հետախուզում հայտարարվել, քանի որ նա հեռացել էր Հայաստանից եւ, ըստ ամենայնի, դրսից էլ վճարել է իրենից պահանջվող գումարը: Ուստի վերադարձել է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել է գրավով, իսկ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը շարունակում է հետախուզման մեջ մնալ։ Դրանից հետո Վիլեն Կարապետյանը բացել էր իր փակված գազալցակայանները, հետո՝ «Գազպրոմի» ճնշմամբ կրկին փակել, եւս մեկ անգամ ապօրինի կերպով բացել էր, օրեր առաջ էլ՝ կրկին փակել։ Քննչական կոմիտեն ԱԳԼՃԿ-ները բացել-փակելու հետ կապված խնդիր չի տեսնում, ըստ էության, էականն իրենց համար գումար «մուծվելն» էր, որը Կարապետյանն արել է՝ 500 միլիոն դրամի չափով։

Կարապետյանի խնդիրը «Գազպրոմի» հետ է: «Գազպրոմը» թույլտվություն չի տալիս շահագործել դրանք, քանի որ փոխված չեն գազի հաշվիչները։ Դրանք փոխելու նպատակն այն է, որ բացառվի գազագողությունը։ «Գազպրոմ Արմենիային» գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պարզաբանել ԱԳԼՃԿ-ները փակել-բացելու գործընթացը. 
«Երեւան-Երասխ ավտոճանապարհին գործող գազալցակայանները 10․07․2025թ․ կրկին փակվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով քննչական գործողությունների արդյունքում՝ հաշվի առնելով, որ դրանց շահագործումն իրականացվել է նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտմամբ՝ իր մեջ պարունակելով ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 460-րդ հոդվածի 1-ին մասի առերեւույթ հատկանիշներ (Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին, կամ հեռահաղորդակցության, կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը, կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը, կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը):
Գազալցակայանների բացումը կարող է իրականացվել բացառապես գազամատակարարման համակարգերը տեխնիկական եւ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելուց (գազամատակարարման դադարեցման հիմք հանդիսացած տեխնիկական պատճառները վերացնելուց) եւ ընկերությանը պատճառած վնասները հատուցելուց հետո»։

Մեր հարցման պատասխանում «Գազպրոմն» անդրադարձել է նաեւ ՔԿ-ի կողմից ԱԳԼՃԿ-ների շահագործմանը դեմ չլինելու մեր հարցին. «Միաժամանակ անդրադառնալով տեղեկատվությանը, որ «Քննչական կոմիտեն խնդիր չի տեսնում լցակայանները բացելու հետ կապված», հայտնում ենք, որ քննիչը համապատասխան գրությամբ Ընկերությանը եւ գազալցակայաններին հայտնել է, որ առարկություն չունի քրեական վարույթի շրջանակներում ընկերություններին վերադարձվող գազի հաշվիչ սարքավորումները եւ դրանց էլեկտրոնային ճշտիչները սահմանված կարգով տեղադրելու եւ շահագործելու հարցում: Մինչդեռ նշված սարքավորումները վերադարձվելուց հետո տեղադրվել եւ շահագործվել են նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտմամբ։ Այս գործողությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի առերեւույթ հատկանիշներ»։

Հիշեցնենք․ ընդհանուր՝ 36 ԱԳԼՃԿ էր փակվել, հիմնականում` Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Սեփականատերեր Կարապետյանն ու Գեւորգյանը հետախուզման մեջ էին` փախուստի էին դիմել: Արտերկրից նրանք վճարել են նշված 1 միլիարդ 600 հազար դրամը։ Նախապես իրավապահները խոսում էին յուրաքանչյուրից 2 միլիարդ դրամ հարկերից խուսափելու մասին, սակայն, հավանաբար, կոմպրոմիսի են գնացել։ Նշենք, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրօր․ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) եւ 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը): Խոսքը գազի, այսպես կոչված, «լեւի» օգտագործման մասին էր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image