Օլիգարխը դա պայմանական բան ա, տենց բան չկա

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրինք՝ ինքն է՞լ է հավատում, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ինչի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բիթքոին-մայնինգի կենտրոնի բացման ժամանակ։

Ի դեպ, Փաշինյանը ոչ միայն ասել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան, այլեւ մարդկանց հավատացրել էր, որ իր դաշնակից Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, այլ «խոշոր սեփականատեր»։ Տնտեսագիտության դոկտոր, դասախոս Միքայել Մելքումյանը, ի պատասխան մեր հարցին, սկսեց երկար-բարակ «գիտական» բացատրություն ներկայացնել «օլիգարխ» հասկացության վերաբերյալ։ «Տեսեք, Հայաստանը դասական առումով երբեք էլ պայման չի ունեցել օլիգարխիկ համակարգ ունենալու։ Մենք դա ուղղակի ասել ենք։ Բայց օլիգարխն էն ա, որ ինքը ռեալ ազդեցություն ունի, իր տնտեսական կապիտալով ազդում է իշխանության որոշումների վրա»,- ասաց Մելքումյանը՝ փորձելով իրենց վրայից «ցրել» օլիգարխի պիտակը։

-Իշխանությա՞ն, թե՞ քաղաքական որոշումների վրա։

-Էդ ա, էլի, քաղաքական որոշումների կամ իշխանության վրա… էն, որ դուրս ենք եկել, նշանակում ա՝ ազդեցություն չունեինք։

-Բայց Գագիկ Ծառուկյանը թերեւս Հայաստանի ամենահզոր տնտեսական կապիտալ ունեցող մարդն է եւ քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը, որն այս կամ այն կերպ միշտ ազդել է իշխանության եւ քաղաքական որոշումների վրա ու եղել է իշխանության կազմում։

-Չէ, եկեք տարբեր բաներ չշփոթենք իրար հետ։ Ունենալ պառլամենտում խմբակցություն, չէ՞ որ շատ ունիտար էր նախագահական ինստիտուտը։ Այսինքն՝ միանձնյա որոշումներ ա եղել։

-Բայց դուք ազդել եք, չէ՞, այդ որոշումների վրա, դուք կառավարության անդամ եք եղել, ազդեցություն եք ունեցել։

-Ո՞ր թվի մասին եք ասում։

-Տարբեր թվերի, այդ թվում՝ մինչեւ վերջերս։

-Մինչեւ վերջերը, նախ՝ քաղաքական ուրիշ սիտուացիա էր, բայց դու քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունես։

-Պարոն Մելքումյան, էլ օլիգարխը պոզով-պոչո՞վ է լինում։

-Հայաստանը փոքր տնտեսություն ունեցող… Հայաստանի չափերը նենց չեն, որ էդ տնտեսական կապիտալը գնա՝ անմիջապես ազդի քաղաքական բարձրագույն որոշումների վրա, դրա համար էլ 2012 թվին մենք դուրս եկանք կոալիցիայից։

-Որ էլ օլիգարխ չլինե՞ք։

-Չէ, ազդեցություն չկա, ռեալ կյանքն ա ստիպում։ Օլիգարխը դա պայմանական բան ա, տենց բան չկա։

-Բայց վատ բան չէ։

-Լավ ա, վատ ա՝ պայման չկա օլիգարխ լինելու։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X