Հասարակություն

Գյումրվա տրնգի՝ առանց գյումրեցիների

Գյումրվա տրնգի՝ առանց գյումրեցիների

Հետաքրքիր իրավիճակի ենք ականատես: Գյումրու օրվան նվիրված «համաքաղաքային տոնախմբությունից» հետո Հայաստանցիների մեծ մասը չի հավատում, որ բազմամարդ տեսարանները հենց գյումրեցիներն էին ապահովել: Իրենք՝ գյումրեցիներն էլ պնդում են, որ դա սարքովի միջոցառում էր, որին իրենք չեն մասնակցել: Ձրի համերգ, տաշի-տուշի և Նիկոլ… Ըդիկ մերը չէ՝ ասում են գյումրեցիներն ու երդվում, որ անգամ տնից դուրս չեն եկել «Նիկոլի սիֆաթը» տեսնելու կամ Թաթայի «բարձրարվեստ» երգին ականջալուր լինելու համար: Անձամբ ես ներողություն եմ խնդրում իմ սիրելի գյումրեցիներից, որովհետև շտապել էի Թաթայոբվ ու բազմությամբ մի լուսանկար դնել պատիս ու գրել. «Գյումրի ջան, սա մե հադըմ տխուր, բայց անհերքելի փաստ է»: Ներողություն, իմ համով-հոտով, իմ նամուս-թասիբով Գյումրի: Քո օրը ոչ թե զարդարել, այլ մունդռել էր Նիկոլը: Եվ դու դա հասկացել էիր, սիրելի Գյումրի: Այո, հենց մունդռել, որովհետև հնարավոր չէ երգի, թատրոնի, արվեստի ու արհեստի մայրաքաղաքը զարմացնել քաղաքական ձրի համերգով, Թաթա խաղցնելով, պոնչիկ-մոնչիկ լափելով… Երկիրը ծախել՝ Գյումրի քեֆ կենեն, խելքի աշեցեք:

Բայց որ ասում են ձրի համերգ, եկեք տեսնենք, թե դա ինչքանով էր ձրի: Առաջին հարցը Թաթային տանք՝ պարոն Սիմոնյան, քո գրպանից որքա՞ն փող ծախսեցիր ԱՄՆ-ից (՞՞՞) Գյումրի հասնելու համար: Իսկապես հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ արժե Լոս Անջելես- Գյումրի և հակառակ ուղղությամբ ինքնաթիռի տոմսը: Ասում են՝ այս սեզոնին բավականին թանկ է: Գլուխդ անսլուխ-անսլուխ մի թափահարիր, Թաթա, հարց տվեցինք քեզ: Հասկացանք, կոմերցիոն գաղտնիք է… Բայց դու գիտե՞ս, ձրի համերգ տվող Թաթա ջան, թե կազմակերպիչները ինչքան փող են դուրս գրել քո անունով, այսինքն՝ քեզ վրա: Դա էլ չգիտես: Մինչդեռ մեր ֆիննախի հաշվետվություններում դա շատ պարզ երևում է՝ այսքան գումար՝ մաքուր Թաթային, այսքանը՝ բեմին, այսքանը ռեժիսորին, այսքանը լուսավորությանը, այսքանը հրապարակի ձևավորմանը… Վերջ չունի, Թաթա ջան: Չենք զարմանա, եթե այդ ամենը գումարենք իրար և պարզվի՝ Սնուփ Դոգից ավելի թանկ ես նստել մեր հարկատուների վրա:

Սա դեռ միայն Թաթան: Իսկ ՀՀ հպարտ հարկատուների վրա որքա՞ն է նստել Նիկոլը յուր տիկնոջ և դստեր հետ միասին: Ասա՝ արձակուրդի մեջ ես՝ վեր ընկիր տունդ, մնա, ի՞նչ ես հային-չէին քեզ ժուռնալ գցում: Ուզում է ասել՝ իրեն կոտորել է Գյումրիի համար, հիմա էլ չի կարողանում «անտարբեր» մնալ: Ինչո՞ւ էր եկել Գյումրի, գիտե՞ք: Եկել էր ՔՊ-ի կառույցի գործերով, քաղաքապետ են ուզում փոխել… Եվ եկել էր պետական ավտոշարասյունով՝ մե ոռնոցով, մե «ճամփա, ճամփա» գոռալով: Իրենք որ ընկնավոր են, մարդավարի չէին կարող գալ՝ բոլորը պիտի իմանային, որ «Նիգոլն է էգել»: Իսկ հիմա Նիկոլին հարցնենք՝ պարոն Փաշինյան, ի՞նչ արժե քո մեկ այցելությունը Գյումրի, եթե այն վերածենք բենզինի, թիկնազորի հավելյալ աշխատավարձի, ուժեղացված պահպանության, քո ընթացքի պատճառով իրենց բանուգործից ուշացած մարդկանց կրած վնասների: Դա է՞լ է կոմերցիոն գաղտնիք: Թիվ հրապարակեք, վերջապես, չէ՞ որ դա էլ ենք մենք՝ հարկատուներս վճարում:

Թե բա՝ ձրի համերգ… Էդ լուրջ եք ասո՞ւմ: Տիկին Աննա, հլա ականջներդ փակիր… Այ տղա Նիկոլ, մեր օրերում կնիկն իսկի մարդուն ձրի բան չի տալիս, դու էդ ո՞վ դարձար, Խաչատուր Սուքիասյանն ես Ռոքֆելլերն ես, ո՞վ ես, որ մի ամբողջ քաղաքի համար ձրի համերգ տաս: Տո չէ, ի՞նչ ամբողջ քաղաք: Ես ասեմ մի ամբողջ Շիրակի մարզի համար, դուք ասեք՝ Արմավիրը, Արագածոտնը ու Լոռին էլ հետը: Հաշվե՞լ եք, թե ինչքան փող են ծախսել՝ Գյումրի մարդ բերելու համար: Չենք կարծում որ Թաթային լսելու նպատակով «հյուրերն» իրենց ծախսով էին հասել Գյումրի: Այդ գումարներն ինչ-որ տեղ ֆիքսվում են, չէ՞: Բա Նիկոլն իրեն թույլ կտա՞ մեզնից բան թաքցնել: Այս տարվա բյուջեի վերջին կատարողականում մենք կլսենք այդ գումարների մասին, բայց միանգամայն այլ տեողերի ու այլ ծախսերի մեջ: Չկասկածեք, դրանք էլ են դրվել հարկատուների վզին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image