Լավ ասենք, որ լավ լինի

Մեկ շաբաթ առաջ այցելել էինք Երվանդ Մանարյանին: Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ՝ զրուցեցինք հազար ու մի բանի մասին: Մշակույթից անցանք առօրյա կյանքին, տեղի ունեցածին եւ չունեցածին:

Բայց… ներքաղաքական կյանքի թեման շրջանցել չկարողացանք եւ չէինք էլ ցանկանում: Անպայման ուզում էինք լսել, թե նահապետ մտավորականն ինչն է առավել կարեւորում այսօր, ներքաղաքական այս տարուբերումների մեջ ինչ կարեւոր բան է նկատել կամ չտեսնելու տվել:

Վարպետն այսպես բանաձեւեց. «Քաղաքական կյանքում որոշիչը ժողովրդի կամքն է, եթե անտեսենք, մի նոր մեղք կգործենք»: Հետո մեկնեց, բացատրեց, համոզեց: Հետո կարեւորեց ԱԺ արտահերթ ընտրությունները՝ առանց վարկանիշային (ռեյտինգային) ուռուցքի: Անչափ կարեւորեց անցումային արդարադատության ներդրման միտքը: Երբ հրաժեշտ էինք տալիս, ժպտաց ու կրկնեց իր կողմից հաճախ օգտագործվող թեւավոր խոսքը. «Լավ ասենք, որ լավ լինենք, թեեւ լավ էլ չասենք, լավ է լինելու»:

Տունդարձի ճանապարհին մտորելիս հանգեցինք այն մտքին, որ հասարակությունը, մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբաններն այս օրերին հենց Վարպետի կարեւորած հարցերի վրա են բեւեռվել՝ քննում են, քննարկում, վերլուծում, համոզում, մերժում, նորից ընդունում… Գլուխ են կոտրում, թե ինչ խճապատկեր կներկայացնի չորս քաղաքական ուժերից ձեւավորվելիք նոր Ազգային ժողովը: Բոլորի աչքի առջեւ է Երեւանի ավագանու ընտրությունների մոդելը:

Ինչ խոսք, շատերը համոզվել են, թե քաղաքական որ ուժն է բացարձակ մեծամասնություն կազմելու ԱԺ-ում: Մյուս ուժերը կասկածամտության ինչ-ինչ երանգներով նույնպես վստահություն են հայտնում: Եվ հիմնավորում, որ ազնիվ ընտրությունների արդյունքում մենատիրական (ավտորիտար) ռեժիմ չի ձեւավորվելու, որովհետեւ նախորդ քսանամյա ռեժիմն ապացուցեց, որ մենատիրական ռեժիմը կեղծված ընտրությունների պտուղ է: Իսկ գլխավոր գայթակղությունը մնացած պատգամավորական տեղերին հավակնելն է՝ բարոյա-հայրենասիրա-մասնագիտական հայտով:

Ժողովրդավարության սկզբունքից ելնելով՝ Ազգային ժողովը բաց է լինելու բոլոր քաղաքական ուժերի առջեւ, այդ թվում՝ նոր իշխանության նկատմամբ արմատական տրամադրված ուժերի: Այդպիսով կապահովվի քաղաքական ճոխ բազմակարծություն, կձեւավորվի սթափության ազդակի լայն տեսականի: Ամենաէականը՝ միակուսակցական իշխանություն չձեւավորվի, եւ այդ իշխանությունն աներկբայորեն կծառայի ժողովրդին:

Մտաբերենք. լինում է նաեւ կառուցողական՝ պետականամետ (ո՛չ իշխանամետ, ո՛չ իշխանաստեղծ, ո՛չ գրպանային, ո՛չ պատեհապաշտ, ո՛չ բանանային…) ընդդիմություն: Այնպես որ, ժողովուրդն առաջնահերթորեն շահագրգռված պետք է լինի իրական կառուցողական ընդդիմության համար:

Հաճախ հարց է հնչում՝ օր առա՞ջ, թե՞ օր հետո: Արտահերթ ընտրություններն օր առաջ պետք է անցկացվեին: Սա աներկբա է եւ արդեն իրականություն է դառնում: Օր առաջ, թե օր հետո՝ որոշիչը ժողովրդի կամքն է, եւ ոչ ոք ուզենա էլ, չի կարող այն անտեսել: Օր առաջ արտահերթ ընտրությունների արդյունքում կձեւավորվի նոր Ազգային ժողով, կկազմվի նոր կառավարություն: Արդեն կյանքի կկոչվի անցումային արդարադատությունը՝ հաստատապես, իրապես:

Ամփոփիչ խոսքում մի անգամ էլ հիշենք Վարպետի ուղերձը. «Լավ ասենք, որ լավ լինի»:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ

Մեկնաբանություն
X