Ծխախոտը Ռուսաստանում կարտադրվի հնարավորինս համեստ տուփերով

Ռուսաստանում խստացնում են ծխելու դեմ պայքարի պետական քաղաքականությունը։ Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ իրենց կողմից ներկայացված առաջարկությամբ ծխախոտը Ռուսաստանում կարտադրվի հնարավորինս համեստ տուփերով, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի եւ գայթակղություն չհանդիսանա քաղաքացիների համար։

Տուփերից կհանվեն լոգոտիպերը, իսկ անվանումն ու ընկերության անվանումը կգրվի սովորական տառատեսակով։ Միաժամանակ կկրճատվեն նաեւ այն վայրերը, որտեղ թույլատրվում է ծխելը։ «Բոլորովին վերջերս Ռուսաստանը համարվում էր ամենածխող երկրներից մեկը։ Սիստեմատիկ եւ բալանսավորված հակածխախոտային քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք նվազեցնել ծխողների թիվը մինչեւ 20 տոկոսի»,- արձանագրել է Սկվորցովան։ Ըստ նախարարի, ներկայումս իրականացվելու է հակածխախոտային պայքարի հաջորդ փուլը, որը կոչվում է ծխախոտի ապանորմալացում։

Մեկնաբանություն
X