Ազնավուրի մահից հետո՞ որոշեցին թանգարանը վերակառուցել

Օրեր առաջ Երեւանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց Ազնավուրի կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբեւէ Հայաստանի որեւէ իրավասու ատյանում չի քննարկվել եւ չի համաձայնեցվել: Որպես նախագծի հեղինակ՝ ներկայացվել է ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Այս մասին իրենց դժգոհությունն են բարձրաձայնել Հայաստանի վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը եւ Լեւոն Վարդանյանը, ովքեր նաեւ նամակով դիմել են Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի, հեղինակային իրավունքի նորմերը եւ թույլ չտալ խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։

«Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը, ինչպես պարզվում է, հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձեւումների համար։ Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձեւախեղելու այս անընդունելի երեւույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները: Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն եւ պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար»,- մասնավորապես նշված է նամակում:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասում է՝ Ազնավուրի մահից հետո՞ որոշեցին այդ թանգարանը վերակառուցել եւ դրա համար դիմել են ֆրանսահայ ճարտարապետի։ «Այդ ճարտարապետն էլ Շառլի ընտանիքի հետ ցուցաբերել է ակտիվություն, հետո վարչապետի, այն ժամանակ նաեւ Սերժ Սարգսյանի հետ է հանդիպել եւ ստացել է քարտ բլանշ, եկել է Երեւան ու այդ կառույցը վերակառուցում է ըստ իրեն։ Դա նշանակում է մեր մասնագետների վրա թքած ունենալ, մենք էլ մեր մասնագետներին տիրություն չենք անում, թողել ենք ինքնահոսի։ Ֆրանսիայից եկել է մի ճարտարապետ, ով Հայաստանում գործելու լիցենզիա չունի եւ անում է վերակառուցում։ Մենք դեմ ենք նման վերակառուցմանը նման հեղինակի մասնակցությամբ»,- ասաց Ալեքսանյանն ու հավելեց, որ Ճարտարապետների պալատի վարչության նիստում այս թեմայով քննարկում է նախատեսված։

Ի՞նչ փոփոխություններ են արվելու՝ հավելյալ կցակառույցի մասի՞ն է խոսքը, թե՞ պետք է ինչ-որ բան քանդվի՝ նորից կառուցվի։ «Կերպարը փոխել չի կարելի, այն պետք է փոխի միայն հեղինակը, ուրիշը չի կարող դա անել, մենք արգելում ենք, դա բարոյական չէ»,- ասաց ճարտարապետը։ Իսկ ինչո՞ւ կառույցի նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չի միացել իրենց նամակին։ Ալեքսանյանն ասաց․ «Նարեկ Սարգսյանը վիրավորված է, ինչո՞ւ պետք է միանա, իսկ ես հանդես եմ գալիս որպես միության, վարչության անդամ, որպես ՀՀ քաղաքացի, փորձված ճարտարապետ»։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը ստացել է ճարտարապետների նամակը․ «Իհարկե, դա վատ նախադեպ է, այն էլ ֆրանսիացիների կողմից, որտեղ նման բանն անթույլատրելի է, եւ նրանք շատ լավ գիտեն, որ հեղինակային իրավունքը կարեւորագույն պայման է ամբողջ աշխարհում։ Ճարտարապետների միջազգային միությունը հատուկ հանձնարարական ունի, որպեսզի այդ բոլոր պայմանները մենք կարողանանք կատարել։ Մեզ համար նույնպես զարմանալի էր, եւ մենք պետք է քննարկենք այդ հարցը, կարծում ենք, որ նոր Հայաստանում նման սկիզբ ունենալը լավ բան չէ»։

Ինչ վերաբերում է հեղինակի՝ Նարեկ Սարգսյանի լռությանը, ապա Մինասյանը կարծում է, որ նա հաստատ սրտնեղած կլինի, որովհետեւ խախտում են իր հեղինակային իրավունքները․ «Թե ինչ չափով է արվում, անկեղծ ասած՝ դեռ չգիտեմ, իրենց հետ էլ պետք է խոսենք, ու եթե հնարավոր լինի, ասենք, որ նման բաներ թույլ չտան իրենց եւ գան ընդհանուր կոնսենսուսի»։

Զարմանալի չէ՞, որ 2 նախագահների ներկայությամբ է վերակառուցման նախագիծը ներկայացվել, ինչը, կարելի է ասել, գործելու կանաչ լույս է վառել։ «Երեւի այդքան խորը չեն էլ մտածել՝ հաշվի առնելով, որ այդքան մեծ հնչեղություն կունենա, բայց առաջին պայմանն այն է, որ հեղինակին անպայման տեղյակ պահեն, եւ նա իմանա, թե ինչ միջամտությունների մասին է խոսքը, եւ եթե լուրջ միջամտություններ են, ապա առանց իր կարծիքը հաշվի առնելու չի կարելի նման բաներ անել, մենք հակված ենք այդ բանը հնարավորինս թույլ չտալ։ Իմ ֆրանսիացի գործընկերները զարմացած են, թե ինչպես կարող է նման բան թույլ տալ ֆրանսիացի մեկը։ Կքննարկենք եւ կտեսնենք՝ ինչպես հարթել այդ անախորժ միջադեպը, որ շատ մեծ աղմուկ էլ չլինի, որովհետեւ անհարմար է, հատկապես որ դրա կարիքը չկա»։

Պալատի նախագահն ասում է, որ չեն կարող տույժ տալ, միայն կարող են հորդորել, որ նման բան չի կարելի անել, քանի որ նա Ճարտարապետների պալատի անդամ չէ․ «Դրսի ճարտարապետը եթե ուզում է աշխատել, անպայման պետք է աշխատի տեղում աշխատող որեւէ ճարտարապետի հետ կամ եթե ուզում է ինքն առանձին աշխատել, ապա պետք է ձեռք բերի դրա թույլտվությունը՝ մեր պալատի միջոցով։ Նման դեպքեր քիչ են լինում, եւ դա ամեն տեղ էլ պարսավելի բան է։ Հնարավոր ամեն ինչ անելու ենք, որ նախ իմանան, որ նման բան չի կարելի անել, եւ հետո թույլ տալ-չտալու հարցում արդեն պետությունը պետք է կողմնորոշվի, բայց ցանկացած դեպքում նրանք պարտավոր են լսել մեր կարծիքը։ Հեղինակային իրավունքն ինձ համար ամենակարեւոր բաներից մեկն է, առանց այն էլ այն, ինչ խեղաթյուրվեց քաղաքում, հենց հեղինակային իրավունքի խախտման դեպքեր են եղել՝ կառուցապատողների, ներդրողների կողմից, ովքեր կամային փոփոխել են նախագծեր»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X