Երեւի մտածել է, որ Վ․ Օսիպյանին «մարսեցինք», սա էլ կընկալվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով որոշակի մտահոգությունների տեղիք է տվել քաղաքական կարճատեսությամբ չտառապող քաղաքական ուժերին ու անհատներին։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հանրային մեծ աջակցություն է վայելում, դեռ կան հակահեղափոխական օջախներ, շրջանակներ, որոնք չեն հաշտվում հայաստանյան նոր իրողությունների հետ եւ պատրաստ են հանրային շահերը զոհաբերել անձնական-խմբակային շահերին։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հրաժարական է տալու, սոցցանցերում նրա բազմաթիվ համակիրներ արձագանքեցին «Դեմ ենք վարչապետի հրաժարականին» կոչով։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ իրենք դեռ օրեր առաջ են հայտարարություն տարածել եւ բարձրաձայնել հնարավոր վտանգների մասին։ «Նույնիսկ ՀՀԿ-ի կազմաքանդումը, «Բարգավաճ Հայաստան»-ի հետ հուշագրի ստորագրումը, դաշնակցության հախուռն վիճակը չեն բացառում, որ նրանք եւս մեկ անգամ համախմբվեն, ինչպես դա փորձեցին հոկտեմբերի 2-ին։ Եթե հիշում եք՝ մենք ապրիլի 9-17-ը մենք համարում էինք իշխանության վակուում, երբ հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն։ Ինչը եւ տեղի ունեցավ։ Հիմա ստեղծվել է նման իրավիճակ հակահեղափոխականների համար։ Եվ որքան էլ շատերը կարծում են, թե ռեւանշիստները չեն կարող որեւէ բան անել, միեւնույնն է, ես ունեմ մտավախություն, որ հնարավոր է՝ արվեն քայլեր, որոնք կարող են երկիրը հասցնել ցնցումների։ Մենք հիմա հայտնել ենք մեր տեսակետը, որոշողը իշխանություններն են։ Մենք նրանց վրա չենք կարող ներազդել»,- մեզ հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։ Նա հիշեցնում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատություն իրականացնելու մասին, իրենք առաջարկեցին անցնել դրան, օգտվելով անցումային արդարադատությունից՝ մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կանխել ՀՀԿ-ին եւ նախկին ռեժիմին սպասարկող ուժերի գործունեությունը եւ դրանով ամեն ինչ ավարտին հասցնել։ Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում արդեն իսկ հանրային դժգոհության առիթ է դարձել։ Իրավապաշտպանները, մասնավորապես, հիշում են, թե նա ինչպիսի բռնություններ է կիրառել պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Նույնիսկ Գորիսում, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը։ Վարչապետն այս նշանակումը բացատրել էր նրանով, որ չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի զարգացումը, երբ մարդիկ ենթարկվում են որոշակի հետապնդումների միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են, որոշակի գործունեություն են ծավալել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ։

«Կա բարիկադներ կառուցելու եւ դրանք ապամոնտաժելու ժամանակը»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այդ նշանակումից հետո չի՞ կորցնի հանրային վստահության որոշակի պաշար, եթե նկատի ունենանք, որ խնդրահարույց է համարվում նրա կադրային քաղաքականությունն ընդհանրապես։ «Ես չեմ ընկալում կադրային այդ նշանակումը։ Նիկոլ Փաշինյանը երեւի մտածեց, որ եթե «մարսեցինք» Վալերի Օսիպյանին, ապա սա նույնպես կընկալվի։ Ես հիշում եմ, թե ինչպես Հունան Պողոսյանը 2001թ․ սեպտեմբերի 7-ին սադրանք հրահրեց Ազատության հրապարակում, երբ մենք «Արմենթելի» հարցով հանրահավաք էինք հրավիրել։ Նա այն ժամանակ մայոր էր։ Իսկ հանրահավաքից հետո մտան ինքն ու այն ժամանակ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանն էին, որ մտան իմ բնակարանը, տակնուվրա արեցին, ինձ էլ կալանավորեցին։ Իսկ հրապարակում նրանք քաշքշուկ էին ստեղծել։ Այդ մարդը եղել է քաղաքացու իրավունքները ոտնահարողներից մեկը, նրա մահակը միշտ եղել է ժողովրդի գլխին։ Հիմա նա պաշտոն է ստացել, ասում է, որ նոր Հայաստանում են ինքը պաշտոնավարում, մենք էլ չգիտենք, թե որ Հայաստանում ենք ապրում»,- արձագանքեց Պետրոս Մակեյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X