Ինձ թվում է՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը դոզան շատ տվեց: Նիկոլը, պատկերավոր ասած, հասավ «սերվիզին»: Ձեռքն ընկած բանը տալիս է պոլին, ջարդուփշուր անում, թքոտում աջուձախ, էլ ի՜նչ նախագահ, ի՜նչ մեծություն… ՔՊ-ի լեզվով ասած՝ դրել քֆրտում ա…
Ի՞նչ արած, մեծարգո նախագահներ, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Երեւի չէիք պատկերացնում, որ Նիկոլին հեռացնելն ավելի դժվար է լինելու, քան նրան իշխանության բերելը: Խնդրեմ, նա արդեն հայտարարում է, որ դուք Հայաստանը գցել էիք փոսը, իսկ ինքը հազարավոր զոհերի գնով Հայաստանը հանել է փոսից: Սա գիտե՞ք, թե ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե դուք Հայաստանը փոսը գցած չլինեիք, ինքը հազարավոր զոհեր չէր տա՝ Հայաստանը փոսից հանելու համար: Ձեզ, մեծարգո նախագահներ, Նիկոլ Փաշինյանն անվանել է «հաղթանակած նախագահ» հորջորջվողներ: Վստահ եմ՝ կարդացել եք: Բան չունե՞ք ասելու: Ի՞նչ անենք, թողնենք, որ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի անունը գրվի Մելիք Ֆրանգյուլի անվան կողքին եւ վե՞րջ: «Քաք սրտի մխիթարանք», էլի…
Նիկոլն այդպիսի բաներից չի վախենում: Նրա մեջ մարդկային որեւէ բան չկա: Այսպես բշտբշտելով՝ նրան չես ստիպի ամաչել, կարմրել, լեզուն իրեն քաշել, ընդունել սխալները, վերջապես՝ ռադը քաշել, գնալ: Ձեր բուծածն է, եւ դուք ինձնից լավ գիտեք դա: Բայց ամբողջ ցավն այն է, որ այս իրավիճակում ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, ավելի շատ եմ ուզում, որ նա գնա, քան՝ դուք: Ախպեր, դրել՝ բշտբշտում եք՝ դավաճան, Վասակ Սյունի, Վահան Արծրունի, Մելիք Ֆրանգյուլ… Ո՞վ են սրանք: Սրանք Նիկոլի մոտ «հարիֆ» կաշխատեին, եթե այսօր ողջ լինեին: Ասելս այն է, որ ժամավաճառությամբ ենք զբաղված, մեծարգո նախագահներ: Մեկդ պատմությունով եք նրան սպառնում, մեկդ՝ իմպիչմենտով, մեկդ՝ ընտրություններով… Նա այդպես չի գնա: Չե՞ք լսում, արդեն հայտարարում է՝ ապագան այսօր է, ապագան ես եմ, կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ… Ձեզ էլ ցույց է տալիս ԱԱԾ-ի իր նախկին խուցը, թե այնտեղ ձեզ ավելի լավ կզգաք:
Այսպես ասեմ՝ այս իրավիճակից ելք փնտրելու հերթը ձերն է, պարոնայք մեծարգո նախագահներ: Կարող եք համարել, որ սա ոչ թե ես, այլ ժողովուրդն է ասում, այն նույն ժողովուրդը, որ մեր անկախության 30 տարիները վստահել է ձեզ, քայլել ձեր հետեւից, հավատացել ձեզ: Ձախողակի բարբաջանք է Փաշինյանի հայտարարությունը, թե 96-ից այսկողմ դուք ժողովրդի քվեն չեք ունեցել: Փչում է: Ինձ առնվազն հայտնի է, որ 96-ին 21-ամյա Նիկոլը քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Եվ նրա օրինակով՝ շատերը: Ընտրություններ էլի են եղել՝ 1998-ին, 2003-ին. 2008-ին, 2013-ին… Մարդիկ քվեարկել են այս կամ այն կերպ: Այդ ողջ ժամանակաընթացքում տարբեր կառավարություններ են կազմավորվել, պետություն է ամրապնդվել, զարգացում է եղել… Ո՞վ կարող էր մտքի ծայրով անցկացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չեն կամ իրավունք չունեն Հայաստանի անունից բանակցություններ վարել: Դե հիմա համեմատենք… 2018-ից սկսած, քանի՞ նորմալ ընտրություն է տեղի ունեցել Հայաստանում: Բոլոր ընտրություններն են կեղծվել, բոլոր ընտրություններն են եղել արտահերթ՝ սկսած վարչապետի սուտ ընտրություններից եւ վերջացրած գյուղապետերի ընտրություններով: 2021 թվին ժողովուրդը ՔՊ-ին քվե՞ է տվել: Առը հա ՔՊ-ի բախտից: Պետական լծակներն են գործել. ուրիշ ոչ մի գաղտնիք չկա այստեղ, եւ Ձեր, պարոնայք մեծարգո նախագահներ, պառակտվածությունն ու անհամաձայնեցված գործողություններն են նպաստել ՔՊ-ի (Նիկոլի) «հաղթանակին»:
Ի՞նչ անել… Ես շատ փոքր մարդ եմ՝ Ձեզ խորհուրդ տալու համար: Իմը ձեր հետեւից գալն է: Բայց մի խնդրանք, այնուամենայնիվ, ունեմ: Նիկոլին հստակ ասել եք, չէ՞, որ իր հետ բանավիճելու չունեք: Արդ, ուրեմն, մի բանավիճեք: Ուղղակի հասկացրեք նրան, որ պատրաստ եք ժողովրդի հետ քննարկել նրա հեռացման պայմանները: Ուրիշ ոչինչ: Ինքն է կարծեմ ասել, որ կհեռանա եւ կամ կկանգնի գնդակահարության պատի տակ, եթե ժողովուրդը որոշի: Իսկ ժողովուրդն ինչպե՞ս պետք է նման մի հարց որոշի՝ տներում նստած…
ՀԳ. Չնայած Կիմ Չեն Ըն խաղալուն, Փաշինյանը շատ մոտ է հայկական Սահակաշվիլի դառնալուն: