Արարատի մարզպետը վենդետա է իրականացնում

Մեր տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նախօրեին իր մոտ է կանչել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին՝ նախկին մարզպետ Արայիկ Գրիգորյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին, եւ հրահանգել հրաժարականի դիմում գրել: Խորհուրդ է տվել իրեն «տղավարի» պահել եւ առանց ավելորդ աղմուկի հեռանալ: Նա համայնքապետին տեղեկացրել է, որ Նորաշենի նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանը Գրիգորյանի կատարած շարաշահումների մասին բազմաթիվ դեպքեր է պատմել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գրիգորյանը հակադարձել է մարզպետին, ասելով` եթե անօրինականություններ եմ կատարել, թող իրավապահները զբաղվեն ինձնով: Եվ իրավապահները շատ չեն ուշացել․ հենց նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, գիշերով մտել են գյուղ եւ Նորաշեն համայնքի տասնյակ բնակիչների (առանց տարիքային սահմանափակման) բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին` Նորաշենի ՀՀԿ-ական գյուղապետի դեմ ցուցմունք տալու: Հարցաքննությունն անձամբ վարել է ոստիկանության մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը:

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց․ «Ոստիկանության ծառայողները, ձեռնարկած միջոցառումներով, տեղեկություններ են ստացել, որ Նորաշեն համայնքի ղեկավարն օգտագործել է պաշտոնեական դիրքն ու ապօրինություններ կատարել: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է հետեւյալը` 2017, 2018 թվականներին համայնքի ղեկավարը բնակիչներին անհատույց դրամական օգնություն տրված գումարներից մի քանի հարյուր հազար դրամ յուրացրել է: Ոստիկանության ծառայողները շարունակում են միջոցառումները` ապօրինության այլ փաստեր հայտնաբերելու նպատակով»: Մեզ պատմեցին, որ Նորաշենի համայնքապետը մարզպետի աշխատասենյակից հեռանալուց առաջ ասել է․ «Դուք` Նիկոլի կադրերդ, վարկաբեկում եք Նիկոլի անունը», ինչին ի պատասխան՝ մարզպետը սպառնացել է․ «Դու ինքդ որոշեցիր քո ճակատագիրը»:

Մեկնաբանություն
X