«Մադամ Բաթերֆլայի» փորձերը երգչուհու հիշողության մեջ դաջվել են որպես ծանր մղձավանջ

Այսօր օպերային թատրոնում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացվի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան։ Սակայն գլխավոր դերում հանդես եկող օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը նախօրեին մամլո հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ինքը եւ իր իտալացի գործընկեր Ջանլուկա Տերրանովան օպերայում հանդես չեն գալու․ «Ես ժամանել էի Երեւան մեծ ոգեւորվածությամբ` հերթական նվերը բերելու իմ արվեստասեր ժողովրդին: Խոսքը գնում էր օպերայի համերգային կատարման մասին: Իրականում, պարզվեց, որ նախատեսված է օպերային թատրոնում լիարժեք բեմադրություն, որին ստեղծագործական անձնակազմը, նուրբ ասած` պատրաստ չէր: Անպրոֆեսիոնալիզմի եւ տնայնագործության մակարդակն այնքան չափն անցել էր, որ, չնայած իմ բոլոր ջանքերին եւ զիջումների գնալու պատրաստակամությանը, նման անպատշաճ իրավիճակում աշխատելը դարձավ լիովին անհնարին: Սակայն, ցավալիորեն, «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրման պրոցեսը, որին ներկա եմ եղել որպես գլխավոր դերակատար, իմ հիշողության մեջ դաջվել է որպես ծանր մղձավանջ: Նման մակարդակն անթույլատրելի պիտի լինի ոչ միայն իմ, այլ նաեւ հենց իրենց` կազմակերպիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Մենք կապ հաստատեցինք Լիաննա Հարությունյանի հետ, ով նշեց, որ իր համար կարեւոր չեն նյութական ճոխությունները, ինքը մարդկային հարաբերություններում կողմնակից է պրոֆեսիոնալ մոտեցման, հարգալից վերաբերմունքի. «Առհասարակ, չեմ սիրում գոռոզ մարդկանց, ովքեր իրենց դնում են մեծ պրոֆեսորների տեղ։ Այդ դերով ես ամբողջ աշխարհում ելույթ եմ ունենում, շատ ճանաչված եմ, ու մեծ պահանջարկ կա իմ կատարմամբ այդ դերի նկատմամբ, ուստի Թոփչյանը ցանկություն հայտնեց, որ ես կատարեմ այդ դերը, ինչի համար շատ ուրախ էի։ Հետո այդ համերգային կատարումը դարձավ մի փոքր բեմականացում բեմի վրա, որին ես էլի դեմ չէի, բայց վերջին շաբաթներում պարզվեց, որ այս փոքրիկ բեմականացումը տեղափոխվում է օպերային թատրոն, եւ երբ արդեն Երեւանում էի, հասկացա, որ մենք ունենք ընդամենը 2 օր ժամանակ օպերային թատրոնի բեմի վրա։ Ես սկսեցի մի փոքր անհանգստանալ, քանի որ բեմական, երաժշտական փորձերը, ամեն ինչ՝ պետք է տեղավորվեինք այդ 2 օրվա մեջ»։

Խնդիրն Էդուարդ Թոփչյանի մե՞ջ է։ «Ոչ, խնդիրը բեմական փորձերի մեջ էր (բեմադրության ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան)։ Ես երաժշտական մասի առնչությամբ ոչինչ չեմ ասել, հակառակը՝ հունիսյան մեր համերգից հետո շատ ոգեւորված էի մեր նոր համագործակցությամբ։ Ես ոչ մի բան չունեի Թոփչյանի դեմ, մինչեւ այն պահը, երբ նա սկսեց ոչ վայել խոսակցություն տանել իմ եւ առավել եւս իմ գործընկերոջ՝ Ջանլուկա Տերրանովայի հասցեին, որը պետք է մասնակցեր այս ներկայացմանը՝ իմ հրավերով։ Բայց խնդիրներ եղան թռիչքի հետ կապված, թեպետ ինքն ամեն ինչի հետ համաձայնեց, միայն թե ամսի 21-ի կեսօրի համար իրեն տոմս գնեն։ Հետո ինքը հայտնաբերում է, որ իր համար գնել են լույս 21-ի գիշերվա տոմս, եւ դրա մասին, շատ պանիկայի մեջ, հայտնում է ինձ։ Ես խոսում եմ կազմակերպիչների հետ, բայց նրանք ասում են, որ մենք իր կարիքը չունենք, եւ հետո Թոփչյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Ջանլուկա Տերրանովան ուղղակի խոզություն արեց։ Ինքը բարոյական ի՞նչ իրավունք ունի վիրավորելու արտիստին, իմ կոլեգային, ընկերոջը։ Դա աններելի եւ անընդունելի խոսակցության ձեւ է արտիստի հանդեպ, ում դուք չեք տեսել, ծանոթ չեք եւ բարոյական իրավունք չունեք նման հայտարարություն անել։ Ամեն արտիստ ունի իր որոշակի աշխատաձեւը, մոտեցումը։ Ես պատասխանատու եմ իմ որակի, մակարդակի, մասնակցության եւ մաքսիմում հաջողության համար։ Ես Սան Ֆրանցիսկոյից եկել էի Հայաստան, հետո պետք է գնամ Վիեննա, Բարսելոնա․ այդպես ամբողջ տարին իմ գրաֆիկը շատ զբաղված է, եւ հազիվ տեղավորվել էի այդ մեկ շաբաթվա մեջ, որպեսզի ունենայինք այս համերգը եւ գեղեցիկ բան անեինք։ Ես պետք է ապահովեմ այն մակարդակը, որին սովոր եմ, անկախ նրանից՝ դա կլինի Մետրոպոլիտենը, թե Հայաստանը։ Եթե չկան աշխատանքի այն պայմանները, որ ելույթ ունենամ պատշաճ ձեւով, ապա ես նախընտրում եմ չունենալ»,- ասում է երգչուհին։

Լիաննա Հարությունյանն ընդգծում է՝ ինքը չի հայտարարել, որ չեղարկում է իր մասնակցությունն օպերային ներկայացմանը, այլ՝ փորձերի ժամանակ ստեղծված անհամաձայնությունների արդյունքում իրեն հասկացրել են, որ համագործակցությունը չի ստացվում․ «Կոնֆլիկտային եւ ոչ կոմպրոմիսային մոտեցում էին իմ հանդեպ ցուցաբերում, այսինքն՝ ես բոլորովին դրական էներգիայի մեջ չէի եւ զգում էի, որ չեմ կարողանում անել այն, ինչը սովորաբար կարող եմ անել։ Դետալներով չեմ ուզում ասել այն ոչ պրոֆեսիոնալիզմի եւ տեքստի ոչ ճիշտ իմացության, մարդկային վերաբերմունքի եւ այն բարդությունների մասին, որ ստեղծվում էին դեկորների եւ խըժը-բըժը անհասկանալի բեմական փորձերի ժամանակ։ Ես հունից դուրս էի գալիս եւ չէի հասկանում, թե որն է մեր ուղղությունը, ինչ ենք անում, ուր ենք գնում, եւ ինչ է սպասվելու ինձ բեմի վրա, իսկ գնալով ամեն ինչ ավելի էր բարդանում»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ կապ հաստատել չստացվեց, նա փորձերով էր զբաղված, բայցեւայնպես, մամուլում կարճ մեկնաբանություն էր տվել Լիաննա Հարությունյանի տարածած հաղորդագրության մասով։ Նա իր խոսքում նկատել է, որ երգչուհուն տեղյակ են պահել, որ սա մինիմալիստական լուծումներով օպերային ներկայացում է եւ անհամեմատելի է համաշխարհային բեմերում ներկայացվող նույն օպերայի այլ տարբերակների հետ, ավելին, ըստ Թոփչյանի, երգչուհին ցանկություն չէր հայտնել կոմունիկացիայի մեջ մտնել, որից հետո ինքն առաջարկել էր այս ներկայացումը չանել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X