Ի պատասխան տիկին Ա.Բախշյանի հրապարակած հոդվածի

Այլևս լռել հնարավոր չէ…

Հարգարժան և իրեն կրթության ջատագով ու նվիրյալ համարող տիկին Բախշյանը մոռանում է մի պարզ ճշմարտություն. ուսուցիչը նախ և առաջ պետք է դասավանդի, տիրապետի իր դասավանդած առարկային, վայելի աշակերտների սերն ու հարգանքը և արժանապատվություն ունենա աշակերտին մասնակից չդարձնելու իր և իր մի բուռ «համախոհների» կողմից դպրոցի գործընթացը խաթարող գործողություններին:

Հետաքրքիր է՝ տիկին Բախշյանը, որը այն «հալածված» և «խեղճ» ուսմասվարի «մերձավորներից» մեկի՝ պարոն Սամվել Ղուլյանի մտերիմն է/ իր իսկ խոսքերից/ , ո՞ր օրենքի կետի կամ ենթակետի տակ կտեղավորի բացարձակ պարապուրդի մատնված ուսմասվարի «գործունեությունը»:

Իսկ, հետաքրքիր է, ո՞ր օրենքի ենթակետերով է հնարավոր աշակերտից խլել սերն ու հարգանքը տնօրենի և մյուս ուսուցիչների նկատմամբ:

Ի՞նչ է, եթե տիկին Բախշյանը մտերիմ է տիկին Բաղրամյանի և նրան հարող մի քանիսի հետ, ուրեմն կարող է ազատորեն, վկայակոչելով դատախազին և ԿԳ նախարարությանը, պախարակել դպրոցն ու տնօրենին:

Շատ մտահոգ մեկը կմտներ դպրոց, կվերցներ դասամատյանները կամ կմտներ այն դասարան, որտեղ «դասավանդում է» տիկին Բաղրամյանը և միանգամից պատկերացում կկազմեր թե՛ նրա, թե՛ նրան հարող ուսուցիչների մասին:

Առանց այն էլ արդեն երկու ամիս է տիկին Բաղրամյանը զբաղված է միայն լրատվամիջոցներ ահազանգելով իր «հալածյալ» վիճակի մասին:

Արդեն երկու ամիս է՝ աշակերտները խնդիր ունեն նրա հետ, և խնդիրը գնալով բարդանում է: Հացադուլով ու գործադուլով սպառնացող փոխտնօրենը մի անգամ արդեն ծնողների երեք բողոք-դիմումի հիման վրա հեռացվել է մի դասարանից, որտեղ դասավանդում էր: Այսօր էլ դասավանդում է հոսքային դասարանում, որտեղ նրա դասավանդած առարկաները՝ հանրահաշիվ և երկրաչափություն, առաջնային են: Սակայն ամենօրյա 15-20 րոպե ուշացումով մտնելը, պատեհ-անպատեհ առիթով դասարանից դուրս գալը, ոչ լիարժեք գիտելիքներ տալը, սովորողներին վիրավորելը, դասարանից դուրս հանելը, և, որ ամենակարևորն է, սովորողների հետ ունեցած խաթարված փոխհարաբերությունը, անհանդուրժողականության ու անվստահության մթնոլորտը, ստեղծել են բարդ և անելանելի վիճակ:

Իսկ տեղյա՞կ է արդյոք դատախազը կամ ԿԳ նախարարությունը, որ տիկին Բաղրամյանը ինքն է վիրավորում աշակերտներին իրենց իսկ կազմակերպած գործադուլին չմիանալու համար:

Շատ հեշտ է և դյուրին մեջբերել կետեր օրենքներից, սահմանադրությունից՝ չիմանալով հարցի էությունը: Հենց տիկին Բաղրամյանի մտերիմներից մեկը՝ պարոն Սարդարյանը, դեռևս տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացների հաճախելու առաջին իսկ օրերից հայտարարել էր նոր ուստարում արդեն ինքն իրեն «նորընտիր տնօրեն» նշանակելու մասին:

Մենք՝ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և հաստատակամորեն հայտարարում՝ տիկին Բաղրամյանը և նրա նմանները գործ չունեն դպրոցում: Նրանք խաթարում են բնականոն աշխատանքը, զբաղվում են զրպարտությամբ, սադրանքներով և ձախողված գործադուլներով:

Տիկին Բաղրամյանի նման գործելաոճը գալիս է խոր անցյալից: Դա նրա ձեռագիրն է :

Տիկին Բաղրամյանին, որի բոլոր օրենքներով պաշտպանն ու սատարն է տիկին Բախշանը, դպրոցի գործը չի վերաբերում, քանի որ նոր բանսարկություններ, նոր զրպարտություններ պրպտեուլ, գտնելու, ոստիկանությանը և նախարարությանը դիմելու մոլուցքը տիկին Բաղրամյանին շեղել են իր իսկ բուն գործունեությունից, ինչին քաջատեղյակ է նաև Կրթության և գիտության նախարարությունը:

Չմոռանանք նաև, որ հենց նույն «Առավոտ»-ից ենք տեղեկացել տիկին Բաղրամյանի նախորդ դպրոցում իրականացրած մութ և կասկածելի գործունեությանը. մասնավորապես թիվ 68 դպրոցում երկու տնօրենների հետ համատեղ աշխատելու ժամանակահատվածում իրականացրել է նույնաբովանդակ գործունեություն, որին նույնպես ներքաշել է նույն դպրոցի մի քանի ուսուցչի, ինչին նույնպես հետևել է՝ ոստիկանությանը դիմում-բողոքներ ուղելով և մեղադրելով թիվ 68 դպրոցի տնօրինությանը և մյուսներին իրականացրած «չարաշահումների» և այլնի մեջ: Այս ամենը բոլորիս մոտ մի կարևոր հարց է առաջացնում, թե երբ է տիկին Բաղրամյանը հասցրել իրականացնել մանկավարժական իր բուն գործունեությունը, երբ նրա ողջ ժամանակն ու ջանքները մշտապես ուղղված են եղել իրավապահ մարմիններին դիմում-բողոքներ գրելով, տարբեր լրատվամիջոցներին հոդվածներ պատվիրելով: Ինչքանով որ մենք ենք իրազեկված հարգելի տիկին Բախշյանը տարիներ առաջ թիվ 68 դպրոցում նույնպես նախնական փուլում ներգրավված է եղել տիկին Բաղրամյանին պաշտպանելու գործում: Այս ամենին անրադառնալով և ուսումնասիրելով տիկին Բաղրամյանի աշխատանքային գործունեությունը՝ հանգում ենք մի եզրահանգման, որ վերջինիս համար չգտնվեց մի տնօրեն, որին նա չմեղադրեր տարբեր իրավախախտումների մեջ, չգտնվեց մի կոլեկտիվ, որից նա վերջում չհեռանար «կռվով, դատ ու դատաստանով»: Դե իսկ այն ուսուցիչները, ովքեր հարում են տիկին Բաղրամյանին, ելնելով իրենց իսկ անձնական շահերից, դառնում են տիկին Բաղրամյանի համար ամենաազնիվ և ամենաբարո մարդիկ, քանի որ իր վերաբերմունքը կոլեկտիվի հանդեպ բխում է միմիայն իր սուբյեկտիվ որակավորումներից:

Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչներ

Մեկնաբանություն
X