Թատրոնում վախի մթնոլորտ են ստեղծել ու մարդկանց անտեղի ազատում են գործից

Հարցազրույց բեմադրիչ Տիգրան Գասպարյանի հետ․

-Պարոն Գասպարյան, մինչեւ Արմեն Էլբակյանի թատրոն գալը Դուք զբաղեցնում էիք Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը, հիմա ի՞նչ կարգավիճակում եք թատրոնում։

-Հիմա ուղղակի բեմադրիչ եմ, բայց ամբողջ հարցն այն է, որ ես թատրոնում դեռ գլխավոր ռեժիսոր էի, երբ Արմեն Էլբակյանին 3 տարի առաջ բերեցին որպես գեղարվեստական ղեկավար։ Դա մի քիչ անգրագիտություն էր, որովհետեւ գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը նույն բանն են։ Դեռ այն ժամանակ եթերով էլ ասվեց, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դավիթ Հարությունյանն է (Հովիկ Աբրահամյանի աշխատակազմի ղեկավարը) նրան բերել թատրոն։ Երբ մշակույթի նախկին փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց Էլբակյանին, մի ծիծաղելի ֆրազ ասաց՝ թատրոնում ամեն ինչ շատ լավ է, բայց ուզում ենք ավելի լավ լինի՝ ասելով, որ թատրոնում ամեն ինչ նույնն է մնում, ուղղակի բերում ենք գեղղեկավար։ Հետո Արմեն Էլբակյանն ու թատրոնի նախկին տնօրեն Ստեփան Դավթյանը, ով իր նկատառումներն ուներ՝ ինձնից ոխ հանելու, կառուցվածքի փոփոխություն արեցին եւ գլխավոր ռեժիսորի հաստիքը սարքեցին ուղղակի ռեժիսորի հաստիք, որը պայմանավորվածության խախտում էր։

-Իսկ այն ժամանակ ինչո՞ւ չեք բարձրաձայնել, հատկապես որ կամային որոշում է ընդունվել։

-Ես այն ժամանակ գնացի Արմեն Ամիրյանի մոտ, նա էլ, թե՝ մենք գտանք, որ 2 ղեկավար պետք չէ նույն թատրոնում։ Բա որ 2 ղեկավար պետք չէր, ու թատրոնում ամեն ինչ շատ լավ էր, ինչո՞ւ բերեցիք Էլբակյանին։

-Այս ընթացքում, արդեն որպես ռեժիսոր՝ ի՞նչ բեմադրություններ եք արել։

-Որեւէ բեմադրություն այս ընթացքում չեմ արել, որովհետեւ արդեն 4-րդ տարին է՝ սպասում եմ, որ Արմեն Էլբակյանը կբարեհաճի ինձ ասել՝ արի բեմադրությունդ արա։ Իսկ ես ուզում եմ անել, մի քանի գործի անուն եմ տվել, դա՝ դեռ նոր բեմադրությունների մասին, էլ չեմ ասում իմ հին ներկայացումների մասին, որոնք տարին մեկ դնում են ու փակում։ Բացառություն էր միայն այս հոկտեմբեր ամիսը, երբ իմ ներկայացումներից 3-ը դրեցին՝ գուցե թե, խոսակցություններով պայմանավորված։ Իսկ, առհասարակ, ինքը միայն իր ներկայացումներն է առաջ տանում, նայում ես աֆիշներին, բոլոր 5-ն էլ իր ներկայացումների աֆիշներն են։ Կարծես գոյություն չունեն այլ ներկայացումներ՝ «Ոտքի, դատարանն է գալիս», «100 տարի անց»-ը, որ տարբեր երկրներով շրջագայել է, «Ջոն արքա»-ի մասին ընդհանրապես խոսք չկա, ու դա այն դեպքում, երբ Անգլիայի «Գլոբ» թատրոնի գեղղեկավարն ի լուր բոլորի ասաց՝ սա դաս էր մեզ համար։

-Ինչո՞վ եք բացատրում այդ վերաբերմունքը՝ մասնագիտական մրցակցությո՞ւն, թե՞ այլ խնդիրներ էլ են եղել։

-Որեւէ խնդիր իր հետ կապված չի եղել, կարծում եմ՝ մասնագիտական հողի վրա, մարդն ի վերջո տեսնում է իր խայտառակ ներկայացումները՝ լինի դա «Պեպո»-ն, թե այդ ծիծաղաշարժ «Մեծապատիվ մուրացկանները»։

-Իսկ ինչո՞ւ այդ «խայտառակ» ներկայացումների մասին չի գրվում։

-Մինչեւ այս իշխանափոխությունը կարելի էր հասկանալ, բայց հիմա ես էլ չգիտեմ, թե ինչու չի գրվում։ Թատրոնի ներսում կարողացել են վախի մթնոլորտ ստեղծել, մարդկանց անտեղի հանել գործից, բայց թե թատրոնից դուրս ինչու է վախի մթնոլորտ, չգիտեմ, թեպետ Սոնա Մելոյանը գրել էր «Մեծապատիվ մուրացկանների» մասին։

-Այդ վախի մթնոլորտն ինչո՞վ կամ ումո՞վ է պայմանավորված, նոր տնօրենո՞վ, գեղղեկավարո՞վ։

-Երկուսով։ Օրինակ բերեմ․ գրիմանոցում դերասանուհիներից 4-5 հոգի Ֆեյսբուքով մտնում են ուղիղ եթեր ու սկսում կատակներ անել, բռնում են՝ 5-ին էլ նկատողություն են տալիս։ Մենակ Արմեն, Աննա, Լիլի Էլբակյաններ․ Լիլի էլբակյանը ներկայացում է արել՝ «Սառցե սիրտը», որտեղ ուղղակի մուլտն էկրանից վերցրել՝ դրել է բեմի վրա։ Ամոթ է, չի կարելի նման բաներ անել։ Իսկ Աննա Էլբակյանի ձայնը մեծ բեմերի համար չէ, ինքը շնորհքով, տաղանդավոր դերսանուհի է, բայց մեծ բեմի համար չէ, որովհետեւ ձայնը հազիվ է դուրս գալիս։ Լավ, դա չե՞ք տեսնում, որ միայն Աննա Էլբակյան, ինչքա՞ն կարելի է։ Իսկ Նելլի Խերանյանի նման դերասանուհիները պարապուրդի են մատնված։ Հա՛մ ինքդ էդպես անես, հա՛մ էլ ասես՝ «գետտո» չսարքե՞նք թատրոնը։

-Նկատողություններ տալը, աշխատանքից ազատելը ենթադրո՞ւմ են, որ տեղ են բացում իրենց կադրերի համար։ Կա՞ նման միտում։

-Իհարկե կա, օրինակ, բերել են իրենց մարդկանց՝ երիտասարդ դերասանների, որոնք, ըստ իս, այդ բեմի համար չեն, իսկ ես 35 տարի է՝ այդ թատրոնում եմ։ Մի քիչ պետք է իմանալ այդ բեմը, դրա հյուսիսն ու հարավը։ Էլ չասեմ, որ աշխատավարձի գծով հաշվապահին՝ Ալլային արդեն 7-8 ամիս է՝ գործառույթներից զրկել է, իսկ նրա փոխարեն բերել է իր մոտ բարեկամուհուն, որը միայն ընդունվելուց հետո է հաշվապահական կուրսեր անցել, բայց նախկին հաշվապահից ավել է ստանում։ Աշխատանքից ազատել է մի բարեխիղճ պահակի եւ պահակապետին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մովսիսյանին, ով, սակայն, դատի էր տվել եւ դատը շահել է, թեեւ նրանք դիմել են վերաքննիչ։ Հրամանով ազատեց դերասանուհի Անի Միքայելյանին՝ զուտ նրա համար, որ պակլոնի չի մասնակցել եւ հրաժարվել է մի բուտաֆորիկ դեր խաղալ, այն դեպքում, որ շատ դերասաններ կան, ովքեր հրաժարվում են շատ եւ շատ դերերից։ Լավագույն տնտեսագետներից մեկը՝ Լուսինեն, 7 ամիս զրկված է եղել ամեն ինչից, ոչնչով չի զբաղվել, եւ նրա փոխարեն բերել է դրսից մեկին, այս աղջիկն էլ, ի վերջո, մի 10 օր առաջ դիմում գրեց ու հեռացավ։ Գլխավոր ադմինիստրատորին՝ Մարիամին էլ կանչել ասել է՝ դիմում գրի գնա, առանց որեւիցե հիմնավորման, սա էլ ասել է՝ չեմ գնում։ 20 տարի շարունակ թատրոնն ունեցել է 2 փոխտնօրեն, նոր տնօրենը եկավ, ու 2-ը դարձավ 3 փոխտնօրեն, 3 խորհրդական, մի հոգի էլ՝ օգնական, այսինքն՝ իրեն կցված 7 մարդ։ Էլ չասեմ, որ թատրոնում կա 3 իրավաբան, 4-րդին էլ ընդունեց ժամանակավոր՝ 6 ամսով։ Երբ նշանակվեցի, ես եւ Արմեն Մարությանը վերաբացեցինք թատրոնի ստուդիան, որը շատ վաղուց է գործել, ու հանկարծ Արմեն Էլբակյանը որոշում է, որ ես դաս չպիտի տամ իմ հիմնած ստուդիայում։ Էն ժամանակ դեռ Հասմիկ Պողոսյանն էր, որը զանգել՝ «հաթաթա» էր տվել, հենց նրան հանեցին, ինձ էլ միանգամից հանեցին ստուդիայի։, Մարությանն էլ ինձ ասաց՝ Տիգրան ջան, եթե դուրս չգաս, ստուդիան կփակեն։ Ինձ ազատեցին առանց որեւէ հիմնավոր պատճառի, դարձյալ՝ անօրինական։ Եվ ինձնից հետո բերեցին մեկին, ավելի բարձր աշխատավարձով։

-Առիթ ունեցե՞լ եք տնօրենի հետ խոսելու եւ Ձեր մասով հասկանալու, թե ինչու Ձեզ հնարավորություն չի տրվում աշխատելու։

-Տնօրենը կանչեց ասաց՝ ուզում ենք, որ գործ անեք, ու միանգամից դրվեց սահմանափակում, թե բա՝ ազգային գործ։ Ես իմ ամբողջ կենսագրությամբ եկել եմ այն կետին, որ ինքս կարող եմ ընտրել՝ ինչ բեմադրել, եւ ինձ չթելադրեն որեւէ բան, որովհետեւ, ներողություն, այդ իրենք չեն գնացել «Գլոբուսում» զարմացրել, այլ՝ ես։ Հետո՝ տարրական մի բան չեն հասկանում, որ ազգային թատրոն՝ չի նշանակում ազգային խաղացանկ, ինչքա՞ն կարելի է բեւեռանալ ամբողջ աշխարհից ու մենակ «Պեպոն» ու «Մեծապատիվ մուրացկաններն» առաջ տանել, այս ազգին մենակ «Պեպո»-ով ու «Մեծապատիվ մուրացկաններ»-ո՞վ եք ուզում դաստիարակել։ «Պեպոն» տանես, ուրիշ ազգի մոտ ցույց տաս, ընդհանրապես բան չեն հասկանա։ Եթե ուզում ես լավ մեքենա սարքել, «ԵրԱԶ» գործարանի արտադրանքով լավ մեքենաշինություն չես զարգացնի։ Մի անգամ տնօրենին ասացի, որ ստեղծելը դեռ քիչ է, պետք է նաեւ վաճառես այդ արտադրանքը, նա ինձ ասաց, որ այդպես չի գտնում, եւ մարդիկ պետք է գան՝ տոմսարկղից տոմս առնեն։ Աշխարհում նման բան չկա։ Հիշում եմ՝ Ամերիկայում Սըրկ Դյու Սոլեյը ոնց էր իր տոմսերը տարածում ու վաճառում, եւ հաստատ չէին սպասում, որ հանդիսատեսը պիտի գա ու տոմսարկղից իրենց տոմսերն առնի։

Վերջերս էլ «Սասնա ծռեր» են բեմադրել, որն էպիկական գործ է, բայց ներկայացումը սկսում է որպես 10-րդ դասարանի վիպուսկնոյի միջոցառում։ Միայն մի բան ասեմ՝ եթե դու ձեռ ես առնում Մսրա Մելիքին, քո ո՞ր հաղթանակի մասին է խոսքը, չնայած Մսրա Մելիք տղաս է խաղում, բայց դա չէ հարցը։ Հետո՝ Փոքր Մհեր ընդհանրապես չկա այդ ներկայացման մեջ, բայց չէ՞ որ էպոսն ամբողջությամբ գալիս հանգում է Փոքր Մհերին։ Այդ հանգուցալուծումը չկա ներկայացման մեջ, որը կարեւորագույն բանն է։

-Մյուս կողմից էլ՝ լավ եւ գրագետ PR է արվում, կանչող աֆիշներ, թարմացված կայք, գեղեցիկ «փաթեթավորված» ներկայացումներ։

-Ինչքան ուզում ես փայլուն թղթի մեջ փաթեթավորի, հետո մի օր քանդելու են, տեսնեն մեջն ինչ կա։ Մի լավ խոսք կա, ասում է՝ կարելի է միշտ խաբել մեկին, մի անգամ՝ բոլորին, բայց միշտ եւ բոլորին չի կարելի խաբել։ Հիմա սա է կատարվում, բայց գալու է հանդիսատեսն ու նայելու է, չէ՞, այդ խեղճուկրակ ներկայացումները։ Էլ չեմ ասում «Հարսնացու Հյուսիսից» ներկայացման մասին․ անհասկանալի է, թե ինչու հանկարծ անդրադարձան այդ գործին։ Ես գործով գնացել էի մի գերատեսչություն, ճանաչեցին, սկսեցինք խոսել, ասացին՝ կներեք, չնեղանաք, եկել էինք «Հարսանցու Հյուսիսից»-ը նայելու, բայց կեսից թողեցինք դուրս եկանք։ Եթե մարդը կատակերգությունից թողնում գնում է, էլ ի՞նչ ասես, ինչքան ուզում է «բռավո»-ներով լցնեն պրեմիերայի օրը։

-Ձեզնից բացի, ստեղծագործական կազմում կա՞ն էլի մարդիկ, որոնց աշխատելու հնարավորություն չի տրվում։

-Բեմադրիչ միայն ես եմ, ուղղակի ամբողջ հարցն այն է, որ պետք է բերել փորձել երիտասարդ ռեժիսորների, իսկ ընդհանրապես մենք լավ եւ ունակ դերասանական կազմ ունենք, բայց այդ կազմին խեղճուկրակ վիճակի մեջ գցել, վախի մեջ պահել, որ ինձ տեսնելիս պատերի տակ ինչ ասես ասում են, բայց իրենց դեմը վախենում են։ Ես այդ վախն էլ, իհարկե, չեմ հասկանում, բայց որ կա՝ փաստ է։ Եթե ինձ ասեն՝ այդպիսի բան չկա, ես արդեն կտամ մարդկանց անուններ, թող ինձ չջղայնացնեն։ Ես նաեւ թատրոնում պահանջում եմ ժողով, բայց չեն անում։

-Ձեր «անգործության» մասին տեղյա՞կ են մշակույթի նախարարությունում։ Առիթ ունեցե՞լ եք այս խնդիրների մասին բարձրաձայնելու։

-Այս նոր նախարարը դեռ նոր է, հույս ունեմ՝ կծանոթանա այս ամենին եւ կիմանա, թե ինչն ինչոց է, իսկ հների մասին խոսելն արդեն ավելորդ է։ Ես Արմեն Ամիրյանի մոտ փորձել եմ մտնել ամիսներ եւ ամիսներ, արդեն ամոթ էր, որովհետեւ սկսեց հեռախոսին խրոնիկաբար չպատասխանել։ Իսկ ղեկավար կազմն էլ մինչեւ այս իշխանափոխությունը միայն ասում էր՝ քանի Դավիթն այնտեղ է, մեր դեմ խաղ չկա․ այդպես էին ապրում։ 4 տարի է արդեն՝ թատրոնը, բացի մի քանի մարզերից, որեւէ տեղ հյուրախաղ չի ունեցել, իսկ մինչեւ Էլբակյանի գալը թատրոնը հյուրախաղերով եղել է Լոնդոնում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Բրեստում, Բաթումիում, Թբիլիսիում։

-Միտում նկատո՞ւմ եք նման վարքագծի մեջ՝ այն առումով, որ ինքնակամ թողնեք հեռանաք։

-Ես երբեք ինքնակամ չեմ հեռանա, որովհետեւ դա իմ տունն է, իմ հայրենիքը, ու իմ սիրտը ցավում է այդ ամեն ինչի համար։ Ես նորից գնալու եմ ու պահանջեմ բեմադրություն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X