Երեսունյոթերորդ սյան խորհուրդը

Հին՝ խորհրդային, դեռ անվտանգ, դեռ հզոր-միասնական երկրի եւ էթնիկ ուծացման սպառնալիքի դեմ գերազանցապես անտարբեր ժամանակներում Մերուժան Տեր-Գուլանյանին Զվարթնոցի կործանումը ներկայացել էր ոչ իբրեւ բնական արհավիրքի, այլ ներքին անպատասխանատվության հետեւանք՝ որպես թե երեսունվեց սյուներից յուրաքանչյուրին թվացել է, թե տաճարի ծանրությունն իր վրա չէ, մյուսի ուսերին է, այդ մեկն էլ հույսը դրել է երրորդի վրա եւ հոյակերտ կառույցն այդպես է փլվել, վերածվել շքեղ բեկորների, որ առանձին-առանձին արժանի են հիացմունքի, բայց ընդհանրությունը վերականգնել հնարավոր չէ՝ մնում է դառը խոկմամբ ափսոսալ եւ «ավաղ»-ներ ասել: Երեւի թե մտքին Հայրենիքի կորուսյալ փառքի հիշատակն է եղել, գրաքննությունից գրողաբար խուսափել եւ ընթերցողի ճանաչողականությանն է թողել՝ ինչպես կհասկանա կամ առհասարակ կհասկանա՞ երեսունվեց սյուների խորհուրդը:

Ժամանակներ են փոխվել, եղել է Արցախյան պոռթկում, երկրաշարժ եւ պատերազմ, Հայրենիքի անկախացում եւ արժանապատվության վերագտնում: Այդ Ժամանակի կերտողներից մեկն էլ Մերուժան Տեր-Գուլանյանն է, բայց գրողի վեցերորդ զգայարանը նրան վերադարձրել է իր մշտական տագնապներին, եւ էսսեների գրքում («Անհայտի սահմանը» Երեւան, «Տիր» 2018թ.) նա վերստին հիշեցնում է Զվարթնոցի խորտակման իր կռահումը եւ անդրադարձում, թե Այսօրվա հայ զինվորներից յուրաքանչյուրն իր ուսերից բաց չի թողնելու Հայրենիքի համար պատասխանատվության բեռը, իսկ ես հիշում եմ 1992թ. դեկտեմբերյան ցրտաշունչ-սառնամանիքոտ օրը՝ Երասխավանի պաշտպանության դիրքերում, ուր ինքը Նախիջեւանի իշխանության ներկայացուցչի հետ ոտքի վրա, բայց շատ ծանր բանակցություններ էր վարում՝ հանուն Հայաստանի եւ Արցախի, որպեսզի կարողանա փաստաթղթավորել հայկական զինուժի ներկայությունը Գայլի դրունք բարձունքներում՝ գրեթե Սադարակին կպած եւ կարողանում էր հիմնավորել եւ համոզել: Այդ պահին ունե՞ր երեսունվեց սյուների խորհրդի զգացողություն: Անպայմա՜ն: Որովհետեւ Հայրենիքը նրան լիազորել էր պայմանավորվածության տեսքի բերել այն, ինչ ամիսներ առաջ ծանր մարտերի գնով իրականացրել էին կամավորական մեր ուժերը՝ բիբլիական Արարատի լուսե պատկերի դեմ-հանդիման:

Արարատը ձյունամած էր, դաշտի վրա մոլեգնում էր քամին, մեքենայի ծածկոցի վրա մեկը պահում էր համաձայնագրի թղթերը, ինքը սառած մատներով գրողի եւ պետական գործչի ստորագրությունն էր դնում իրականության վավերագրի տակ, եւ հետո խմած կոնյակը մեր մեջ խայտում էր այնպես, ասես Ավարայրում հաղթել էինք կամ Կարսի դաժան պայմանագիրն էինք չեղյալ ճանաչել: Երկրի ամբարները դատարկ էին, ճամփաները՝ փակ, քաղաքի փողոցները՝ ձյունախեղդ, մարդիկ՝ ուրվականակերպ, Ինքը Երեւան էր վերադառնում հպարտ: Որովհետեւ Հայրենիքի երեսունվեց սյուներից ամեն մեկն իր բաժին ծանրությունը կրում էր թիապարտի համբերությամբ եւ պայծառ հավատով, որ Գալիք մի օր Արարատյան դաշտում, ինչքան էլ ձմեռը սառնամանաիքոտ լինի, ծաղկելու է գանգուր ծիրանուտը: Գրողի իր Ժամանակն ու իրականությունը մեկտեղվել էին, եւ դա բոլորիս աստեղային ժամն էր: Եւ հիմա ինչու՞ է հիշել եւ հիշեցրել երեսունվեց սյուների խորհուրդը: Երեւի տագնապ ունի, թե իրականությունը փախչում է գրողի իր Ժամանակից: Այդպես եմ հասկանում, որ էսսեների այդ տասնամյա շարքը գրվել է հավատով, որ կյանքն, այնուամենայնիվ, Արարատի պայծառ հայացքի ներքո չի հեռանում իր աստեղային ժամից: Կամ՝ չպիտի հեռնա: Այլապես դարձյալ «ավաղ»-ներ պիտի ասենք:

Բայց դա կլինի բոլորիս եւ ամեն ինչի վերջնական խորտակումը, եւ Զվարթնոցը վերջնականապես օտար հայացքի դեմ կվերածվի անիմաստ քարաբեկորների: Ահա այդ տագնապով է գրվել էսսեների շարքը: Եւ հին, արդեն շա՜տ անցյալ ժամանակներից իրականության դեմ-հանդիման կանգնում է հեղինակի՝ հավերժ հավատացողի մաքուր կերպարը՝ որպես Հայրանիք պահող երեսունյոթերորդ սյան մարմնավորում: Որպես թե՝ ես եմ Ժամանակի ահազանգը եւ միշտ հիշեցնելու եմ մեր ներսի Էությունը: Երանի՜ նրան, որ հավատում եւ հավատացնում է, որ մեր Զվարթնոցը խորտակված չէ եւ տեսքի է գալու իբրեւ ազատ, անկախ եւ միասնական Հայրենիք:

Մեկնաբանություն
X