Ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են Վիգեն Սարգսյանի հետ

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության հետ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ համաձայն չէ ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե ԸՕ-ի շուրջ կազմակերպված քննարկումներն ուշացած են: «Կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողությույն էլ անել, քանի որ ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, որովհետև մի քանի պատգմավորներ շատ լուրջ ու բովադակային քննարկում էին վարում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ական որոշ պտգմավորների կողմից նաեւ առաջարկներ են հնչել։ Իսկ թե ինչ արդյունք է տվել, ի վերջո, այդ հանդիպումը, Միրզոյանն ասաց. «Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ԸՕ, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ ժամանակ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»։

Նա նաև նշեց, որ թե՛ հայեցակարգը, թե՛ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով արդեն ուղարկել են։

«Պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողողվի հետ կոնտակները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»,-ասաց նա։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանն էլ դրանից առաջ իր մտահոգություններն էր հայտնում նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը հապճեպ որոշում է, այս նախագիծն այսօր բերել քննարկելը՝ նույնպես։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X