Մինչ այս հարցով Տիգրան Ավինյանին դիմելը կուզենայի, որ Երեւանի բուսաբանական այգու ճակատագրով դեռ 2018 թվականից հետաքրքրվող Ալեն Սիմոնյանը մի քանի խոսք ասեր այն մասին, թե ինչու էին ինքն ու իրեն ամրացված մի խումբ ջահելներ, զաբոռների վրայից թռչելով, հայտնվել բուսաբանական այգում, ինչ էին փնտրում այնտեղ, ինչու էին լուսատեսանկարահանում չջրվող ծառուղիներն ու մացառուտները: Պարոն Սիմոնյան, Դուք պատահաբար տեղյակ չե՞ք, թե ինչպես հենց բուսաբանական այգու պարիսպների հարեւանությամբ բազմաբնակարան շենքերի շինարարության թույլտվություններ տվեցին Երեւանի նախկին ՔՊ-շնիկ քաղաքապետերը, ինչու հետո որոշվեց գրեթե այգու տարածք մխրճված մսամթերքների «Աթենք» գործարանը տեղափոխել ու տեղում նոր բազմաբնակարան շենքեր կառուցել: Ալեն Սիմոնյանը, իհարկե, կարող է ուսերը թոթվել՝ եսի՞մ, ես ոչինչ չգիտեմ: Պարոն Սիմոնյան, ես քայլառաստներից առաջինը քեզ եմ տեսել բուսաբանական այգում, եւ շատ բնական է, որ այս հարցերն առաջինը քեզ ուղղեմ, մեղմ ասած՝ «շուխուր դնողը», այգու համար կուրծք ծեծողը դու էիր:
Իհարկե, կարող եմ դիմել նաեւ ալամ աշխարհի քայլառաստների առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, բայց դրանից օգուտ չկա: Ձեւացնելու է, թե ինքն էշի ականջում քնած՝ Երեւանի բուսաբանական այգին քթի տակից տարան: Նման հարցերում Նիկոլը, բառի բուն իմաստով, «պեշկա» է: Ապացո՞ւյց… Խնդրեմ: Անցյալ օրը գրառում էր կատարել, թե Ծարավ աղբյուրի փողոցում հողամաս են հետ բերել՝ իբր նախկինների վախտ էժան գնով սեփականաշնորհված տարածք: Ծարավ աղբյուրի փողոցը, սիրելի հայրենակիցներ, Աճառյան փողոցից Երեւանի բուսաբանական այգու կողքով ձգվում է մինչեւ Ռուբինյանց փողոց եւ իմ ամեն օրվա ճանապարհն է: Կարո՞ղ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հասցեով նշել, թե որ հողամասն է հետ բերել… չի կարող, որովհետեւ չգիտի: Ինչ գրել-տվել են ձեռքը, այն էլ հրապարակել է: Ու ես հիմա բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ խոսքը կա՛մ «Աթենք» գործարանի, կա՛մ «Արթմեդ» եւ օրթոպեդիկ բժշկական կենտրոնների տարածքների մասին է, որոնք հարում են բուսաբանական այգուն:
Բուսաբանական այգու վրա հարձակումները 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացան: Ձեռնոցի պես այգու տնօրեններ փոխեցին, աշխատակազմը՝ պահակներից բռնած, դարձրին ՔՊ-շնիկ ու անցան այգին ներսից քանդելու գործին: Եվ պետք էր դրա հիմքում այնպիսի զորավոր գաղափարախոսություն դնել, որ ոչ ոք չբողոքեր, բոլորն ըմբռնումով մոտենային տեղի ունեցող ավերմունքին: Գտան նաեւ այդ «գաղափարախոսությունը», թե բա՝ այգու տարածքում «Կյանքի պուրակ» ենք կառուցում՝ ի հիշատակ 44-օրյայում զոհված տղերքի: Թե բա՝ Իտալիայից ու այլ երկրներից 5 հազար ծառ ենք բերել, որ տնկենք այգում: Բեխաբար հանրության հուզմունքին չափ չկար, Նիկոլի ռեյտինգին՝ սահման…
Այգու տարածք շինտեխնիկա մտցնելու պատիվը տրվեց Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ավինյան Տիկոյին: Սա արագացված կարգով մրցույթ անցկացրեց, որտեղ, բնականաբար, հաղթեց ՔՊ-ի հետ փոխկապակցված մի կազմակերպություն եւ իր «քանդիչ» տեխնիկան Ծարավ աղբյուրի փողոցից մտցրեց այգու տարածք: Եթե չեմ սխալվում, 22 թիվն էր… Ծառերի նախճիրը հենց այդ ժամանակից սկսվեց: Սրբեցին նախ՝ «Աթենքին» եւ «Արթմեդին» հարող տարածքները, հետո բարձրացան բլուրը, քանդելով՝ հասան աստիճանների կասկադին, քանդեցին նաեւ դա: Ապա՝ այգու հինավուրց խաչքարը, որ տեղադրված էր կասկադի մուտքին, տարան-կորցրին, անցան այգու միակ զուգարանը քանդելուն: Ու իրենցից գոհ, անցան, այսպես ասած, սարքելուն: Մի քանի ծառուղում բորդյուրներ վերականգնեցին (դրանք արդեն կոտրվել են բեռնատարների անիվների տակ), խիճ լցրեցին՝ հետագայում սալահատակ փռելու նպատակով, բլրի վրա երկու լճի տեղ փորեցին, կասկադում իբր աստիճաններ շարեցին, ջրագծեր ու էլեկտրալարեր քաշեցին եւ, ամենակարեւորը՝ ապագա «կաֆեի» համար շինություն կառուցեցին: Այգու ղեկավարությանը հարցնում եմ՝ սա ի՞նչ շինություն է, չլինի՞ բուսաբանական հետազոտությունների լաբորատորիա է… Ծիծաղում է՝ չէ, սրճարան է լինելու: Սրճարա՞ն, «Կյանքի պուրակում» սրճարա՞ն, երաժշտությո՞ւն, տաշի-տուշի՞, իսկ այգու կենդանական աշխարհի մասին մտածե՞լ եք… Մեր ձեռը բան չկա, համ էլ ասացին՝ «լուռ սրճարան» է լինելու, տխուր երաժշտությամբ…
Որ այգում «տխուր երաժշտություն» էր սկսվելու, ես գիտեի վաղուց, ավելի ստույգ` այն օրվանից, երբ Ավինյանի թեթեւ ձեռքով առաջին էքսկավատորները հայտնվեցին այնտեղ: Այսօր, սակայն, վիճակն ավելի տխուր է, քան կարելի էր սպասել: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլն ինչ «պրիպադկի» մեջ էր ընկել Տավուշի «նորակառույց» դպրոցների զուգարաններում, թե բա՝ զուգարանի ապակին թափանցիկ ա… Քիչ էր մնացել Պետրոսի կնգան գործից հաներ: Նիկոլ, էդ թուրդ միայն Պետրոսի կնգա վրա ես կարողանում թափ տա՞լ: Բա մի հատ Ավինյանի թաթիկը բռնած՝ արի բուսաբանական այգի ու տես, թե ինչ «օրինակելի» զուգարաններ են այստեղ կառուցել՝ ո՛չ թափանցիկ ապակիներ, ո՛չ դուռ, ո՛չ պատ, ո՛չ տանիք… այգու այցելուներն ու շինարարներն իրենց բնական կարիքները հոգում են բացառապես բնական ճանապարհով, այսինքն՝ առաջին պատահած ծառի կամ թփի հետեւում: Լրիվ կոմունիզմ ա… մանկապարտեզների եւ դպրոցների երեխաներին բերում են, որ ծառ ու թուփ տեսնեն, իսկ ծառի կամ թփի հետեւում բրիգադիր Լենդրուշը, շալվարն իջեցրած, իր գործին է: Տո այ Լենդրուշ, դու 100 տարվա բրիգադիր ես, չգիտե՞ս, որ շինարարը որեւէ տարածք կառուցապատելուց առաջ մի հատ «զուգարան» պետք է կառուցապատի: Դա՞ էլ պիտի Նիկոլն ասի: Կամ՝ դու, պարոն Ավինյան, էս ո՞ւմ ես հաղթող ճանաչել քո մրցույթում: Բա որ ես հիմա քեզ, քո Նիկոլին ու բրիգադիր Լենդրուշին բիրիքով դատի տամ՝ այս խայտառակության համար, սխալ կանե՞մ…
ՀԳ. Իսկ ամենատխուրն այն է, սիրելի հայրենակիցներ, որ եթե Ալիեւն իմանա, որ սրանք Երեւանում «Կյանքի պուրակ» են կառուցում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի դեմ կռված եւ հերոսացած հայորդիների հիշատակին, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրի: Դե ասեք՝ ի՞նչ կարող է անել Նիկոլն այդ դեպքում: Բնականաբար, Ավինյանին պետք է կարգադրի՝ փոխել «Կյանքի պուրակի» գաղափարախոսությունը, ասենք՝ այնտեղ կանգնեցնել Հեյդար Ալիեւի արձանը՝ «Կրթվելը նորաձեւ է» գրությամբ:
ՀԳ.1 «Կյանքի պուրակի» շինարարությունն ավարտվելու է 2026թ. աշնանը: Այգին մեկ էլ կանաչելու է մի քանի տասնամյակ հետո: Դուխով: