«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը կարդալիս մտքումս ժողովրդով լի փողոցներն էին․ Փաշինյանի դուստր

>

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստր Շուշան Փաշինյանն իր բլոգում անդրադարձել է «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքին, որը կարդացել է «Հայկական Հեղափոխություն» նախագծի շրջանակում․

«Հետ դեպի Հայկական Հեղափոխություն

Վերջերս «Հայկական Հեղափոխություն» նախագծով սկսեցինք կարդալ Ստեփան Գրիգորյանի գիրքը, որը վերնագրված է «Հայկական թավշյա հեղափոխություն»: Ինձ գիրքը շատ դուր եկավ, բայց կարծում եմ, որ այն կարող էր ավելի լավը լինել։ Ինձ թվում է՝ հեղինակը շատ քիչ է արտահայտել իր կարծիքը, իսկ մնացածը ինձ շատ դուր եկավ: Ես կուզեի մանրամասն կարդալ Ստեփան Գրիգորյանի կարծիքը հեղափոխության մասին:

Նախ՝ ինձ շատ դուր եկավ գրքի կազմի տեսքը, այն իսկապես շատ գեղեցիկ էր: Ինձ ավելի շատ հետաքրքրեց գրքի երկրորդ մասը, քանի որ ավելի մանրամասն և տպավորիչ էր ամեն ինչ ներկայացված: Հեղինակը գրքի մեջ ներկայացրել էր այն ամենակարևոր փաստերը, որը ինձ, և կարծում եմ՝ բոլորին, շատ հետաքրքիր են: Ներկայացված էին քաղաքական գործիչների ամենակարևոր հայտարարությունները, հարցերը և պատասխանները, որոնք, ըստ իս, շատ մեծ դեր ունեցան հեղափոխության ընթացքում: Ես դեռևս թավշյա հեղափոխության բոլոր մանրամասները չգիտեի, բայց գիրքը կարդալուց հետո շատ բան իմացա և ավելի խորը հասկացա, թե ինչպիսի հաղթանակ տարանք մենք՝ հայերս: Երբեմն գրքի հուզիչ տողերը կարդալիս դեմքիս մեղմ ժպիտ էր առաջանում… Ինձ գրքում շատ գրավեց նաև այն, որ գրեթե բոլոր էջերում կային շատ գեղեցիկ լուսանկարներ թավշյա հեղափոխությունից, և առավել ուշագրավ էր այն, որ հեղինակը իր վերնագրերն էր դրել այդ հիասքանչ տեսարաններին… Կարդալու ընթացքում նկարները տեսնելիս կանգ էի առնում, մի քանի րոպե նայում այդ գեղեցիկ նկարներին և հիշում հեղափոխության շունչը…

Արդեն մոտավոր պատկերացնում եմ, թե ինչպիսին է Ստեփան Գրիգորյանը: Ըստ իս նա շատ ջերմ, խիստ և հետաքրքրասեր մարդ է: Սիրում է կիսել իր մտքերը մարդկանց հետ և սիրում է լսել մարդկանց մտքերը: Շատ կուզեմ հանդիպել նրա հետ և հասկանալ՝ ճիշտ եմ կարծում, թե ոչ: Իմ կարծիքով նա շատ լավ մարդ է: Կուզեմ զրուցել նրա հետ…

Գիրքը, կրկնում եմ, ինձ շատ դուր եկավ: Կարդալիս մտքումս միայն հեղափոխության՝ ժողովրդով լի փողոցներն էին, հայ մարդկանց դեմքի ժպիտները, փողոցի աշխույժ ձայները և այն ամենը, ինչ տեղի էր ունենում սիրո, համերաշխության, թավշյա հեղափոխության ընթացքում…»։

Մեկնաբանություն
X