3 տարի առաջ մենք կերազեինք մեկ ամսում 3 հազար հատ գիրք վաճառել

Աբովյան 2 հասցեում բացվել է նոր գրախանութ՝ «Բուկինիստ» գրախանութի նոր մասնաճյուղը։ Թե որքանով է նպատակահարմար եւ շահեկան Աբովյան փողոցում բացել եւս մի գրախանութ, երբ քիչ վերեւում գործում են «Նոյյան տապան» եւ նորաբաց «Զանգակ» գրախանութները, «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ 73 թ․-ից այս գործի մեջ է եւ հայտնագործություն չի արել այդտեղ գրախանութ բացելով։ Մինչեւ Սովետական Միության փլուզումը Աբովյան փողոցում 3 գրախանութ է գործել․ մեկն Ավ․ Իսահակյանի արձանի մոտ էր, մյուսը՝ հրապարակում՝ նախկին «Նոյյան տապանի» տեղում, երրորդը՝ նախկին «Детский мир»-ի դիմաց․ «Այս վերջին 2-ն իրարից նույն հեռավորության վրա էին, ինչ հիմա մեր գրախանութը՝ «Նոյյան տապանից»։ Այդ 2-ը մեր հանրապետության ամենամեծ գրախանութներն էին՝ շատ մեծ շրջանառությամբ, եւ մոտավորապես 18 տարի՝ մինչեւ միության փլուզումը, դրանք աշխատում էին, եւ ոչ մի անգամ մեկը մյուսից չի դժգոհել։ Այսինքն՝ երկուսն էլ իրենց արդարացնում էին ու պլանները գերակատարում։ Իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա այդ հատվածում, եւ մեկը մյուսին չի խանգարում»։

Այն, որ ժամանակները փոխվել են, եւ փոխվել է նաեւ գրքի հանդեպ վերաբերմունքը, ապա հիմա իրենք փոխում են այդ ժամանակները ու՝ դեպի լավը․ «3 տարի առաջ մենք կերազեինք մեկ ամսում 3 հազար հատ գիրք վաճառել, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի գիրքը մեկ ամսում վաճառեցինք 3 հազար 6 հարյուր հատ։ Իսկ վերջին 1-2 տարում, երբ տարվա ընթացքում նույն գրքից 500 հատ վաճառում էինք, արդեն ուրախանում էինք, ասում էինք՝ լավ վաճառվեց, հիմա արդեն որերորդ գիրքը նույն հաջողությունն է գրանցում։ Օրինակ, «Նյու մեգի» գրքերը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը», Մակրոնի գիրքը կամ «100 բիզնես գաղտնիքները», «Էդիթ Պրինտի» գրքերը, Ռեմարկի «3 ընկերը», Սթիվեն Քովիի գիրքը՝ լիդերության մասին, դրանց վաճառքի թվերը զարմանալի մեծ թվեր են։ Այդ գրքերը վաճառվում են հարյուրներով, այդպիսի բան չի եղել Հայաստանի 3-րդ հանրապետության օրոք։ Այսինքն՝ արդեն գալիս ենք լավ ժամանակների եւ մենք էլ պետք է քայլ անենք, որ գիրքը շատացնենք, մոտեցնենք գրախանութներին, որպեսզի նպաստենք ընթերցանության զարգացմանը»։

Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում գրահրատարակիչների դժգոհությունը՝ այս ոլորտի հետ կապված։ «Կարծում եմ՝ ոչ մեկն էլ դժգոհ չպետք է լինի, հատկապես՝ գրահրատարակիչները․ վերջին հաշվով, եթե վաճառում ենք այդ գրքերը, որոնք ցուցափեղկերից չեն իջնում, մենք հենց հրատարակիչների գրքերն ենք վաճառում։ Ու եթե մենք ունենում ենք «իքս» եկամուտ, իրենք ունենում են «10 իքս» կամ «7 իքս» եկամուտ։ Ո՞նց կարող են դժգոհել՝ եթե մենք աճում ենք, ապա նրանք ավելի շատ են աճում, ամեն մեկն էլ աճում է իր չափով։ Այս դեպքում կա՛մ իմ տված ինֆորմացիան է սխալ, կա՛մ իրենց տված։ Ամեն դեպքում, մենք հենց այնպես գրախանութներ չենք բացում, պետք է՝ բացում ենք, եւ այդ գրախանութներն արդարացնում են իրենց, իսկ դա նշանակում է, որ աշխատում է»,- ասում է Վարդանյանն ու հիշում, որ դեռ Սովետի ժամանակ Սարյան-Ամիրյան հատման խաչմերուկում մի գրախանութ ունեին, որը երբեք չի արդարացրել իրեն․ «Այսինքն՝ այնտեղ մարդկային հետիոտն հոսք քիչ կա, գուցե դրա համար էր այդպես»։

Վերջին տարիներին «Բուկինիստը» գրախանութներ, գրքի տաղավարներ բացեց գրեթե բոլոր առեւտրի մոլերում, գետնանցումներում․ վաճառքի ցուցանիշներն ինչքանո՞վ են գոհացուցիչ այդ առումով։ «Տարբեր են․ կան իրենց ե՛ւ արդարացնող, ե՛ւ չարդարացնող մասնաճյուղեր, բայց, ընդհանուր առմամբ, բալանսը դրական է։ Կարծում եմ՝ ճիշտ ենք վարվում, որովհետեւ չես կարող գնորդին ստիպել, որ մտնի քաղաքի 2-3 գրախանութը, եթե իր ճանապարհին է, ինքը կմտնի, կգնի էլ, եթե ոչ՝ կարող է եւ չմտնել, որովհետեւ գիրքը երբեք առաջին կարգի անհրաժեշտության արտադրանք չի եղել հասարակության համար։ Կարծում եմ՝ մենք լավ գովազդ ենք անում, եւ մեր նշանաբաններից է՝ լավագույն նվերը գիրքն է։ Մենք անընդհատ դա կրկնում ենք տարբեր առիթներով, եւ կարծում եմ՝ սխալ չենք անում․ երբ մենք տեղ ենք գնում, նվեր ենք տանում գիրք, արդեն մտցնում ենք այդ մշակույթը, իսկ այդ նվիրած գիրքն անպայման իր տիրոջը գտնելու է, եթե անգամ չկարդա, կնվիրի ուրիշին, եւ, վերջին հաշվով, կգնա կհասնի իսկական տիրոջը»։

Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստում»՝ ներքեւի հարկում, առաջիկայում կգործի նաեւ սրճարան, որից, սակայն, առանձնապես եկամուտ չեն ակնկալում․ «Մեր գլխավոր նպատակն այդ սրճարանում միջոցառումներ կազմակերպելն է, ակումբի նման մի տեղ լինի, որտեղ մարդը գալու-հաղորդակցվելու պահանջ ունենա։ Տարբեր միջոցառումներ կանենք՝ գրքերի շնորհանդեսներ, որ չենք կարողանում անել տեղի նեղվածության պատճառով, հետո «Հեքիաթի ժամը» կտեղափոխենք այնտեղ, որը 7 տարի է՝ արդեն անում ենք։ Դա կլինի հավաքատեղի, մի ակումբ, որտեղ ընթերցողը մի բաժակ սուրճի հետ կնստի գիրք կկարդա, հետո մտքերի փոխանակություն կանի»։

Գրեթե բոլոր գրախանութներում այսօր վաճառվում են նաեւ գրենական պիտույքներ, խաղալիքներ, տարբեր պարագաներ, ինչը հասկանալի է, քանի որ միայն գրքերից եկամուտ ապահովելը եւ դրանով գրախանութ պահելը դժվար գործ է․ «2 նկատառում կա այդպես անելու, որն ամբողջ աշխարհում է ընդունված, որովհետեւ գրքի գնորդը նաեւ գրիչի, տետրի, գրենական պիտույքների պահանջ ունի։ Դա ավելի է հեշտացնում գնորդի գործը, եւ ուրիշ գրախանութում այդ գրիչը փնտրելու փոխարեն նա միանգամից դա կարող է վերցնել գրախանութից։ Երկրորդ․ այդտեղ մենք զարգացնող, ինտելեկտուալ խաղեր ենք վաճառում, եթե տեղ ունենայինք, խաղալիքներ էլ կվաճառեինք»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X