Սկանդալ․ նախագահը լրագրողին անվանել է «ժողովրդի թշնամի»

Սպիտակ տունը հետ է կանչել CNN հեռուստաընկերության՝ ԱՄՆ նախագահի ընթացիկ գործունեությունը լուսաբանելու հետ կապված հավատարմագիրը։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը՝ պարզաբանելով, որ պատճառը հեռուստաընկերության լրագրողի եւ նախագահի վիճաբանությունն է եղել բրիֆինգի ժամանակ։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը պարզաբանել է, որ խոսքը լրագրող Ջիմ Ակոստայի եւ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի ունեցած վիճաբանությանն է վերաբերում։

Միգրանտների քարավանի մասին հարցին անդրադառնալով՝ Թրամփը այն որակել է որպես արշավ եւ ասել, որ հարկ է, որ միգրանտները օրինական ճանապարհով մուտք գործեն երկիր։ Ակոստան էլ հակադարձել է, որ միգրանտները դեռ հարյուրավոր մղոններ հեռու են եւ չի կարելի այն արշավ որակել։ «Եթե անկեղծ, դուք պետք է թույլ տաք, որ ես ղեկավարեմ երկիրը, իսկ դուք՝ CNN-ը»,- ասել է Թրամփը եւ արգելել լրագրողին այլեւս հարցեր տալ։ Սպիտակ տան աշխատակցուհի Սառա Հաքաբին փորձել է վերցնել միկրոֆոնը, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալ, առաջացնելով Թրամփի զայրույթը։ «CNN-ի համար պետք է ամոթալի լինի, որ ձեր նման աշխատակից ունի։ Սարսափելի է, թե ինչպես եք դուք վարվում Հաքաբիի հետ։ Սարսափելի է, թե ինչպես եք դուք վարվում այլ մարդկանց հետ։ Երբ դուք կեղծ լուրեր եք հաղորդում, դուք ժողովրդի թշնամի եք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Սառա Սանդերսն էլ իր հերթին պարզաբանել է, որ ԱՄՆ վարչակազմը հավատում է խոսքի ազատությանը, սակայն չի հաշտվի իր աշխատակիցների հետ վիրավորական վերաբերմունքի հետ։

Մեկնաբանություն
X