Կյանքս կտամ հայրենիքիս համար

Տաքսիստները մեր հասարակության ամենաշփվող, ամենախոսքաշեն ու ամենախոսքքաշող մարդիկ են։ Նրանք նաեւ լավ սոցիոլոգներ են ու հանրային կարծիքի ուսումնասիրմամբ, կարելի է ասել, գրեթե պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող անձինք։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ սոցիոլոգիան մեզանում այդպես էլ՝ որպես գիտություն, չի կայանում։ Հերթական «սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա եւ նիհիլիստ» տաքսիստը 30-ամյա համակրելի երիտասարդ է, զարմանալի գրագետ՝ դատելով մտքերը ձեւակերպելու ունակությունից եւ օգտագործած բառամթերքից։

Ոչ միայն դատողություններ է անում նախկին ու ներկա իշխանությունների, հեղափոխության եւ երկրի ապագայի մասին, այլեւ հայտարարում է, որ ո՛չ անձնագիր ունի, ո՛չ վարորդական վկայական՝ ապրում է ազատ մարդու կյանքով։ Ասում է, որ տաքսի վարելու լիցենզիա էլ չունի եւ հարկ չի վճարում, ու բացատրում է․ «Վճարեմ, որ հայտնի չի ուր գնան դժվարությամբ աշխատածս փողե՞րը»։ Այն, ինչ կատարվում է երկրում վերջին 6 ամիսներին, նա թատրոն է կոչում եւ իր ուրույն տեսակետն ունի այդ ամենի մասին։ «Չեմ հավատում, չեմ տեսնում տարբերություն, լավ բան չեմ սպասում»,- բացատրում է նա։

Ասում է, որ ուսումը կիսատ է թողել, ապա ամեն ինչ փորձել է, աշխատանքից չի վախենում եւ կարող է ամեն ինչ անել։ Ոչ մի կոմպլեքս չունի, եւ մեծ համարձակություն կա խոսքերում, որ այս սերնդին բնորոշ լավագույն որակն է։ Արդեն մտքումս ուզում եմ պիտակավորել՝ «պոռոտախոս, մեծամիտ, ամբարտավան ջահել», բայց վերջին պահին սթափվում եմ՝ լսելով մի տարօրինակ արտահայտություն, որը բոլորովին չէի սպասում լսել նրանից։ Ասում է․ «Աշխարհում ամենաշատը ծնողներիս ու հայրենիքս եմ սիրում, մի վայրկյան չեմ տատանվի՝ կյանքս հայրենիքիս համար տալ, եթե կռիվ եղավ, առաջինն եմ սահման գնալու»։

Մեկնաբանություն
X