Հայտնի ֆրազը բարկացրել է մարալիկցիներին. նոր զարգացումներ Մարալիկում՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ

Շուրջ 2 ամիս է՝ Մարալիկ քաղաքը վերածվել է Սոդոմ –Գոմորի: Բնակիչներից ոմանք դրսում են գիշերում՝ վրանների տակ,մի մասը ճանապարհ է փակում, ոմանք էլ արթնանալուն պես համայնքապետարան են շտապում, որ շենքի մուտքի մոտ ավելորդ մարդ չտեսնեն, այլապես….: Այս ամենի պատճառը ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջն է: Մոտ 10 օր է ՝բնակիչները մետաղալարերով կողպել են քաղաքապետարանի շենքի դռները, շրջափակել են այն եւ ներս չեն թողնում քաղաքապետին ու համայնքապետարանի աշխատակիցներին:

Վերջիններս ելքը գտել են, տեղավորվել են մշակույթի տանը, իսկ համայնքապետ Արտակ Գևորգյանն անդրդվելի է. չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: Մարալիկցիների նյարդերն այս օրերին այնքան պրկված են, որ այլևս ոչ մեկին ու ոչ մի բան չեն հանդուրժում:Երեկվա միջադեպն էլ, թերևս, վառ ապացույց:

Հիշեցնենք, որ երեկ «Ադեկվատ» հաղորդաշարի նկարահանող խմբի տղաների եւ մարալիկցիների միջև բախում էր եղել: Մարալիկցիների հետ հարցազրույցի ընթացքում փորձ է կատարվել խլել նրանց տեսախցիկը, որին հետևել էր քաշքշուկ: «Ադեկվատ» -ի խմբի անդամների խոսքերով՝ թավշյա հեղափոխականներն իրենց նախապես հետևել են, որպեսզի կազմակերպված հարձակվեն: Ավելի ուշ նրանք Երևան են վերադարձել ոստիկանների ուղեկցությամբ: «Էլ ներվեր չկա, հեչ մեկի ու հեչ մե բանի չենք վստահե: Անունը դրել են Մարալիկ, Մարալիկ, քիպիլիկ քաղաք է, ու մեկը չի ըսե՝ էդ քիպիլիկ քաղքի մեջ 1000պրոբլեմ կա, որ լուծող չկա»,-ասում է մարալիկցի մեր զրուցակիցը, ապա խոստովանում, որ «Ադեկվատ» նկարահանող խմբի նկատմամբ բնակիչները կանխակալ վերաբերմունք են ունեցել, երբ նրանց հաղորդումներից մեկում տեսել են, թե ինչպես հայտնի ֆրազը /Մարալիկ, Մարալիկ, քիպիլիկ քաղաք է/ օգտագործելով հեգնել են իրենց: Կատարվածի հետ կապված ֆեյսբուքահայության կարծիքները տարբեր են: ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն էլ այսօր՝ ոչ աշխատանքային օրով, ստիպված եղավ Մարալիկ մեկնել: Դավիթ Սանասարյանը նախ խնդրեց քաղաքացիներին ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ, որ անադեկվատ վերաբերմունքի արժանանան: «Թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքն անեն։ Ազատ Հայաստանում անգամ ադեկվատները խոսելու իրավունք ունեն, հանդուրժող լինենք»,-նշեց նա: Մոտ 2 ժամ տևած հանդիպման արդյունքում ըմբոստ մարալիկցիներն ընկրկեցին եւ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի առջև բացեցին մետաղալարերով պատված համայնքապետարանի շենքի դռները: Ավելի ուշ՝ մոտ մեկ ժամ սպասումից հետո, Դավիթ Սանասարյանի հրավերով համայնքապետարան ժամանեց Արտակ Գևորգյանը: Մի քանի րոպե տևած զրույցի ընթացքում վերահսկողության ծառայության պետը համայնքապետին տեղեկացրեց իրենց մտադրությունների մասին.

«Կանչեք ձեր հաշվապահին, որպեսզի մեր աշխատողներին տրամադրի այն փաստաթղթերը, որոնք պահանջվում են ստուգումներ անելու համար…»:«Սիրով, բայց քանի որ այսօր ոչ աշխատանքային է, մեր աշխատողներն այստեղ չեն»,-ասաց համայնքապետը:Նրա եւ վերահսկող ծառայության աշխատակիցների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուշաբթի իրականացնել ստուգումներ: «Կա ճգնաժամ, անգամ ձեր համակիրներն են փողոց փակում: Բնակիչները բողոքում են, որ կան չարաշահումներ , ճիշտ չէ, որ այդ ճգնաժամը երկարի: Դուք ասում եք, որ ընտրվել եք մեծամասնության կողմից, ինչպես եք պատկերացնում հարցի լուծումը: Հարցի լուծման տարբերակներից մեկն էլ այն է, ինչպես վարչապետն է նշում, այն համայնքապետերը, ովքեր վստահ են իրենց վրա, հրաժարական տան, բնականաբար որոշումը ձերն է»,-նուրբ ձևով ակնարկ արեց Դավիթ Սանասարյանը համայնքապետին: Արտակ Գևորգյանն էլ իր հերթին խնդրեց Դավիթ Սանասարյանին միջամտել, որպեսզի բողոքող բնակիչները համայնքապետարանի մուտքը ազատեն եւ չխանգարեն իրենց աշխատանքը: Նկատենք, որ այդ ողջ ընթացքում տարածքից չհեռացան բնակիչները, ովքեր անհամբեր սպասում էին խոսակցության ավարտին: Դավիթ Սանասարյանի հորդորին ի պատասխան մարալիկցիները խոստացան, որ կհամբերեն մինչև երկուշաբթի, խոչընդոտ չեն հանդիսանա, մինչև վերահսկողության ծառայությոան աշխատակիցները կավարտեն իրենց ստուգումները, սակայն ընդգծեցին՝ պայքարը չեն դադարեցնելու:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X