Սեր և ատելություն

Հիմա ավելի լավ եմ հասկանում պարզ աչքերով աշխարհին նայող մեծ գրողին՝ ինչ որ բան այն չէ։ Պայքարը սկսվեց «Մերժիր Սերժին» նշանաբանով։ Այնպես լա՜վ էին կոկորդ պատռում, այնպե՜ս լավ էին «հանգերը բռնեցրել», որ «Մերժիր Սերժին» -ը վերածվել էր երգի։ Ո՜նց էին երգում․․․

Մանկահասակների, դպրոցականների դեռևս չձևավորված հոգիներում ատելության սերմեր էին ցանում՝ «Մերժիր Սերժին», նրա շրջապատը, պետական կառույցի բոլոր աշխատողներին։ Ոչ մեկը չէր կարողանում այդ ատելության մթնոլորտում բառ արտաբերել, ասել, որ այդ ատելությունը հետագայում ուղղվելու է ձեր դեմ, հեղափոխության առաջնորդներ, որովհետև ասված խոսք է՝ ինչ ցանեք, այն էլ կհնձեք։ Չէր կարող, որովհետև ատելությունից կուրացել էին մարդիկ, այնքան էին կուրացել, որ մի քանի հոգով գնում էին ՀՀԿ-ական պատգամավոր կանանց տների շրջակայքը, գոռում գոչում, վարկաբեկիչ հայտարարություններ անում, խայտառակում նրանց իրենց երեխաների, հարևանների առաջ։ Ամենամեղմ ձևով եմ ասում։ Հետո դպրոցներ էին գնում՝ պահանջում այս կամ այն տնօրենի հրաժարականը։ Կամաց- կամաց բարձրացան՝ քաղաքապետի, կաթողիկոսի հրաժարականներն էին պահանջում։

Փաշինյանի շուրջ ատելության համախմբում ստեղծվեց։ Ու նա իր «մերժիրների շնորհիվ» վարչապետ կարգվեց։ Խփում էին թիրախին՝ ԱԱԾ- ով, ոստիկանությամբ։ Ամեն օր սկանդալային հայտարարություն՝ այսինչը լափել է այսքան միլիոն, ԱԱԾ-ն բացահայտել է։ Տասը տարվա հնությամբ գործեր էին լույս աշխարհ բերվում։ Մարդիկ ուրախանում էին, որ իրենց թալանողները կանգնում են օրենքի առաջ։ Ուրախանում էին կարճ, որովհետև ում բռնում, բաց էին թողնում։ Հետո սովորական դարձավ բռնել- բաց թողնելը, «ասֆալտին փռելը»։ Իսկ այդ սովորականը կարող էր էապես ազդել հեղափոխական էյֆորիայի վրա, որովհետև ատելության շուրջ էին մարդիկ համախմբվել, վրեժխնդրության շուրջ․․․

Ատելության, անհանդուժողականության այս ֆոնին նոր կառավարությունը հիմա էլ հանրությանը սեր է մատուցում։ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առթիվ Նիկոլ Փաշինյանն ասում է․

«Մենք նոր փուլ ենք մտնում: Ես մի քանի անգամ ասել եմ` կա բարիկադներ կառուցելու ժամանակ, կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ: Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիր չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիր է: Դա այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու: Հայաստանում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որ որևէ բացասական արձագանք չունենա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսն այնքան էլ բոյով չի: Այսինքն՝ անթերի մարդիկ չկան և անթերի նշանակումներ չեն լինելու:Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ուղերձ հղենք այն մասին, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը»։

Ու ամփոփում է․ «Չպետք է թույլ տանք, որ Հայաստանում զարգանա «քաղաքական ռասիզմ»։

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ «մի այլ կարգի սեր է մատուցում»․
«Մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք Հայաստանն ավելի լավը լինի։ Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում»։

․․․ Առայժմ այդ «ոչ անթերիները» նշանակվում են բարձր պաշտոնների, որոնք մինչ այդ՝ վարչապետի ներկայացմամբ գել ու գազան էին, ժողովրդի թշնամին, սև ու սպիտակը։

Այդ կտրուկ անցումը անսպասելի է մարդկանց համար։ Ատելությունը, որը «լիցքավորվել է», ժամանակ է պետք՝ լիցքաթափվելու համար։ Այն պետք է պարպվի։ Ատելությունը, որի շուրջ համախմբվել են մարդիկ՝ ընդդեմ գոռալով, այսօր կարող է այդ համախմբումը փլվել։ Այն, ինչից Փաշինյանը վախենում էր։ Ֆեյսբուքն իր գոյության օրից այնքան հայհոյանքներ չի ընդգրկել իր մեջ, ինչքան վարչապետությանդ հինգ ամիսներին, Նիկոլ Փաշինյան։ Ու դուք ասում էիք, որ դա ժողովուրդը ինքնաբուխ է անում։ Բայց չէ՞ որ ասում էիք նաև, որ այդ ժողովուրդը դուք եք․․․

Իսկ հիմա սիրու՞ց եք խոսում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X