Հինգ ամսվա ընթացքում որեւէ խոչընդոտ կամ միջամտություն Գագիկ Ծառուկյանի կողմից չի եղել մարզում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կառաջադրվի առաջիկա ընտրույթուններում ռեյտինգային ընտրակարգով։ Նրա հետ կառաջադրվի նաև ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Քաղաքական որոշման արդյունքում ես եւ պարոն Միքայելյանը կանք այդ ցուցակում։ Երկուսս հստակ առաջադրվելու ենք, մյուսների մասով դեռեւս վարչությունը պետք է քննարկի առաջիկա օրերին եւ որոշում կայացնենք»,-ասաց մարզպետը։

Ինչ վերաբերում է նրան, որ ինքն այսօր վարչական ռեսուրսների է տիրապետում, ինչպե՞ս է դրանք տնօրինելու ընտրություններին, մարզպետն ասաց․ «Բացարձակ չեմ չարաշահելու վարչական ռեսուրսը, սա ասում եմ բացարձակ պատասխանատու կերպով, իսկ դպրոցի տնօրենի նկատմամբ, որը հայտնի ձայնագրությունում մարդիկ էր բերում, կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը՝ գրավոր խիստ նկատողությունը, դրա արդյունքում եւս մեկ անգամ բոլոր 90 հիմնական եւ միջնակարգ դպրոցները զգուշացվել են, որ որեւէ կերպ որեւէ քաղաքական ուժի, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չփորձեն արջի ծառայություններ մատուցել»։

Նա նաև ասաց, որ մարզում մեծ ազդեցություն ունեցող ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը մարզի կառավարմանը չեն միջամտում։ «5 ամսվա ընթացքում իմ լիազորություններն իրականացնելիս որեւէ խոչընդոտի, որեւէ կաշկանդումի որեւէ միջամտության փորձ ԲՀԿ–ի կամ Գագիկ Ծառուկյանի կողմից չի եղել մարզում։ Մարզի քաղաքական, իրավական, տնտեսական բարեփոխումները, խորքային գործընթացների մասով որոշումները բացառապես կայացվել են իմ կողմից եւ իրացվել են մեր քաղաքական թիմի կողմից»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X