Հերքում են պահանջում, որ ֆինանսավորումից չզրկվեն

«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 8-ի համարում նյութ էինք տպագրել, որի հիմքը ԵՊՀ աշխատակիցներից մեկի նամակն էր, որում նա ԵՊՀ աշխարահագրության և երկարաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին մեղադրում էր գիտպետկոմի կողմից ֆինանսավորվող գիտաշխատողների աշխատավարձի քարտերը նրանցից վերցնելու, նրանց աշխատավարձը ստանալու և միայն կեսը տրամադրելու մեջ։ Հեղինակը ցանկություն էր հայտնել անանուն մնալ, սակայն մենք նամակի վերաբերյալ ներկայացրել էինք նաև դեկան Գրիգորյանի պարզաբանումը՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ՝ այդպես ապահովելով նյութի բազմակողմանիությունը։ Ի դեպ, նա իր անձի շուրջ «զրպարտություններ» տարածելու մեջ մեղադրում է իրենց ֆակուլտետի նախկին աշխատակից, գիտությունների դոկտոր Մաքսիմ Մանասյանին ու «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանին։ Նշենք նաև, որ Մարատ Գրիգորյանը մեր նյութի վերաբերյալ հերքում է տարածել նաև ԵՊՀ պաշտոնական կայքում։ Սակայն այդ ամենից հետո նա խնդրեց մեզ այցելենք համալսարան եւ լսենք իրեն, սակայն պարզվեց նպատակը մեր աղբյուրի իսկությունը ճշտելն էր։ Նաեւ պնդում էր, որ մենք մեր լրատվամիջոցի անունից հերքում տարածենք։

Այժմ նամակով մեզ են դիմել ֆակուլտետի աշխատակիցները՝ Սարգիս Քելյանը, Լևոն Հարությունյանը, Լիանա Մանուկյանը, Եսթեր Մանուկյանը և Տաթևիկ Բոյախչյանը, որոնք կոլեկտիվ նամակ են գրել։ Ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ․

«Հոկտեմբերի 8-ին Ձեր կողմից հրապարակվող թերթում Կորյուն Սիմոնյանի հեղինակությամբ «Սկանդալ ԵՊՀ-ում, նոր «Սաշի՞կ» է հայտնվել վերնագրով հոդված է տպագրվել ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մ․ Գրիգորյանի և մեր վերաբերյալ։ Որտեղ ԵՊՀ-ի ինչ-որ աշխատող, որի անուն-ազգանունը Ձեզ է հայտնի, զրպարտում և մեղադրում է մեզ՝ ֆակուլտետի գիտպետկոմի կողմից ֆինանսավորված լաբորատորիայի աշխատակիցներիս և Մ․ Գրիգորյանին, որ մենք անազնիվ գործարք ենք կատարում, մեր աշխատավարձի պլաստիկ քարտերը տրամադրում ենք Մ․ Գրիգորյանին և մեր հասանելիք օրինական ճանապարհով ստացած աշխատավարձը կիսում ենք նրա հետ։ Սա քրեական մեղադրանք է և մեր և Մ․ Գրիգորյանի դեմ, որի համար մեր բողոքն ենք հայտնում։ Մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի, կատարում մեր աշխատանքը, վարձատրվում ըստ հաստիքային ցուցակի (ասենք, որ այն շատ չնչին է՝ տարբեր աշխատակիցների մոտ տատանվում է 60-70 հազարի սահմաններում ) և ստորություն է մտածել, որ մեզնից որևէ մեկն իր հասանելիք աշխատավարձը կարող է տալ մեկ ուրիշին, երբ այդ աշխատավարձը մեր ապրելու միակ միջոցն է։ Տիկին Ա․ Օհանյան, դիմում ենք Ձեզ «Հրապարակ» օրաթերթի միջոցով հերքում տալու նշված հոդվածում փաստերի անհիմն լինելու պատճառով, որը նաև կարող է հիմք հանդիսանալ գիտ․պետ կոմիտեի կողմից լաբորատորիան չֆինանսավորելու՝ այսպես կոչված «կոռուպցիոն ռիսկը բացառելու» համար»։

Վերջում հավելենք, որ նյութում հրապարակված նամակի մեջ տեղ գտած մեղադրանքներին Մ․ Գրիգորյանն արդեն պատասխանել էր մեր հոդվածում, իսկ մեղադրանքները ուղղված էին իրեն, այլ ոչ գիտաշխատողներին, և առնվազն տարակուսելի է այն պնդումը , որ մեղադրանքները նաև վերաբերում են իրենց։ Ինչ վերաբերում է Մ․ Գրիգորյանին, ապա նրան տրվել է իր հասցեին հնչեցվող մեղադրանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու հնարավորություն, այսինքն՝ ունեցել է ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հերքման և պատասխանի իրավունքն իրացնելու հնարավորություն, ուստի լրատվամիջոցը պարտավոր չէ լրացուցիչ հերքում տպագրել, բայց մենք ընդառաջում ենք, որ տպավորություն չստեղծվի, թե ինչ որ միտում կա։

Մեկնաբանություն
X