Ղարաբաղյան էպոպեա

«Ղարաբաղյան կարգավորման մեջ տարածքների հանձնման հարց դնելով՝ նշանակում է ընդհանրապես թաղել այդ կարգավորումը... Դա նույնն է, որ պահանջենք Լեհաստանից Գերմանիային հանձնել Գդանսկը կամ Արևելյան Պրուսիան, Չեխիայից պահանջենք ընդունել սուդետների գերմանացիներին և այդպես շարունակ»,- գրում է արցախցի խորհրդարանականը:

Ճիշտ կլիներ, որ այդ դեպքում նա ներկայացներ կարգավորման իր պատկերացումը: Թե չէ ստացվում է, որ ֆեյսբուքում կարելի է քննադատել ԱՄՆ դեսպանին, մի քիչ բառախաղ անել, եւ հարցը թողել առկախ: Տվյալ դեպքում ելակետային է «կարգավորում,, հասկացությունը, որը ենթադրում է հակամարտության համապարփակ լուծում, Հայաստանի եւ Ադրբեջանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում կայունության եւ փոխշահավետ համագործակցության ապահովում: ԱՄՆ դեսպանը հայկական կողմին չի հորդորել, որ տարածքներ վերադարձնի: Նա ասել է, որ կարգավորման դեպքում դա անխուսափելի է: Այսինքն բաց է թողել այն տարբերակը, որ կարգավորում կարող է եւ չլինել, ստատուս-քվոն հնարավոր է տեւի եւս մի քանի տասնամյակ կամ հարյուր տարի: Դա կողմերի ընտրությունը կլինի՝ երբ հայերը չեն համաձայնի տարածքներ վերադարձնել, ադրբեջանցիները չեն ճանաչի ներկայիս փաստացի սահմաններում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իրավիճակը մերթընդմերթ կսրվի՝ հասնելով պատերազմականի, միջնորդ երկրները կմիջամտեն, կկանխեն լայնածավալ արյունահեղությունը...

Սա էլ, անշուշտ, տարբերակ է, բայց՝ ոչ թե կարգավորման, այլ՝ պերմանենտ առճակատման, ինչին միջազգային հանրությունը գուցե ավելի է պատրաստ, քան՝ կողմերին ինչ-որ լուծումներ պարտադրելուն: Տվյալ համատեքստում պարադոքսն այն է, որ հակամարտության կողմերն իրենց խնդիրը բարդում են միջազգային հանրության պատասխանատվությանը: Ադրբեջանը հույս է պահում, որ աշխարհը մի օր Հայաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, կստիպի վերադարձնել տարածքները: Մենք էլ մեր հերթին սպասում ենք, որ ազդեցիկ երկրներից մեկը կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահները՝ կոնսոլիդացված որոշմամբ, կճանաչեն ԼՂ անկախությունը, Ադրբեջանին կպարտադրեն հաշտվել հետպատերազմական իրողությունների հետ: Մինչդեռ մեծ հաշվով աշխարհին ոչ Ադրբեջանն է հետաքրքիր, ոչ, մանավանդ, Հայաստանը: Միջազգային խոշոր խաղացողները, նույնիսկ Իրանը եւ Թուրքիան գործ ունեն մեկ իրողության՝ Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանի հետ, որը ոչ վաղ անցյալում մաս էր կազմում Խորհրդային Միությանը, իսկ ներկայումս պարփակված է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ:

Այս հայացքով նայելիս՝ բոլորովին էլ նշանակություն չունի, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի՞ն մաս կկազմի, թե՞ Ադրբեջանին կամ կլինի անկախ պետություն կամ ՄԱԿ-ի պրոտեկտորատ: Էականը տարածաշրջանի աշխարհաքաղաքական, քաղաքակրթական պատկանելիությունն է: Երբ ինչ-որ բան գոնե մոտավոր տեսքի գա, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կվերածվի տեխնիկական խնդրի: Ինչպես որ դա եղավ 1921թ. հուլիսի 5-ին: Բայց այդ հեռանկարը չեզոքացնելու հնարավորություն այսօր կա: Կողմերը դեռեւս կարող են գալ պայմանավորվածության եւ տարածաշրջանը փրկել արտաքին էքսպանսիայից: Ցավոք, նրանք գերադասում են ժամանակ ձգել՝ սպասելով «միջազգային արբիտրաժի» որոշմանը: Ամբողջ խնդիրն այն է, թե ու՞մ համար է դա ավելի ցավոտ լինելու:

Մեկնաբանություն
X