Ինչո՞ւ Նալբանդյանը չի մասնակցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Հայաստանի կառավարությունը այս անգամ ևս զերծ չմնաց մեծ միջոցառման ժամանակ թույլ տված սխալներից և կիքսերից։ Դրանց մի մասը կարելի է վերագրել անփորձությանը, մի մասը՝ ոչ պրոֆեսիոնալիզմին, մի մասի տակ էլ ակնհայտ քաղաքական ենթատեքստեր են նշմարվում։ Օրինակ՝ էլի հրավիրատոմսերի պատշաճ ուղարկման խնդիր է առաջացել։ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին, օրինակ, հրավեր «ուղարկել են» գագաթնաժողովի նախորդ օրը՝ գիշերվա ուշ ժամի, իսկ հրավիրատոմսը տվել են առավոտյան արդեն ավտոմեքենայի մոտ։

Նրան զանգահարել են ոչ թե կառավարությունից, այլ ԱԺ արարողակարգի վարչությունից և ասել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, կառավարությունում նույնպես նեղված են դրանից, բայց շատ են խնդրում, որ ինքն անպայման ներկա լինի։ Եսայանին, իհարկե, դուր չի եկել հրավերի այս ձևը, բայց չի ցանկացել քեն քշել և խռովել՝ չգնալ, և մասնակցել է գագաթնաժողովին, թեպետ պաշտոնական ճաշին և համերգին չի մասնակցել։ Եսայանն ասաց, որ իր իմանալով՝ հրավեր ուղարկել են բոլոր հանձնաժողովների նախագահներին և տեղակալներին, բայց իր հետ միայն Խոսրով Հարությունյանն է ներկա եղել, մյուսները տարբեր պատճառներով չեն մասնակցել։

Մեկ էլ Արա Բաբլոյանն է մասնակցել բոլոր միջոցառումներին՝ որպես ԱԺ նախագահ։ Միջոցառումներին ներկա չի գտնվել նաև ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մեծ ավանդ ունի այս միջոցառումների՝ Հայաստանում անցկացման հարցում։ ԱԳՆ-ից մեզ ասացին, որ Նալբանդյանը հրավիրվել է բոլոր միջոցառումներին, սակայն անձնական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել։ Թե ինչ անձնական պատճառների մասին է խոսքը, հայտնի չէ։ Մեզ ասացին, որ նախկին արտգործնախարարներից միջոցառումներից մեկին ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X