Պետք է պոպուլիզմից դուրս գալ․ ժողովուրդն իրեն գիտի որպես երգահան, ոչ թե ճարտարապետ

Երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նշանակումը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում միանշանակ չընդունվեց հանրության շրջանում․ եթե ակտիվ մի զանգված «բռավո»-ներով ընդունեց այդ լուրը, ապա մի հատված էլ այս նշանակումը որակեց որպես նորանշանակ քաղաքապետի առաջին սխալ։ Շատերի կարծիքով՝ Մեսչյանն այս պաշտոնում արդեն ձախողվել է, երբ 96-97թթ․ կարճ ժամանակով նշանակվեց Երեւանի գլխավոր ճարատարապետ, ապա տարաձայնությունների պատճառով թողեց-հեռացավ Բոստոն։

Նկատենք նաեւ, որ Մեսչյանն իր տեւական լռությունը խախտեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ավագանու ընտրություններին ընդառաջ, ի պաշտպանություն Հայկ Մարությանի, հանդես եկավ փոքրիկ տեսաուղերձով, որտեղ նշեց, որ հավատում է Հայկ Մարությանին եւ կարծում է, որ նա լավ քաղաքապետ կլինի։

Ինչ վերաբերում է նրա ճարտարապետական գործունեությանը, ապա նա Մատենադարանի նոր մասնաշենքի եւ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի ճարտարապետն է։

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ կարեւորն այն է, որ նա մենակ չաշխատի, այլ՝ քաղաքաշինական խորհրդի հետ․ «Բոլոր հարցերը պետք է քննարկվեն քաղաքաշինական խորհրդում, որտեղ իրեն պետք է խորհուրդ տան, թե ինչպես վարվի, թե չէ միայնակ որոշում կայացնելը հիմարություն է»։ Այս նշանակումն ինչքանո՞վ էր նրա անձի ճանաչելիության հանգամանքով պայմանավորված, Մուշեղյանը դժվարացավ ասել․ «Ինքը 96-ին ինձ փոխարինեց, երբ Վանոն եկավ քաղաքապետ։ Հետո Մեսչյանն աշխատեց մի քանի ամիս, ու, ինչքան գիտեմ, այդ ընթացքում ոչ մի անգամ Վանոն չընդունեց նրան»։

Մուշեղյանը կարծում է, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը կախված է մի քիչ գիտելիքներից, մի քիչ էլ վերադասի ցանկությունները կատարելուց։ «Ամեն ինչ կերեւա որոշ ժամանակ հետո»,- ասում է Մուշեղյանն ու նկատում, որ ճարտարապետ Մեսչյանի մասնագիտական գործունեությունը շատ կարճ տեւեց, քանի որ խորացավ երաժշտության մեջ եւ հեռացավ Հայաստանից․ «Քաղաքաշինությունը բարդ բնագավառ է, դա ճարտարապետություն չէ, այնտեղ հսկայական խնդիրներ կան քաղաքի ենթակառուցվածքների, անցյալի եւ ապագայի հետ կապված»։

Կկարողանա՞ ճարտարապետ Մեսչյանը դիմադրել թելադրող անձերի որոշումներին եւ ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հաշվի նստելով քաղաքաշինական խորհրդի հետ, որի անդամ է նաեւ Մուշեղյանը, ցույց կտա միայն ժամանակը։

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը չի բացառում, որ Մեսչյանին նշանակել են այս պաշտոնին ոչ թե իր ճարտարապետական գործունեության, այլ անվան համար․ «Թե ինչքանով է ինքը հայրենասեր ու ազգասեր, դա էլ է մեծ հարց, որովհետեւ ինքը Սովետի ժամանակ թողեց գնաց Ամերիկա, ու այնպես չէ, որ այնտեղ ճարտարապետական գործունեություն է ծավալել։ Իր նման ճարտարապետներ շատ կան եւ շատ ավելի փորձով ու երիտասարդ, բայց հարցը դա չէ, այլ այն, որ այս պաշտոնում պետք է քաղաքաշինարար լինի։ Հայաստանում, փաստորեն, ստացվում է, որ մարդիկ թոշակի չեն գնում, թոշակառու տարիքում բերում նոր նշանակումներ են անում, այն էլ այն պաշտոններում, որտեղ աշխույժ, գործունյա, արդի ընկալումներով մարդիկ են պետք, ոչ թե 70 եւ անց մարդիկ, որոնց բերում են, որ նույն ձեւով նույն սխալներն անեն։ Տարիքը որակի վրա ազդում է, եւ պետք չէ ասել, որ 70-80 տարեկանը նույնն է, ինչ 40 տարեկանը, որովհետեւ 40-50-ն ամենալավ շրջանն է, բայց այդ տարիքի մարդիկ անտեսվում են մեզ մոտ, բերում են կա՛մ 20 տարեկանների, կա՛մ էլ նրանց, ովքեր թոշակի են գնում։ Այդ պոպուլիզմից պետք է դուրս գալ, մենք բավականին լավ կադրեր ունենք՝ դրսում կրթված, սովորած, ովքեր անգործ են, ինչ է թե փողոց չեն փակել։ Հիմա եթե այդ մարդիկ էլ հիասթափվեն, թողնեն գնան, ի՞նչ են անելու»։

Երեւանում պետք է գործի «Երեւան քաղաքի հողօգտագործման եւ կառուցապատման նորմատիվ կանոնակարգ» օրենքը, որը, ըստ Խաչատրյանի, իր մեջ կպարունակի մի շարք չափորոշիչներ, որպեսզի կառուցապատումը սուբյեկտիվ չլինի․ «Խորհուրդների գործունեությունը մաքսիմում պետք է կրճատվի։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ օրենքներ լինեն, իսկ քանի դեռ օրենք չկա, հիմա Պողոսը կլինի, թե Պետրոսը՝ նույն բանն է լինելու, էական չէ, թե ում կնշանակեն»։

Նա կարծում է, որ ժողովրդի սերը ժամանակավորապես կապահովագրի Մեսչյանին քննադատություններից, բայց եթե մարդիկ մասնագիտական հայացքով նայեն, հարցականի տակ կարող են դնել մի շարք հարցեր․ «Հետաքրքիր էր, որ մամուլում առաջինը գրում էին երգահան, երգիչ, նոր հետո՝ ճարտարապետ։ Այսինքն՝ ժողովուրդն իրեն որպես երգահան գիտի, հետո նոր տեղն են բերում նաեւ որպես ճարտարապետ»։ Այսօր քաղաքն այն վիճակում է, որ համարձակ լուծումներ եւ օրենքներ են պետք։ Բացի այդ, ըստ Խաչատրյանի, մեկ այլ հարց էլ կա՝ արդյոք գլխավոր ճարտարապետի պաշտոնը պե՞տք է, թե՞ ոչ․ «Եթե այդ ամեն ինչը նրա համար է, որ առանձին գրասենյակ ստեղծեն եւ ուրիշների անունով նախագծեր պաս տան իրար ու հետո իրենք դա հաստատեն ու անեն, կնշանակի, որ նույն մեխանիզմը, ինչ եղել է, կշարունակի նույնձեւ գործել։ Մյուս կողմից էլ, եթե այսօր գլխավոր ճարտարապետի պաշտոնը չեղավ, քաոս կլինի, որովհետեւ կառուցապատման օրենք չկա, այսինքն, այս պաշտոնը պետք է՝ գոնե մինչեւ այդ օրենքը նորմալ, օբյեկտիվ ձեւով գրվի եւ ընդունվի, դրանից հետո գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող են վերանայել եւ հանել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X