Որակյալ բովանդակություն ստեղծելն ու բարձր դիտումներ ապահովելը բարդ է, բայց ոչ անկարելի

Սոցիալական մեդիայի փորձագետ, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության սոցիալական ցանցերի առաջխաղացմամբ զբաղվող, Zinc Network-ի թվային հաղորդակցման ղեկավար Զիադ Ռամլին երեկ հայ լրագրողների, մեդիայի ներկայացուցիչների համար «Լրատվության առաջխաղացումը՝ սոցիալական ցանցերում» թեմայով կարճ դասընթաց վարեց։

Ռամլին հանդիպումը սկսեց՝ կիսվելով իր անձնական փորձառությամբ եւ ներկայացնելով տվյալներ սոցիալական ցանցերում «Ալ Ջազիրայի» ներկայության մասին։ Ըստ այդմ՝ եթե 2015-ին ամսական դիտումների թիվը կազմել է 9 մլն, իսկ 2016-ին՝ 17 մլն, 2017-ին այն դարձել է գրեթե 120 մլն: Բայց դա դեռ չի նշանակում, որ դիտումներին զուգահեռ կտրուկ աճել է նաեւ աշխատակիցների թիվը։ Ռամլին նկատում է՝ 2015-ին սկսել են 2 աշխատողով, 2017-ին ունեցել արդեն 9 աշխատող։ Սա այն թիմն է, որ ապահովել է «Ալ Ջազիրայի» առաջխաղացումը սոցիալական հարթակներում, իսկ այդ արդյունքին հասել են մի քանի հանգամանքներով պայմանավորված․ նախ՝ կատարել են մանրակրկիտ ընտրություն տեսանյութերի, թեմաների հարցում, ոչ պակաս կարեւոր են եղել տեսանյութերի սցենարի ճիշտ մշակումը, նկարահանելու, մոնտաժելու գրագիտությունը, լսարանի ցանկությունների հետ հաշվի նստելը, փաստական տվյալների նկատմամբ ուշադիր լինելը եւ ուժեղ թիմ ստեղծելը։ Սրանք սկզբունքներ են, որ կիրառելի են թե՛ տեսանյութերի, թե՛ տպագիր հոդվածների դեպքում։ Եթե սոցիալական մեդիայում «Ալ Ջազիրայի» առաջխաղացումն ապահովող թիմը 2015-ին պատրաստել եւ ներկայացրել է 40 տեսանյութ, 2016-ին՝ 89, ապա 2017-ին այն հասել է արդեն 163-ի։

2016-ից արդեն սկսել են արտադրել վավերագրական նյութեր՝ փորձելով վավերագրության ժանրը կիրառել սոցիալական մեդիայում։ 2017-ից աստիճանաբար սկսել են նաեւ կանխագուշակել, թե ինչ սյուժեներ պատրաստեն, որը մեծ ազդեցություն կունենա լսարանի վրա եւ դիտումներ կբերի, ուստի սկսել են ուշադրություն դարձնել սոցիալական ցանցերում մարդկանց թողած արձագանքներին, հասկանալ, թե ինչ հարցեր են նրանց հետաքրքրում։

Ռամլին նկատում է՝ սոցիալական մեդիայում 2 տարում 3 անգամ ավելի մեծ արդյունք ցույց տալու գաղտնիքը պայմանավորված էր իրենց թիմով, որոնց ընտրել են մի քանի չափանիշներից ելնելով․ մարդիկ, ովքեր նույն արժեքներն ունեն եւ տարբեր խավերից են՝ թե՛ սոցիալական, թե՛ աշխարհագրական առումով։ «Մենք ընդունեցինք տարբեր լեզուներ իմացող մարդկանց, ովքեր տարբեր դռներ բացեցին մեր առաջ։ Մենք ունեինք 9 աշխատող, որոնք խոսում էին 7 լեզուներով։ Դա մեծապես բարելավեց մեր աշխատանքը։ Մենք ստիպված էինք բազմաֆունկցիոնալ թիմ վերցնել, քանի որ մեծ փողեր չկային, թեեւ «Ալ Ջազիրան» հարուստ ընկերություն է»,- ասում է Ռամլին ու նշում, որ հաջորդ կարեւոր սկզբունքը թափանցիկությունն էր ու հաղորդակցության հմտությունները, ինչպես նաեւ հստակ նպատակներ դնելու կարողությունը․ «Մոտ մեկ տարի շարունակ ես իմ առաջ նպատակ էի դրել հասնել ամսական 50 մլն դիտումի, երբ հասանք այդ ցուցանիշին, ես չբավարարվեցի դրանով ու իմ առաջ նոր նպատակներ դրեցի»։

Ռամլին անկեղծանում է` «Ալ Ջազիրայում» անգամ ներքին կոնֆլիկտ եղավ, քանի որ հեռուստաընկերությունն ուզում էր, որ իրենք միայն իրենց արտադրանքն առաջ տանեն, բայց իրենք էլ համոզված էին՝ այն ձեւով, որ պատրաստում են հեռուստատեսային ռեպորտաժները, նախատեսված չեն սոցիալական մեդիայի համար. "Դրա համար TV ռեպորտաժների մի մասը սկսեցինք հարմարեցնել սոցիալական մեդիայի համար, լինում էին ռեպորտաժներ, որոնք չէր ստացվում ադապտացնել։ Մենք ամսվա վիճակագրությամբ տեսանք, որ TV ռեպորտաժները շատ քիչ են նայում․ մեկնաբանում, նույնիսկ հաճախ ձայնն անջատված էին նայում, խնդիրն այն է, որ դրանց տրամաբանությունն ու կառուցվածքը տարբեր են։ Եթե TV ռեպորտաժում կուլմինացիան վերջում է, ապա սոցիալական մեդիայի տեսանյութերում այն սկզբում է, առաջին 5-10 վայրկյանում, եթե մարդը հասկացավ, թե ինչի մասին է նյութը, կշարունակի դիտել այն։ Հիմա այնպիսի միտում կա, որ 90-120 վայրկյանանոց տեսանյութերն են ավելի շատ դիտվում, իսկ եթե մարդը հաղթահարում է 5 րոպեի շեմը, ապա էական չէ՝ տեսանյութը կլինի 7, թե 10 րոպե»։

Սոցիալական մեդիայի հարթակները տարբեր են, Ռամլին նկատում է՝ իրենց մեդիա արտադրանքի 90 տոկոսը տեղ էր գտնում Ֆեյսբուքում, 50 տոկոսը՝ Ինստագրամում եւ միայն 5 տոկոսը՝ Թվիթերում, քանի որ բոլոր այս հարթակների ընթերցողները տարբեր են՝ տարբեր հետաքրքրություններով․ «Այն, ինչ կարդում են Ֆեյսբուքում, դժվար թե հետաքրքրի Ինստագրամի հետեւորդներին, որտեղ հիմնականում ժամանակակից երիտասարդությունն է»։ Ինչ վերաբերում է «Տելեգրամ» նոր մեդիա հարթակին, ապա շատ լրատվամիջոցներ այն օգտագործում են Իրանը եւ Միջին Արեւելքը լուսաբանելու համար։ Իրենց դեպքում մեկ ամիս փորձարկելուց հետո հասկացել են, որ չարժե այդքան մեծ ջանքեր դնել այդ նոր ռեսուրսի վրա։

Թե ինչ պարբերականությամբ եւ ինչ քանակությամբ են նյութեր հրապարակում սոցիալական մեդիայում, Ռամլին ասում է, որ լրահոսը թարմացվում է ամեն ժամը մեկ, զույգ ժամերին՝ լրատվություն, կենտ ժամերին՝ տարբեր ժանրի տեսանյութեր։ Ընդհանուր առմամբ՝ օրական 6-8 տեսանյութ, 3-4 հոդված, 13 լրատվական նյութ եւ հրատապ լուրեր։

Որակյալ բովանդակություն ստեղծելն ու բարձր դիտումներ ապահովելը բարդ է, բայց ոչ անկարելի։ Ռամլին ասում է՝ կան թեմաներ, որ միայն լրագրողներն են սիրում լուսաբանել, սովորական օգտատերը սիրում է կատուների կամ էլ էմոցիոնալ, գրավիչ տեսանյութեր նայել․ այս դեպքում պետք է գտնել այս երկուսի միջինը, կոնկրետ հերոս, որը կպատմի տվյալ խնդրի մասին, եւ մարդիկ դա կտարածեն։ Շատ կարեւոր է նաեւ նյութի հրապարակման ժամը, օրինակ՝ եթե մի տեսանյութ եք դնում Հնդկաստանի մասին, պետք է հաշվի առնեք՝ որ ժամին այն հրապարակել, որպեսզի Հնդկաստանում գիշեր չլինի եւ մարդկանց ուշադրությունից չվրիպի։

«Ամազոնի հիմնադիրը 2 չափորոշիչ է նշել՝ շատ դիտումներ ունենալու համար․ հանգամանքներ, որ դուրս են մեր վերահսկողությունից՝ դիտումներ, տարածումների քանակ, եւ հանգամանքներ, որ մեր վերահսկողության տակ են, եթե ուզում եք տրաֆիկն ավելացնել, պետք է հեշտացնել տարածման մեխանիզմները, տեսանյութի լեզուն, տառատեսակը։ Եթե առաջնորդվեք այն հանգամանքով, թե քանի դիտում, քանի մեկնաբանություն է ունեցել տեսանյութը, ձեր ինֆորմացիան ամբողջական չի լինի, որովհետեւ քանակական չափորոշիչից բացի՝ դիտում, կիսում, մեկնաբանություն, կա նաեւ որակական չափանիշ, որը թվերով չես արտահայտի»։

Ռամլին ասում է՝ վճարովի առաջխաղացման վրա չարժե այդքան կենտրոնանալ, «Ալ Ջազիրայում» վերապահում ունեին այդ հարցի վերաբերյալ ու հիմա այլեւս այդքան գումարներ չեն ծախսում այս կամ այն փոստերի, հրապարակումների առաջխաղացման վրա, որովհետեւ մեծ լսարան ունեն․ «Առաջխաղացման կարիք կա այն ժամանակ, երբ ուզում եք, որ կոնկրետ ենթալսարան նայի։ Պետք է անընդհատ մոնիտորինգ անել՝ արդյունավետությունը ստուգելու եւ բարձրացնելու համար»։

Կապ ստեղծեք ձեր լսարանի հետ, հետեւեք նրա արձագանքներին՝ խորհուրդ է տալիս մեդիա փորձագետն ու նշում, որ դա կարող ենք անել կա՛մ ֆեյսբուքյան խմբերի միջոցով, կա՛մ «Էկոնոմիստ»-ի նման անմիջական շփման մեջ մտնելով լսարանի հետ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X