Ինչո՞ւ արտգործնախարարը չի կատարել վարչապետի հանձնարարականը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դեռ չի կայացրել որոշում՝ մասնակցելո՞ւ է ԱԺ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը վարչության նիստ կհրավիրի, եւ նոյեմբերի 12-ին հայտնի կլինի՝ մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ։ Հետաքրքրվեցինք, թե Վլադիմիր Կարապետյանին առաջարկ չի՞ եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ ընդգրկվելու նրա նախընտրական ցուցակում։ «Ո՛չ, չի եղել։ Ոչ էլ Հանրապետական, «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից է եղել նման առաջարկ։

Վլադիմիր Կարապետյանն այն տասը դիվանագետների թվում էր, որոնք 2008թ․ հանդես եկան հայտարարությամբ, միացան Համաժողովրդական շարժմանը, ինչի պատճառով էլ նրանց հեռացրեցին աշխատանքից։ Օրերս ԱԺ-ի հատուկ նիստում, երբ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե ժամանակը չէ՞ այդ մարդկանց իրավունքները վերականգնելու, որպեսզի մեր երկրում դիվանագիտությամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե փոքր եւ միջին բիզնեսմենները կամ նրանց հավասարեցված այլ անձինք, որոնք որեւէ առնչություն չունեն դիվանագիտության հետ։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել էր, որ այդ կապակցությամբ հանձնարարական է տվել արտգործնախարարին, եւ հիմա արտգործնախարարն իր հանձնարարությամբ զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, արդարությունը վերականգնվի։ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքի մեջ է վարչապետի հանձնարարականը։ «Դուք ճի՞շտ հասցեով եք հարցնում։ Վարչապետը, իմ տեղեկություններով, հանձնարարականը տվել էր դեռեւս շատ շուտ։ Վատ չէր լինի, եթե հարցնեիք, թե ինչու ամիսների ընթացքում չի կատարվել հանձնարարականը»,- արձագանքեց ՀԱԿ վարչության անդամը։

Մեկնաբանություն
X