Ստեփան Գրիգորյանին առաջարկ է եղել երկու կուսակցությունից

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ երկու կուսակցություններից ստացել է առաջարկ՝ իրենց ցուցակներում ընդգրկվելու համար։ Թե որ կուսակցություններն են իրեն նման առաջարկ արել՝ Ստեփան Գրիգորյանը չցանկացավ գաղտնազերծել։ «Երբ ես ընտրություն կատարեմ, այդ մասին կհայտարարեմ մոտ օրերս։ Ես չեմ ուզում ասել, թե որ կուսակցություններից է եղել նման առաջարկ, բայց երկուսից ստացել եմ նման առաջարկ»,- մեզ հետ զրույցում նշեց նա։ Հետաքրքրվեցինք, թե իրեն ցուցակների անցողիկ տեղերում են առաջարկել ընդգրկվել։ «Չեմ պատասխանի այդ հարցին» (ծիծաղում է)։ Հարցին, թե ցանկանո՞ւմ է Ստեփան Գրիգորյանը կրկին ընտրվել ԱԺ պատգամավոր, նա անկեղծացավ․ «Ճիշտն ասած՝ տրամադրված չէի, բայց վերջին քաղաքական զարգացումներն ինձ տրամադրեցին, որպեսզի մտածեմ այդ ուղղությամբ»։

Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ ապրիլյան հեղափոխությունից հետո փոխվել է ընդհանուր մթնոլորտը, կան զարգացումներ, բայց մենք պետք է հասկանանք, որ միամիտ է սպասելը համակարգային փոփոխությունների, քանի դեռ մենք չունենք նոր խորհրդարան։ «Կա ընդհանուր մթնոլորտի փոփոխություն, ժողովուրդն ակտիվ է, հետեւում է, թե ինչպես է աշխատում կառավարությունը, քաղաքացիական հասարակությունն է ակտիվ։ Բայց պարզ է, որ պետք է ազատվենք հին խորհդարանից, նոր ընտրություններից հետո կարող են լինել դինամիկ զարգացումներ»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը 1990-95թթ․ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այս տարի, ապրիլյան հեղափոխության օրերին, նա ակտիվ մասնակցում էր շարժմանը, ձերբակալվեց, ազատ արձակվեց։ Ստեփան Գրիգորյանը նաեւ գիրք է հեղինակել՝ «Հայկական թավշյա հեղափոխությունը» վերնագրով։

Մեկնաբանություն
X