Սերժ Սարգսյանի խնամին՝ նոր իշխանությունների պաշտպան

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում երեկ քննարկվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, վարչապետին կից ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Նախագծի վերջնական տարբերակը, ի դեպ, հայաստանյան իշխանությունները Վենետիկ էին ուղարկել երեք օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը, անգամ մեծ ցանկության դեպքում, չէր հասցնի նույնիսկ կարդալ։ Իսկ այն, պարզվեց, մոտ 25 էջանոց փաստաթուղթ է, որտեղ ուղղակի գրված է՝ այսինչ հոդվածը փոխել հետեւյալ խմբագրությամբ։

Այսինքն՝ այն չէր ուղարկվել կարծիք ստանալու նպատակով։ Սրանից կարելի է եզրակացնել, որ գործող իշխանությունները «չորով» չհրաժարվեցին Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունից։ Մինչ Երեւանում պաշտոնական հաղորդագրություն կլիներ Վենետիկում քննարկման եւ արդյունքների վերաբերյալ, Իոաննիսյանը գրառում արեց․ «Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք, որոնց մասին քիչ անց կառավարության պրես-ռելիզ կլինի»։ Դրան հաջորդեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրառումը, որը փաստացի հերքում է Դանիել Իոաննիսյանի այս գրառման էությունը։ «Երբե՛ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։ ՀԳ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է ԱԺ փոխնախագահը։

Կառավարության կայքում տեղադրվեց նաեւ Արարատ Միրզոյանի՝ Վենետիկում ունեցած «հեղափոխական» ելույթը։ Միրզոյանի խոսքով՝ «արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու մայիս ամսին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական խաղաղ հեղափոխությունը, հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ եւ սահմանադրական ճգնաժամը՝ ձեւավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում հայ ժողովրդի քաղաքական կամքն ու նախընտրությունը»։

Այն եզրափակվում է հետեւյալ կերպ․ «Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման եւ երկրի կայուն զարգացման հետ։ Մենք՝ որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը եւ մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը»:

Երեկ ԸՕ նախագիծն ընդունվեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Ուշագրավ է, որ նիստից բացակայում էին ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, անտեսելով այդ իրողությունը, Արարատ Միրզոյանը վենետիկցիների առջեւ իր ելույթում հղում արեց այդ նիստին՝ ասելով, թե «քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին»: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարեւորությունը եւ շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետեւ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է:

Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է պարունակում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը: «Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված Ընտրական օրենսգրքի կայունության եւ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, եւ նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»,- հաղորդում է ՀՀ կառավարության կայքը: Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի խնամին է, եւ նրա ձեռամբ Սահմանադրությունը «կարվեց» Սերժ Սարգսյանի վրայով, իսկ հիմա, փաստորեն, նա դառնում է նոր իշխանությունների պաշտպանն ու սահմանադրագետը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X