Շատերը վախենում են բան ասել, որովհետև լինել հակահեղափոխական՝ չափազանց ջախջախիչ միտք է

Հարցազրույց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանի հետ․

-Վարչապետն այս օրերին հորդորում է քաղաքացիներին պատրաստվել դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին, որն ավարտին կհասցնի հեղափոխությունը։ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք ԱԺ ընտրություններից, ո՞ր քաղաքական ուժերին կուզեիք տեսնել խորհրդարանում։

-Սպասումների շեմը չափազանց բարձր է ոչ միայն ինձ մոտ, այլ նաեւ հասարակության լայն շրջանակներում։ Պետք է շեշտել, որ սպասումների բարձր շեմը որոշ մասի մոտ զուգակցվում է, այսպես ասած՝ անհայտների առկայության անհանգստությամբ։ Այս ընտրությունները քանի որ չափազանց սրընթաց կատարվեցին եւ դեռ կատարվում են, իրենց մեջ պարունակում են մի քանի անհայտներ, ըստ այդ անհայտների էլ կարելի է ընդհանուր առմամբ հասկանալ, թե ինչպիսի խորհրդարան կարող ենք ձեւավորել տեսականորեն։ Այսինքն՝ տեսական մակարդակում, միանշանակ համաձայն եմ, որ հեղափոխության ավարտը պետք է տեղի ունենա, եւ ձեւավորվի նոր Ազգային ժողով, որովհետեւ գործող Ազգային ժողովը բնավ չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի տրամադրությունները, հետեւաբար, դրա անհրաժեշտությունը ենթակա չէր կասկածանքի։ Մենք գիտենք, որ հիմա բաց է նոր Ընտրական օրենսգրքի ընդունման ճանապարհը․ մասամբ՝ բաց, մասամբ՝ փակ, առաջին անգամ մերժվեց, հիմա վերստին ամսի 29-ին սպասում ենք արտահերթ նիստի։ Իմ համոզմամբ, այդ Ընտրական օրենսգրքից չափազանց շատ բան է կախված։ Ես լսել եմ տարբեր քաղաքական առաջնորդների, որոնք հայտարարում են, որ հին Ընտրական օրեսնգրքով էլ պատրաստ են գնալ ընտրությունների, բայց համոզված եմ, որ հին Ընտրական օրենսգիրքը ոչ մի դրական բան չի բերի մեր խորհրդարանի ոչ այնքան հաջող պատմության մեջ, այլ հակառակը՝ կբերի վտանգավոր հեռանկար։ Ուստի առաջին եւ անհրաժեշտ բավարար պայմանը նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումն է։ Այս իրավիճակում Հայաստանում անհնար է ընտրել քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց, այլ վերստին կընտրվեն իրենց անձերի եւ խմբերի իշխանությունը պահել ցանկացող ուժեր։ 2-րդ մարտահրավերը, որ դրված է, այն է, քանի որ չափազանց արագ ամեն ինչ կատարվեց, ապա նոր ուժերը, որ հույս կար՝ կձեւավորվեին եւ հանրությանը կներկայացնեին իրենց ծրագրերը, չունեն այդ ժամանակը։

-Բացի այդ, մեր հասարակությունը միշտ ընտրություն է կատարել ոչ թե ծրագրերով, այլ ըստ անձերի։

-Իմ անհանգստությունը հենց դա է, ըստ անձերի ընտրությունը միշտ էլ բերում է անցանկալի անձնակենտրոն կառույցների ձեւավորման, եւ որքան էլ դրա կենտրոնում գտնվող անձն ազնիվ է, արդար, ի վերջո ժամանակի ընթացքում փոխվում է, եւ մենք ստանում ենք այն, ինչ ունեցել ենք, այսինքն՝ ավտորիտար համակարգ՝ օլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ տարբեր տարրերով, առանց ժողովրդավարության։ Եվ Հայաստանի ռազմավարական շահերի պաշտպանությունը դարձյալ բաց է մնում։ Հիմա այս փոքր ժամանակահատվածում հույսերը չափազանց բարձր են, բարձր է նաեւ հասարակության, հրապարակի հուզական ֆոնը, իսկ հույզերն այնքան էլ լավ խորհրդատու չեն, դրանք մարդկանց հեռացնում են իրական խնդիրներից եւ մոտեցնում երազատեսությանը, իսկ հավաքականության մեջ երազատեսությունն արդարացված չէ։ Բացի այդ, մենք հույսեր ունեինք, որ այդ «Մերժիր Սերժին» կարգախոսից հետո կձեւավորենք նոր գաղափարախոսական դաշտ, ի վերջո կհասկանանք, թե որ կուսակցությունն ինչպիսի ծրագրեր ունի․ դա վերաբերում է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականությանը։ Ինչպես տեսում եք, հիմա՝ Բոլթոնի այցի համապատկերում, մենք պետք է վճռական որոշումներ կայացնենք, Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը խիստ ազդելու է մեր ներքին քաղաքական դոկտրինի վրա, դրան գումարած՝ մեր տնտեսական ռազմավարությունը մեծ ճշգրտումների կարիք ունի, իսկ դրա համար պետք է մեծ քաղաքական եւ գաղափարական բանավեճ ծավալվի։ Հիմա եթե այս փոքր ժամանակամիջոցում ընդունելով նոր Ընտրական օրենսգիրքը՝ մենք կկարողանանք ապահովել այդ բանավեճի համար գոնե մի փոքր լայն դաշտ, ասպարեզում կհայտնվեն այն ուժերը, որոնք կխոսեն իրենց գաղափարների վերաբերյալ, եւ այդ գաղափարներն ընդունելի կլինեն, որքան էլ մենք բոլորս համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն է ունենալու այդ խորհրդարանում, կա հնարավորություն այնտեղ տեսնել նաեւ այնպիսի ուժերի, որոնք իրենց գաղափարներով կհամակշռեն մեծամասնությանը։ Ես համոզված եմ, որ եթե մեծամասնության նպատակները, գործերն անընդհատ չեն վերլուծվում եւ չեն համակշռվում, ապա այդ մեծամասնությունը վերածվում է անձնիշխանական համակարգի։

-Ի՞նչ եք կարծում, որպես համակշռող ուժ՝ ընդդիմություն, ո՞վ կլինի խորհրդարանում։

-Թե ով կլինի այդ ընդդիմությունը, այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը՝ որ այդ ընդդիմությունը լինի իրական, մեր բոլորի մեջ կան վախեր եւ անհանգստություններ, որ կարող են տարբեր ուժեր գնալ եւ պահանջարկել իրենց ընդդիմադիր լինելու ծառայությունը։ Այդ գործելակերպը Հայաստանում բավականին տարածված է եղել, եւ շատ մարդիկ հավակնել են ընդդիմության տեղը գրավելուն, որպեսզի խաղաղ կյանքով ապրեն եւ մեծամասնության համար դժվարություններ ստեղծեն, բայց մեզ այս պահին պետք է իրական գաղափարական ընդդիմություն խորհրդարանում։ Բացի այդ, կարծում եմ՝ այս կուսակցությունները, որոնք հավակնում են մտնել ԱԺ, նրանց ծրագրերում պետք է տեսնենք վճռական շեշտադրումներ Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ․ Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, Սահմանադրությունը եթե չբարեփոխվեն, ապա հեղափոխությունը ոչ միայն չի ավարտվի, այլեւ նրա նպատակներն իրականություն չեն դառնա։ Հիմա եթե նայում ենք քաղաքական դաշտը, ապա կարող ենք տեսնել սպասողական վիճակ, այն առումով, որ նախորդ՝ Երեւանի ավագանու ընտրություններին հին ուժերին ուղղակի ջախջախեցին եւ ցույց տվեցին, որ նրանց վստահության քվեն չափազանց իջել է։ Տեսեք, թե որքան քիչ ձայներ հավաքեց ԲՀԿ-ն, իսկ «Ժառանգության», Դաշնակցության հավաքած ձայներն ուղղակի համադրելի չէին մինչ այդ ունեցած իրենց ձայներին կամ իրենց հռչակած հավակնություններին։

Դաշտում ստեղծվում են նոր կազմավորումներ, դրանցից մի մասի ծրագրերին մենք ծանոթ չենք, եւ նրանց ղեկավարների գործողությունը դեռ այդքան էլ հասկանալի չէ, ուստի իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ Նիկոլ Փաշինյանի դաշտում կատարվում է խաղավորման փորձ, համենայնդեպս, առայժմ գաղափարական հիմքի վրա, կուսակցությունների մոտ նկատելի է միտում՝ ստեղծել դաշինք եւ դաշինքով գնալ ընտրությունների, ընդ որում կարծում եմ՝ այդ դաշինքները կլինեն 3-ը, իսկ կուսակցությունները շատ կլինեն։ Հիշում եք, քաղաքապետի ընտրությունների ժամանակ մենք ունեցանք բավականին խայտաբղետ պատկեր, որը չբերեց գաղափարական պայքարի։ Հիմա այս դեպքում, երբ «Իմ քայլի» կամ «Քաղպայմանագրի» ցուցակն էլի գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, ապա դժվարությունները չափազանց շատ են լինելու, ուստի դրան պետք է հակադրել ոչ միայն անհատների, որովհետեւ հեղափոխության այս ալիքի վրա, ի հակառակ հնչող որոշ քննադատություններին, Նիկոլ Փաշինյանն անձնային առումով մրցակից չունի, եւ հեղափոխության գաղափարն էլ այնքան խանդավառող է, որ շատերը վախենում էլ են ինչ-որ բան ասել, որովհետեւ այս իրավիճակում լինել հակահեղափոխական՝ գաղափարական տեսանկյունից չափազանց ջախջախիչ ու բացասական միտք է, ուստի մարդիկ չեն ուզում նրան քննադատել հիմնավոր, սկզբունքային։ Բացի այդ, կա նաեւ դրական սպասումների շեմ, եւ ընդդիմությունն էլ լինում է մի քանի ձեւ՝ կառուցողական, որը գրպանային ընդդիմությունը չէ, եւ արմատական ընդդիմություն։ Ես հույս ունեմ, որ մեր Ազգային ժողովում 2 դաշտն էլ ինչ-որ չափով ներկայացված կլինեն, բայց առավել կարեւոր է այդ կառուցողական ընդդիմության ներկայությունն ԱԺ-ում, որովհետեւ հեղափոխության հռչակած նպատակները՝ արդարադատության, օրինական եւ արդյունավետ պետության կառուցման հարցում, առողջ եւ ողջամիտ հասարակության մեջ որեւէ ընդդիմություն չեն առաջացնում, բայց կարեւորը ոչ միայն այդ հռչակած նպատակն է, այլեւ այդ նպատակին հասնելու միջոցները՝ դու ինչ կադրերով եւ ինչ ճանապարհով ես հասնում այդ նպատակներին, կամ արդյոք կարո՞ղ ես քո հռչակած ճանապարհով եւ կիրառած մեթոդներով հասնել դրան։

-Կադրային քաղաքականությունն առավել ակտուալ է հիմա՝ ընտրությունների շեմին։

-Այսօր ընդդիմության դափնիները հավակնողների առաջ հետեւյալ խնդիրն է դրված՝ ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի մարտավարությանը հակադրելու են իրենց մարտավարությունը, մոտեցումները, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ, որովհետեւ մենք արդեն տեսնում ենք, որ անարդյունավետ քայլեր կատարվել եւ կատարվում են, ու դա միայն կադրային քաղաքականությունը չէ, թեեւ դա եւս կարեւոր է։ Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է իր 2-րդ ընտրանքին, 1-ին ընտրանքը հեղափոխության խանդավառ դեմքերն էին, եւ ապացուցվեց, որ նրանք այդքան էլ արդյունավետ չէին, որը չէր բավարարում ո՛չ Փաշինյանին, ո՛չ հասարակության սպասումներին, ուստի նրանց փոխարինելու եկան նախորդ պրոֆեսիոնալները, իմ կարծիքով՝ ոչ այնքան պրոֆեսիոնալները, որքան հին համակարգին եռանդագին ծառայած մարդիկ։ Այ, դա է մտահոգիչ։ Հիմա մենք ինչ կադրեր ենք առաջարկելու, նոր եկող ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ունի գաղափարական, մարտավարական հզոր ներուժ, ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր տնտեսությունը, ինչպե՞ս համակշռել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպե՞ս կարող ենք մեր ինքնիշխանությունը երաշխավորող քայլեր ապահովել՝ առանց չափազանց կտրուկ իրադարձությունների, Արցախի հարցում ի՞նչ ենք տեսնում, որքան էլ որ ասենք՝ ժողովուրդը պետք է որոշի, այդ կարգախոսը բավականին վտանգավոր է եւ անիրագործելի։ Չի կարելի հասարակության վրա թողնել ամեն ինչ։

-Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող ուժը բացարձակ մեծամասնություն է կազմում, եւ դրանով է պայմանավորված շտապողականությունը՝ դեկտեմբերին եւ ոչ գարնանը։ Համաժողովրդական էյֆորիան մի՞թե մինչեւ գարուն չի ձգի։

-Իրավիճակը միշտ կարող է փոխվել, որովհետեւ բոլոր էյֆորիաները մի օր ավարտվում են։ Հույզերը ժամանակավոր երեւույթ են, ուստի կա շտապելու գործոնը, քանի որ մեծամասնություն ունեն։ Բացի այդ տեսնում ենք, որ Փաշինյանի թիմը նորից 2-րդ փուլով է ձեւավորվում, այսինքն՝ Փաշինյանն ինքն էլ տեսնում է իր որոշ քայլերի անարդյունավետությունը, անհանգստանում է դրանից եւ անցնում է նոր մարտավարությունների, բայց դա էլ արժանանում է նոր քննադատությունների։ Իրար հաճոյախոսություններ ասելու եւ սեր խոստովանելու ժամանակն անցնում է, գալիս է իրար հետ գործ անելու ժամանակը, իսկ գործ անելու ժամանակ կարող են առաջանալ տարբեր բնույթի հարաբերություններ։

-Դուք լինելո՞ւ եք որեւէ քաղաքական ուժի ցուցակում։

-Այո, եւ հիմա բանակցությունների մեջ եմ։ Իմ եւ ինձ պես մտածող մարդկանց ներագրավվածությունը կախված է ինչպես Ընտրական օրենսգրքի ընդունումից, այնպես էլ այլ գործոններից։ Այո, Նիկոլ Փաշինյանը կունենա մեծամասնություն, բայց եթե խորհրդարանում լինի նաեւ գաղափարական ընդդիմություն, որը հեղափոխության գաղափարների իրականացման նոր եւ հետաքրքիր ճանապարհներ կառաջարկի, ես միայն ուրախ կլինեմ։

-Դուք գաղափարական ընդդիմության թեւի՞ց կլինեք, թե՞ Փաշինյանի։

-Անկեղծ ասած՝ Փաշինյանի թեւից առաջարկություններ չեմ ստացել եւ իրենց հետ բանակցություններ չեմ վարում, ես կուզեի գտնվել համակշռող դաշտում։ Ես միշտ համոզված եմ եղել, որ փոքրամասնությանը պետք է օգնել, մեծամասնություններն ինձ միշտ վախեցրել են, որովհետեւ նրանք պաշտպաններ շատ ունեն։ Ես կուզենայի լինել այն դաշտում, որը միշտ մեծամասնության սխալները նկատում է՝ ոչ թե ոչնչացնելու առումով, այլ երկիրն առաջ տանելու, առողջ քննադատության առումով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X