«Փաստ». Խաչատուրովի հետկանչն ու Հայաստանի իրական անելիքը ՀԱՊԿ-ում

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1–ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաեւ հայ–ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլեւս կայացած փաստ է:

Այժմ արդեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ու դրա նոր ղեկավարի հարցը, որը դարձել է հերթական ներքաղաքական ու նաեւ արտաքին քաղաքական քննարկումների տեղիք:

Ռուսական ԶԼՄ–ներում արդեն հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասել է թե՝ Բելառուսն է ստանձնելու ՀԱՊԿ քարտուղարության մանդատը: Հայկական մամուլում էլ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է Հայաստանն այլ թեկնածու առաջադրի այդ պաշտոնում, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին:

Հեշտ ընտրություն, ըստ ամենայնի, չի սպասվում, հաշվի առնելով թե՛ քաղաքական որոշակի իրողություններ, թե՛ դիվանագիտական որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական է, որ օբյեկտիվորեն առկա խնդիրներին զուգահեռ այս թեման ունի նաեւ մի շարք սուբյեկտիվ, տեղ–տեղ չափազանցված մեկնաբանություններ:

Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը Հայաստանի համար էական դեր խաղալ չէր կարող: Սիմվոլիկ դեր գուցե կարող էր: Բայց իրականության մեջ, անկախ նրանից՝ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչը, թե մեկ այլ ոք, այդ կառույցի քաղաքականության թելադրողը ռուսական կողմն է:

Հետեւաբար, Հայաստանի խնդիրը, Հայաստանի նոր իշխանությունների խնդիրը ոչ թե նմանատիպ կառույցներում ղեկավար պորտֆելներ կորզելն է կամ ամեն գնով այդ պորտֆելները չկորցնելը, այլ ռեալ քաղաքական ազդեցության մեծացումն է, որի առկայության պարագայում միայն նմանատիպ կառույցներում հնարավոր կլինի գեներացնել մեր շահերը:

Եթե այդ ազդեցությունը լինի բավարար, ապա անկախ նրանից, թե նման միավորումներում ովքեր են ղեկավար պաշտոնների, Հայաստանի շահերը միանշանակ հաշվի կառնվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունների հաճախակի դրսեւորվող դիվանագիտական անփութության ու արտաքին քաղաքականության մեջ նկատվող ինքնաբավ անհոգության դրսեւորումները մտահոգիչ չեն: Միանշանակ մտահոգիչ են, բայց ոչ այնքան, որքան բուտաֆորիա հանդիսացող սիմվոլիկ մանդատներ ունենալու ձգտումը, որոնք ռեալ քաղաքականության իմաստով որեւէ որոշիչ նշանակություն չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X