Վենետիկի հանձնաժողովը ոչինչ չի ասել, իսկ հանձնաժողովի նախագահը ասել է ոչ այն, ինչ տարածել է Փաշինյանի կառավարությունը

Երեկ Վազգեն Մանուկյանի դիպուկ բնորոշմամբ` Հայաստանում բեմադրվող մի դերասանի թատրոնը արտագնա ներկայացում էր տալիս Վենետիկում: Այնտեղ էր մեկնել գլխավոր դերակատարի փոխարինող Արարատ Միրզոյանը, որը 23 էջ ծավալով, լավ կամ վատ անգլերեն թարգմանությամբ տեքստ էր տարել Վենետիկի հանձնաժողով` Փաշինյանի կառավարության կողմից ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ` առանց երեւի մտածելու, որ Վենետիկում նստող մարդիկ ՀՀ որեւէ օրենսգիրք անգիր չգիտեն եւ նրանցից շաբաթներ կպահանջվի փոփոխություններին ծանոթանալու, էլ ուր մնաց դրանք գնահատելու եւ կարծիք ձեւավորելու համար:

Հետեւաբար սպասելի էր, որ Վենետիկի հանձնաժողովից Միրզոյանի տարած ծրարին եւ ունեցած ելույթին արձագանք չէր լինելու։ Եվ այդպես էլ կար։ Թեեւ Հայաստանի վերաբերյալ հարցը քննարկվել էր եւ Միրզոյանն էլ ելույթ էր ունեցել, կեսօվա ընդմիջումից առաջ, ավելի ուշ քննարկված (դիցուք Ռումինիայի վերաբերյալ) հարցի մասին տեղեկատվություն տարածված էր, իսկ Հայաստանի մասին ոչինչ չկար։ Այդ լռության ֆոնին Վենետիկի ժամանակով երեկոյան 5-ի մոտակայքում Հայաստանի կառավարությունը, պետք է ենթադրել ինքնագլուխ, Վենետիկի հանձնաժողովի անունից կամ այդ հանձնաժողովին վերագրումներ անող տեքստ տարածեց:

Երեւի մի կես ժամվա ընթացքում տեղեկությունն այդ մասին հասավ Վենետիկ, ինչից հետո Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հայտվեց Հայաստանի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որը գրեթե ոչ մի համընկնում չուներ Փաշինյանի կառավարության տարածած տեքստի հետ: Տեքստն ամբողջությամբ մեջբերում ենք ստորեւ.

Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը.

Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի առաջին փոխվարչապետի միջեւ Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում ծավալված քննարկումների արդյունքով,

Ճանաչում եւ սատարում է խաղաղ գործելակերպին, որով Հայաստանի ժողովուրդը իրականցնում է փոփոխություններ,

Ճանաչում է Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որ պահանջում է վաղ ընտրությունների անցկացում,

Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը` համապատասխանելու միջազգային չափանիշներին Ընտրական օրենսգիրքը վերանայելիս։

Նշում է, որ առաջարկվող փոփոխությունները հետապնդում են իրավաչափ նպատակներ եւ հիմնականում թվում են դրական,

Ողջունում է, մասնավորապես, բոլոր քայլերը որոնք նպաստում են քվեարկելու իրավունքի իրացմանը, լրատվամիջոցների մատչելիության, դիտորդների իրավունքների եւ առյասարակ ընտրությունների թափանցիկության բարձրացմանը ինչպես նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարին,

Ողջունում է սահմանափակումների վերացումը` առաջին փուլից հետո ձեւավորվող դաշինքների մասնակիցների թվի հարցում, ինչը Վենետիկի հանձնաժողովի եւ ODIHR (ԺՀՄԻԳ)-ի կողմից տրված գլխավոր խորդուրդներից էր,

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի կողմից տրված այլ խորհուրդների կենսագործումը, որոնք մասնավորապես վերաբերվում էին.

. ընտրական շեմերի իջեցմանը, ընտրագրավի վերադարձման շեմերի իջեցմանը, ընտրագրավների գումարի նվազեցմանը,

. դիտորդների եւ լրատվամիջոցների հավատարմագրման վերջնաժամկետների կրճատմանը, ինչպես նաեւ դիտորդների աշխատանքին խոչընդոտող հանգամանքների վերացմանը, ինչպիսին էր օրինակ դիտորդների թվի սահմանափակման հնարավորությունը,

. զինվորականների ազատ քվեարկության երաշխավորմանը:

Վկայակոչում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները ընտրական համակարգի մեծ փոփոխությունները, ինչպիսին, օրինակ, տարածքային ցուցակների վերացումն է, ընտրությանը նախորդող մեկ տարում կատարելու վերաբերյալ,

Նշում է, որ այս վերապահումները նվազ վերաբերելի են, եթե քաղաքական ուժերի միջեւ փոփոխությունների վերաբերյալ առկա է փոխհամաձայնություն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X