Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան Հայաստանում հանդես կգա «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց), հեղինակային մեկնաբանությամբ՝ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն եւ Լեւոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: Համերգի ընթացքում ելույթ կունենա նաեւ «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Համերգային ծրագրում նախատեսվում է Լեւոն Մերաբովի մասնակցությունը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաեւ) երգերով: Խորհրդային տարիներին Լեւոն Մերաբովը 10 տարի ղեկավարել է Մագոմաեւի ջազային նվագախումբը:

Հավելենք, որ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի եւ համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաեւ հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Մարիամ եւ Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երեւանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին Մարիամ եւ Արմեն Մերաբովները մասնակցել են Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնին, հանդես են եկել «Ջազի օր երեկոյին»: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան հաջողված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում:

Մեկնաբանություն
X