Սարսափելի նաիվ, պրիմիտիվ մի բան, որն ինչ-որ մեկի ցանկությամբ՝ բարերարության անվան տակ, պետք է տեղադրվի

Գորիսի «Հին զանգեր» հուշարձանին հարակից բլրի տարածքում նոր հուշարձան է կառուցվում՝ 9 մետրանոց բրոնզաձույլ խաչի տեսքով: Նախաձեռնության հեղինակն ամուսիններ Հովիկ Ճաղարյանը եւ Հեղինե Առուշանյանն են: Հուշարձանի հիմքն արդեն գցված է, բետոնապատման աշխատանքները՝ սկսված, որոնք կավարտվեն 2 ամսվա ընթացքում: Նորահայտ հուշարձանի գաղափարը, սակայն, միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից, ովքեր հենց Գորիսի համայնքապետարանի էջում կոչ էին անում չտեղադրել այդ անճաշակ, հակաէսթետիկ կառույցը։

Քանդակագործ Սահակ Պողոսյանն ուղղակի զարմացել է՝ տեսնելով հուշարձանի լուսանկարները։ «Ինչպե՞ս եւ մինչեւ ո՞ւր կարելի է հասնել նման պրիմիտիվ ձեւով։ Դա սարսափելի պրիմիտիվ, չեմ էլ ուզում ասեմ՝ ստեղծագործություն է, որովհետեւ այն սարսափելի նաիվ, չմտածված մի բան է, որն ինչ-որ մեկի ցանկությամբ՝ բարերարության անվան տակ, պետք է տեղադրվի»,- ասում է նա ու հավելում, որ նման օրինակներ շատ կան՝ սկսած հրապարակի գորգից, վերջացրած Ապարանում տեղադրված խաչով, եւ նույն պատկերն այսօր Գորիսում է։

«Մոտ մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանն Աբովյանում՝ Երեւանի մուտքի մոտ, սարսափելի անճաշակ սյուներ է դրել, որոնց ծայրին լույսեր են։ Թվում է, թե ինքը վատ բան չի արել, բայց դա սարսափելի անճաշակ բան է, այն էլ՝ 21-րդ դարում։ Եթե դա 19-րդ դարում անեին, հնարավոր է 19-րդ դարում դա արդարացված լիներ, բայց 21-րդ դարում նման անճաշակ բան անել ու ճաշակ թելադրել, ուղղակի չի կարելի։ Որովհետեւ երբ մեկը նման բան է անում, հասարակական ճաշակ է ձեւավորում, ինչ-որ մարդիկ էլ, ովքեր պրոֆեսիոնալ եւ կոմպետենտ չեն որոշելու՝ այսօր դա լավ է, թե վատ, ասում են՝ լավ է»,- ասում է Պողոսյանն ու ընդգծում, որ սա մասնագիտական հարց է։ Մինչդեռ վերջին 30 տարում իսպառ վերացան այն մշակույթն ու ինստիտուտը, երբ պրոֆեսիոնալ մարդիկ էին որոշում՝ սա կարելի՞ է տեղադրել, թե՞ ոչ, արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք։

«Նախորդ քաղաքապետը որոշեց, որ խաչքարերի պուրակ պետք է լինի հրապարակի կողքին, բերեցին դրեցին պրիմիտիվ, սարսափելի, վատ խաչքարեր, ու երբ հարցնում ես՝ ինչի եք արել, ասում են՝ ինչի վա՞տ է, ասում եմ․ ես ասում եմ՝ վատ է, որ դրա համար 20 տարի սովորել եմ եւ 40 տարի դրա մեջ եմ ապրում։ Դա պետք է մասնագետն ասի, ու դուք լսեք անվերապահորեն, իսկ եթե այդպես չէ, ուրեմն օրենք ընդունեք, որ այդ բարերարը չկարողանա ամեն ինչ անել, ինչպես ինքն է ուզում, այլ գա՝ հաշվի նստի պետության հետ, եւ պետությունը նրան ասի, որ եթե ուզում ես փող ծախսել բարեգործությամբ, արա դա մասնագիտորեն։ Հիմա, երբ ասես սրա մասին, կասեն՝ ի՞նչ վատ բան ենք անում, քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն ենք, այդ սիմվոլիկան ենք անում։ Մինչդեռ այդ նույն խաչը Ռաֆայել Իսրայելյանն էլ է արել, Ջիմ Թորոսյանն էլ, բայց նրանք մասնագիտորեն են արել եւ էսթետիկա չեն խախտել։ Ամբողջ խնդիրը դա է, իսկ դուք ո՛չ Ռաֆայել Իսրայելյան եք, ո՛չ էլ Ջիմ Թորոսյան եւ ի զորու չեք դա անելու։ Ռաֆայել Իսրայելյանը մի ամբողջ Սարդարապատ արեց, որտեղ ոչ մի հատ խաչ չկա՝ որպես նշան, գործիք, տեքստ, բայց այն հրաշալի հուշարձան է ամբողջ քրիստոնեության մասին։ Կարելի է խաչ չանելով անել խաչ, որը խոսի քրստոնեության մասին։ Դրա մասին նրանք չգիտեն եւ չեն կարող հասկանալ, որովհետեւ չեն սովորել, դրա միջով չեն անցնում, եւ բոլորը չէ, որ պետք է անեն այն, ինչ ուզում են․ դրա մասին է խոսքը»,- ասում է քանդակագործն ու նշում, որ այս մասին խոսել է մշակույթի 2 փոխնախարարների հետ, ովքեր իրենց հերթին տեղյակ չէն եղել կատարվածից։

Ստացվում է՝ այսօր բոլոր մեծ ու փոքր բարերարները կարող են իրենց «բարերարությունը» փաթաթել իրենց գյուղի, քաղաքի վզին, եւ պետությունն ի զորու չի լինի միջամտել․ «Պետությունը ոչ մի լծակ չունի, որովհետեւ վերջին 20 տարում Գագիկ Ծառուկյանը 20 եկեղեցի սարքեց, եւ պետոթյունը ոչ մի լծակ չունեցավ վերահսկելու՝ արդյոք այդ եկեղեցին այդպե՞ս պետք է դրված լիներ այդ լանդշաֆտի վրա, թե՞ ոչ։ Բարերարության մասին օրենք պետք է լինի, որը ենթարկվի մասնագետներին, ովքեր պետք է վերահսկեն ամբողջ շինարարությունը»։

Սահակ Պողոսյանն առաջարկում է կազմել բոլոր այն մշակութային ու պատմամշակութային կառույցների ցուցակը, որոնք կարող են մշակույթի նախարարության վերահսկողության ներքո ներկայացվել բարերարներին ու մեկենասներին՝ վերականգնելու կամ նորը կառուցելու համար։ Միաժամանակ դա ներկայացնել կառավարության հաստատմանը, որպեսզի նվազագույնի հասցվի այն ինքնագործունեությունը, որը կատարվել է վերջին տասնամյակների ընթացքում։ «Ու դա վերահսկվի պետության կողմից, որ բարերարության անվան տակ ամեն տեսակ հակաօրինական գործառույթ չիրականացվի։ Օրինակ՝ այսօր մեր պետությանը վաղուց պետք է ժամանակակից արվեստի թանգարան, որը ոչ մեկը չի ուզում կառուցել, բայց կառուցում են եկեղեցի։ Հիմա եթե ինչ-որ բարերար հայտնվել է եւ ուզում է բարերարություն անել, իրեն պետք է ասել՝ խնդրեմ, կառուցիր այս թատրոնը, այս թանգարանը, փողոցը, պուրակը։ Ես անցած տարի հրաժարվել եմ մի այդպիսի բարերարությունից, որն աբսուրդ էր․ իմ մոտ եկավ քաղաքաշինության նախարարը եւ ասաց, որ արտասահմանում ինչ-որ բարերար երազ է տեսել, որ հրապարակում պետք է դնեն Գր․ Լուսավորչի եւ Տրդատ թագավորի արձանները։ Ես նրան ընդամենը հարցրեցի՝ այդ տարածքում դուք տեսնո՞ւմ եք այդ արձանները, ասաց՝ ոչ, ասացի՝ ես էլ չեմ տեսնում, դրա համար չեմ անի։ Այսինքն՝ այդ հարցը պետք է այստեղ լուծվի, քաղաքաշինության նախարարի խոսքը պետք է այդ բարերարի համար օրենք լինի։ Կարո՞ղ ենք հասնել դրան օրենքով, թե՞ չենք կարող, խոսքը դրա մասին է։ Բարերարությունը պետք է լինի բարերարություն, ոչ թե ետին մտքով բիզնես։ Եթե իրադրություն է փոխվել երկրում, ինչպես ասում են, ուրեմն այստեղ էլ պետք է իրադրություն փոխվի»,-ընդգծում է քանդակագործը։

Մենք կապ հաստատեցինք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, ով նշեց, որ գործնական հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկ էր եղել կառուցել դիտակետ, որտեղից կբացվեր քաղաքի գեղեցիկ տեսարանը, ուստի որոշվել է «Հին զանգերին» հարակից բլրին տեղադրել խաչը: Ինչո՞ւ խաչ, արվեստի տեսանկյունից ի՞նչ խնդիր է լուծում նմանօրինակ հուշարձանը։ Այս նախաձեռնությունը, ըստ քաղաքապետի, քրիստոնեական գաղափարներն ամրացնելու միջոցներից մեկը կարող է լինել․ «Մենք ենք առաջինը քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունել: Շնորհիվ լուսավորության եւ գեղագիտական լուծումների՝ երեկոյան ժամերին տարածքն ավելի է գեղեցկացնելու»:

Որոշ տեղեկությունների համաձայն, հուշարձանի բարերարները՝ Հովիկ Ճաղարյան եւ Հեղինե Առուշանյան ամուսիններն, իր ազգականներն են, եւ դրանով է պայմանավորված այդ հուշարձանի ընտրությունը։ Առուշանյանն ասաց․ «Հովիկ Ճաղարյանը եւ Հեղինե Առուշանյանն իմ ազգականներն են, բնակվում են ՌԴ-ում, եւ նրանց միջոցով հսկայական բարեգործություններ են կատարվում, այդ թվում՝ Գորիսի անվճար հանրային տրանսպորտը, համայնքի մի շարք տարածքներ նրանց միջոցներով են բարեկարգվել, այժմ Գորիսում նրանց միջոցներով երկրորդ սպորտդպրոցն է հիմնանորոգվում, ձեռք է բերվել դպրոցի բացման համար անհրաժեշտ ամբողջ մարզական գույքը: Մեծ միջոցներ են տրամադրվել առողջության խնդիրներ ունեցող փոքրիկների բուժման նպատակով»։

Այն, որ Ֆեյսբուքում (այդ թվում՝ իրենց էջում) բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել հուշարձանի անճաշակ, հակաէսթետիկ տեսքի հետ կապված, ավելին՝ դիմել են մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկելու այդ «անճաշակությունը» դադարեցնելու համար, քաղաքապետը բնական է համարում․ «Ցանկացած շինարարություն նաեւ որոշակի քննադատությունների է արժանանում: Ես՝ ինքս, հաճախ եմ լսում, երբ քննադատվում է եկեղեցաշինությունը, փոխարենն առաջարկում են այլ ծրագրեր իրականացնել: Ինչ վերաբերում է այս նախաձեռնության շուրջ ծավալված քննադատություններին, ես տեսել եմ, որ քննադատողների զգալի մասն առաջարկում է ներդրումներ իրականացնել սպորտի զարգացման ոլորտում, սակայն տեղեկացված չեն, որ մենք արդեն հիմնանորոգել ենք ըմբշամարտի դահլիճը, երկրորդ սպորտդպրոցն է բացվում համայնքում, սկսել ենք ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման ծրագիրը, որն իր տեսակով եզակի է լինելու: Խոսվում է խաղահրապարակների մասին, իսկ մենք արդեն նոր ներդրողներ ունենք, որոնք 3 խաղահրապարակ են կառուցելու առաջիկայում: Ուզում եմ նշել, որ ակնհայտ է՝ քննադատողների զգալի մասը Գորիսում չի բնակվում եւ տեղեկացված չէ իրականացվող ծրագրերից: Միեւնույն ժամանակ ասեմ, որ նույն ֆեյսբուքյան էջում Գորիս համայնքի բնակիչների արձագանքները հիմնականում դրական են»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X