Ծեծե՞լ է արդյոք Հունան Պողոսյանը Շանթին

Վաղը ՏԻՄ ընտրություններ են, իսկ երկիրը նաեւ մտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության փուլ։ Երեւանի քաղաքապետի ընտրությունն ամբողջությամբ իր ուսերին տարած եւ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն ապահոված Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում եւս զերծ չի մնացել վարչապետի իր ազդեցությունը նախընտրական փուլում գործի դնելու գայթակղությունից։

Նա գնացել է Էջմիածին՝ մասնակցել Էջմիածնի տոնին, կարելի է ասել՝ քարոզչություն է կատարել Էջմիածնում առաջադրված իրենց թեկնածուի օգտին։ Ապա երեք օր առաջ քարզչություն է իրականացրել Արմավիրում՝ իրենց չափազանց երիտասարդ թեկնածուի օգտին։ Նախապես ասում էին, որ միայն Կապան չի հասցնի մեկնել, քանի որ ժամանակը սուղ է, եւ 19-ի երեկոյան մեկնելու է Լիբանան, որտեղից վերադառնալու է ընտրությունների օրը։ Սակայն, հավանաբար, իրավիճակը լուրջ էր՝ Կապանում իրենց թեկնածուի շանսերը փոքր են, եւ այնտեղ ուժեղ մրցակից կա, ուստի որոշեց Կապան էլ մեկնել եւ ադմինիստրատիվ ռեսուրսի, թե իր հանդեպ ժողովրդական սիրո «չարաշահման» շնորհիվ անցկացնել թեկնածուին։

Երեկ նա մի քանի ժամով, ուղղաթիռով մեկնել է Կապան, ապա վերադարձել եւ գիշերը մեկնել Լիբանան։ Կապան քաղաքում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր վերջին աղմակահարույց նշանակման մասին։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, ընդհուպ մինչեւ Սյունիքում ճանապարհ փակելը եւ բողոքի ակցիա իրականացնելը։ Խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին՝ վարչապետն ասել է, որ Սյունիքի մարզով է ամենաշատը թմրամիջոց մտնում Հայաստան, բացի այդ, ամենաշատ հանցավոր դեմքերը Սյունիքում են, եւ, իր համոզմամբ, Սյունիքի մարզպետը պետք է լինի բարձրաստիճան զինվորական, ով կարող է ժամանակին ձեռքը խփել սեղանին․ «Էդ նույն քննադատությունները հնչում էին, երբ որ ես ՀՀ ոստիկանապետ նշանակեցի Վալերի Օսիպյանին։ Բայց հոկտեմբերի 2-ի ԱԺ հանրահավաքի ժամանակ մարդիկ վանկարկում էին Օսիպյանի անունը։ Նույնն ասում էին Վանեցյանի մասին, ասում էին, որ նա ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է, բայց այսօր նրան նույնկերպ ողջունում են, ինչպես Օսիպյանին»։

Փաշինյանը նաեւ նշել է, թե ինչ հանձնարարականեր է տվել Հունան Պողոսյանին։ Դրանք 3-ն են․ 1․ Վերականգնել արդարությունը 2․ Ապահովել նոր ներդրողների համար պայմաններ 3․ Ապահովել Սյունիքի բնակիչների ազատությունը պոտենցիալ օլիգարխիական ճնշումներից։ «Այո, Հունան Պողոսյանը նշանակվել է ժողովրդի կառավարության կողմից, եւ նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել չի կարող»,- հավելել է վարչապետը։ Նա նաեւ խոսել է ժամանակին իր կողմից արված հայտարարության մասին, որն օրերս տարածվել է համացանցում եւ սաստկացրել աղմուկը Պողոսյանի նշանակման հետ կապված։ «Ազատություն» ՌԿ-ին 2013 թվականին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ծեծել է Շանթ Հարությունյանին, սպառնացել ընտանիքին։

«Ես անհարմար վիճակում էի այն ժամանակ, երբ արեցի այդ հայտարարությունը՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի հայտարարությունների վրա, բայց Շանթ Հարությունյանը չհաստատեց, որ ես իր խոսքերից եմ ասել, եւ չտվեց ցուցմունք ու բացատրություն։ Բայց ես միջնորդել եմ, որ իրավապահները նորից քննեն այդ գործը, եւ Հունան Պողոսյանի պատասխանը կլինի այդ ժամանակ։ Բայց ես հարց եմ տվել Հունան Պողոսյանին եւ ստացել եմ պատասխան, բայց չեմ ասի այդ պատասխանը, որովհետեւ կոռեկտ չէ, բայց պետք է ասեմ, որ այդ պատասխանն ինձ բավարարում է, մնացածը թող քննությունը պարզի»,- ասել է վարչապետի ԺՊ-ն։

Մեկնաբանություն
X