Լուսանկարչությունը «գողություն» է, միգուցե՝ բարձր տեսակի «գողություն»

«Խմբային դիմանկար դարի ֆոնին»,-այսպես է կոչվում Երևանի «Մոսկվայի Տանը» բացված ռուս լրագրող, լուսանկարիչ, գրող, դերասան Յուրի Ռոստի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ախմադուլինա, Մռավինսկի, Սախարով, Փարաջանով, Օկուջավա, Սարյան, Պլիսեցկայա․ նրանք բոլորը հայտնվել են Ռոստի օբյեկտիվում։ Ընդհանուր առմամբ՝ 39 դիմանկար, որոնք կարելի է այս օրերին ոչ միայն դիտել «Մոսկվայի Տանը», այլ նաեւ՝ կարդալ։ Ռոստի լուսանկարներում տեքստը կարեւոր է, դա մակագրությունից ավելին է, առանձին պատում, որ փոխլրացնում է լուսանկարը։ Ռոստն ինքն է խորհուրդ տալիս՝ չշտապել, ընտրել ամբողջից մի քանի լուսանկար եւ դանդաղ կարդալ։

«Այս լուսանկարներում կան ե՛ւ հայտնի ե՛ւ ոչ հայտնի մարդիկ, բայց նրանք բոլորը մասնակից են կյանքին։ Նրանք մարդիկ են, որոնք ինչ-որ բան ավելացրել են շատերիս կյանքում: Մեկը՝ բառ, մյուսը՝ ժպիտ: Լուսանկարները կօգնեն ձեզ՝ պահել հույսը, որ կյանքում ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,-ասում է Երեւանում իր առաջին ցուցահանդեսի բացմանը Յուրի Ռոստը։

Արդեն հաջորդ օրը` իր վարպետության դասին Ռոստը հիշում է՝ մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ միշտ դրամատիկ իրավիճակներում՝ 88-ի երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ։ Երկրաշարժում դստերը, որդուն, հարսին, և երեք թոռներին կորցրած 80- ամյա Ազնիվ Մկրտչյանի լուսանկարն ու տեքստը ցնցում են դիտողին, Ռոստը գրում է․ «Եվ ցնցվեց հողը, և փլուզվեց աշխարհը, և խանձվածքի ու փոշու ժանտահոտ ամպերը երկինք բարձրացան, և ով կանգնած էր՝ պառկեց, իսկ ով պառկած էր՝ այդպես էլ մնաց պառկած, և ով խոսում էր՝ լռեց: Եվ լույսը մեռավ, և կրակների ու հրդեհների մեջ թափառում էին մարդիկ, և իրենք իրենց էին փնտրում աղետից փրկվածների մեջ ու չէին գտնում: Եվ ողջերը փնտրում էին իրենց մերձավորներին փոշիներում թաղվածների մեջ և գտնելով հանգստանում էին լուռ, և դա աղաղակից ավելի սարսափելի էր: Եվ քայլում էին տառապյալ հին հողի վրա ու հարցնում էին՝ ինչի՞ համար»:

Ռոստը հիշում է իր հանդիպումը Մարտիրոս Սարյանի հետ, նրա վերջին դիմանկարը, որից մի քանի օր անց վարպետը մահացավ․ «Մարտիրոս Սարյանը 90 տարեկանն անց էր, երբ իմ հայազգի ընկերոջից առաջարկ ստացա նրան հանդիպելու: Տեսանք Սարյանին՝ պիջակով, նստած սեղանի մոտ: Տերեւներ էր նկարում ու հետո դրանք գցում հատակին: Ես փորձեցի օգտվել առիթից ու սկսեցի լուսանկարել նրան: Հետո հանկարծ վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու սկսեց դուրս նայել: Նա այդ պահին արդեն ոչ թե դուրս էր նայում, այլ մի ուրիշ աշխարհ»:

Ռոստի՝ Հայրենական պատերազմում կռված եւ ողջ- առողջ տուն վերադարձած Լիսենկո 10 եղբայրների լուսանկարն ու նրանց պատմությունն այնքան է տպավորել 20-րդ դարի նշանավոր ֆրանսիացի լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսոնին, որ վերջինս խնդրել է մեծ չափերով տպել այն եւ իրեն ուղարկել։ Այդ լուսանկարը ներառված է Բրեսոնի կողմից ընտրված բոլոր ժամանակների լավագույն 75 լուսանկարների շարքում։

«Ես լուսանկարիչ չեմ, ես սիրողական լուսանկարիչ եմ, թեպետ մեծն Բրեսոնն էլ էր ասում, որ ինքը սիրողական լուսանկարիչ է, բայց ինքը հաստատ բարձր որակի սիրողական լուսանկարիչ էր, - ասում է իր ստեղծագործական երեկոյի ժամանակ Ռոստը,- ես նույնիսկ ամբողջովին չգիտեմ ինչպես է իմ նոր ապարատը աշխատում, հների դեպքում՝ գիտեի։ Ընդհանրապես, իմ համար կարեւոր է, որ ապարտը պարզ լինի, որովհետեւ ես եմ ուզում ղեկավարել տեխնիկան, չնայած հիմա տեխնիկան է ղեկավարում ողջ աշխարհը։ Ըստ էության, այսօր ամեն մարդ կարող է նկարել հանճարեղ լուսանկար, ուղղակի նա չի իմանա դրա մասին, որովհետեւ լուսանկարը նաեւ պատկերի ընտրության մեթոդ է, ճիշտ այնպես, ինչպես որ տեքստը բառերի ընտրության մեթոդ է։ Դուք կարող եք գրել ցանկացած բան, բայց դրանք կլինեն ընդամենը բառեր, իսկ փորձեք այդ բառերը դնել այնպիսի հաջորդականությամբ, որը դնում էր ասենք Պուշկինը կամ Ախմադուլինան։ Ինչպես որ բառերը կարող են արտահայտել ձեր վերաբերմունքը աշխարհի հանդեպ, այնպես էլ լուսանկարը կարող է արտահայտել այդ ամենը»։

Ճիշտ արված լուսանկարն, անխուսափելիորեն ցույց է տալիս ժամանակը։ Ռոստը էկրանին ցուցադրում է հերթական լուսանկարն ու նկատում․ «Գիտե՞ք ինչու է այս լուսանկարը խոսում ձեր հետ, որովհետեւ այդ պահին դու կանգնած ես քո պերսոնաժի եւ հանդիսատեսի միջեւ, իսկ ցուցահանդեսի ժամանակ արդեն հեռանում ես»։ Ռոստի ամենահին լուսանկարը 70 տարվա պատմություն ունի, դա Կիեւի իրենց տան՝ Թատերական բակում, 8 տարեկանում արված 3 տղաների դիմանկարն է։

«Լուսանկարչությունը «գողություն» է, միգուցե բարձր տեսակի «գողություն», բայցեւայնպես այդ պատկերը քեզ չի պատկանում։ Պատերազմից հետո «снять» բառը, գողություն բառի հոմանիշն էր դարձել, ինչպես օրինակ «снял часи, снял бумажник, снял фотографию», այսինքն՝ ես ձեզնից գողացա ձեր պատկերը։ Նույնիսկ որոշ երկրների մշակույթներում դա շատ պատժելի արարք է, որովհետեւ դու ներխուժում ես մի այլ մարդու կյանք, ստեղծում ես նրա պատկերի հարթ անալոգ տարբերակը եւ կարող ես դրա հետ ինչ ուզես անել։ Լուսանկարիչն ավելի հաճախ լուսանկարում է ոչ թե իրականությունը, այլ իր պատկերացումը այդ իրականության մասին»։

Ռոստը հիշում է՝ երբ գնաց Անդրեյ Սախարովին նկարելու, միայն տեղում տեսավ, որ վերցրել է ընդամենը մի ժապավեն․ «Ես սկսում եմ լուսանկարել, մեկ էլ այդ ընթացքում նա բարձրացնում է գլուխը եւ ասում՝ քանի՞ կադր կա ժապավենում, ասում եմ՝ 36, բայց բարակ ժապավենի դեպքում կարող ենք ձգել մինչեւ 40, Սախարովն ասում է՝ դուք արդեն չխկացրել եք 46 անգամ։ Ես զգացի, որ չարժե ձեւեր թափել ու ասեցի՝ գիտեք, Անդրեյ Դմիտրիչ, այնտեղ ընդհանրապես ժապավեն չկա։ Իմ անակնկալ պատասխանից նա ավելի շատ ոչ թե վիրավորվեց, այլ հետաքրքրվեց՝ թե ինչո՞ւ այդպես վարվեցի։ Ասացի՝ ինձ հարկավոր է, որ դուք իմ ներկայությունն այլեւս չզգաք։ Դրանից հետո Սախարովն ասեց՝ ժապավենը դրեք ու այդ պահից արդեն դադարեց ինձ վրա ուշադրություն դարձնել։ Ես նկարեցի 30 կադր ու երբ սկսեցի հերթով նայել այդ կադրերը, տեսա, որ դրանք բոլորովին իրարից տարբեր պատկերներ են, թեպետ նա գրեթե չէր շարժվել, չէր փոփոխվել։ Այդ ժապավենի մեջ ես գտա միայն մի կադր, որտեղ ես ճանաչեցի այն Սախարովին, որին ես իմ համար պատկերացրել էի, այսինքն լուսանկարը, նույնիսկ՝ դոկումենտալ լուսանկարը, հանդիսանում է ոչ թե օբյեկտիվ իրականության պատկերը, այլ այն մարդու պատկերացումը, ով դա նկարել է։ Լուսանկարն, իմ կարծիքով այնքան էլ արվեստ չէ, այլ՝ պատկերը պահպանելու մեթոդ, ինչպես օրինակ նկարչությունը, որը կարող է լինել եւ արվեստ եւ գիտություն եւ խզբզանք, նույնը նաեւ լուսանկարի դեպքում, որն իր լավագույն դրսեւորումների դեպքում կարող է արվեստ դիտվել, իսկ առհասարակ, հանդիսանալ վիզուալ ինֆորմացիայի փոխանցման միջոց։ Ինչո՞վ է տարբերվում նկարիչը լուսանկարչից, նկարիչը մշակում է ստեղծագործական, էմոցիոնալ որոշակի ինֆորմացիա եւ իրենից դուրս է բերում նոր կերպարներ, որը կարող է նման լինել եւ չլինել իրական բնորդին, իսկ լուսանկարիչը չունի նման հնարավորություն»,-նկատում է Ռոստը։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X