Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է եւ ապահով

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այսօր Հայաստանը բարեփոխումների փուլում է: Այս ենթատեքստում մի բան եմ ուզում ընդգծել: Բիզնեսը սիրում է խաղի կանոնների հստակություն, եթե կանոնները հաճախ են փոփոխվում դա խնդրահարույց է: Փոփոխությունները, որ հետագայում պետք է արդյունք ապահովեն, անպայման պետք է տան այն դիտակետը, որին պետք է հասնել մի քանի տարի անց:

Խոսելով հարկային քաղաքականության մասին. Վերջերս մեր վարչապետը անդրադարձավ եկամտային հարկի դրույքներին: Ես կարծում եմ, դրանից առաջ շատ կարեւոր էր խոսել սկզբունքների մասին: Հարկային քաղաքականությունը ազդում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ տնտեսական քաղաքականության, առաջարկի եւ պահանջարկի ապահովման, սպառողների եկամուտների վերաբաշխման վրա …Սա գեներացնում է սպասումներ: Հստակ պետք է լինի տեսլականը, երկխոսությունը տնտեսվարողների եւ սպառողների միջեւ: Այս երկու սուբյեկտները իրենց գործունեությունը ծավալում են կառավարության տված մեսիջների, ազդակների հիման վրա: Եթե այստեղ մենք ունենանք ճեղք եւ սպառողները, եւ տնտեսվարողները ունենալու են պահպանողական վարքագիծ, սպասելու են խաղաղվի իրավիճակը նոր ներդրում կատարեն, ինչը ես այսօր տեսնում եմ:

Մենք ունենք հարկային քաղաքականությունը ֆունդամենտալ փոփոխության ենթարկելու կարիք եւ ես տեղյակ եմ, որ այսօր քննարկվում է այդ հարցը: Կարծում եմ, շատ կարեւոր մի հանգամանք պետք է հաշվի առնվի: Յուրաքանչյուր թեզը պետք է քննարկվի տնտեսվարողների հետ, որպեսզի անկախ նրանից հարկային քաղաքականության այդ մոտեցումը դուր կգա տնտեսվարողին, թե ոչ նա տեղյակ լինի ինչի սպասել՝ երեքից հինգ տարվա կտրվածքով:

Եկամտահարկի բեռը այսօր ընկած է գործատուների վրա, որը, ըստ իս, սխալ է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ֆիզիկական անձն է պարտավոր հայտագրվել: Պետք է, իհարկե, արձանագրել նաեւ, որ ոչ ոք չի ողջունում հարկերի բարձրացումը, ոչ ոք չի ուզում հարկը վճարել սեփական գրպանից: Խորին հարգանք ունենալով մեր երգիչ- երգչուհիների հանդեպ, չեմ կարող չնշել, ինչո՞ւ նրանք անհատապես չեն հայտագրվում: Ինչո՞ւ է այդպես… համակարգն է սխալ: Պետք է ամբողջական համակարգ ներդնել, որը միայն այդ դեպքում կաշխատի:

Հարցը, ի դեպ, միայն այն չէ, թե գումարը վճարում է գործատուն , թ՞ե աշխատողը: Կարեւոր է նաեւ այն, թե ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, հարկային պարտավորության հայտարարագրումը: Տարեվերջին յուրաքանչյուր ֆիզիկական անձ պետք է պարտավոր լինի հարկային տեսչությանը ներկայացնել իր ամբողջական եկամուտները: Այսօր աշխատողները չգիտեն էլ , իրենք ինչքան հարկ են տալիս, չգիտեն, որ պատասխանատվությունը իրենց վրա է, ոչ թե գործատուի: Այստեղ հոգեբանական խնդիր կա: Երբեք մարդը կամավոր չի գնա եւ հարկ չի վճարի, քանի դեռ մտածում է, որ պատասխանատվությունը գործատուի վրա է: Համակարգը պետք է փոխվի, եկամուտ ստացողը ինքը պետք է հայտարարագիրը ներկայացնի, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի: Լավ արդյունքի համար առաջնահերթ պետք է ստեղծվի էլեկտրոնային համակարգ: Իհարկե, պարզ է, որ նոր համակարգը միանգամից ներդնել հնարավոր չի լինի: Անցում պետք է արվի փուլային եղանակով, բայց որպեսզի գոնե տասը տարի անց արդյունք ունենանք, պետք է աշխատանքները սկսենք արդեն այսօրվանից: Վաչե Գաբրիելյանի հետ մենք այս քննարկումը ունեցել ենք դեռ 2008 թվականին: Համակարգը մերժվեց: Բայց պետք է արձանագրել, որ եթե ասում ենք, մենք դեռ դրան պատրաստ չենք , ապա ե՞րբ ենք պատրաստ լինելու, դա անհրաժեշտ քայլ է, որ վաղ թե ուշ անպայման պետք է արվի:

Խոսելով հեղափոխության եւ դրամական անշարժ վիճակի մասին: Հայաստանում եղավ հեղափոխություն, որը չառաջացրեց ֆինանսական ցնցում: Դա իրոք ձեռքբերում էր: Ֆինանսական կառավարումը չի սիրում քաղաքականություն, սիրում է խելամիտ տնտեսագիտական մոտեցում: 2017 թվականի դեկտեմբերին ընդունեցինք մի սկզբունք, ըստ որի քաղաքական փոփոխությունները որեւիցե կերպ ֆինանսական կառավարման ոլորտում փոփոխություններ չպետք է առաջացնեն: Հենց դա հիմք հանդիսացավ, որպեսզի հեղափոխության ժամանակ չունենանք ֆինանսական ցնցումներ: Երբ ժողովուրդը ըմբոստության ցույցեր էր անում, մենք մինչեւ գիշերվա երկուսը տուն չէինք գնում եւ խոսում էինք տարբեր երկրների ներդրողների հետ, վստահեցնում, որ մեր երկրում ամեն բան կարգին է… Ներդրողը շատ զգայուն է, նա պետք է համոզված լինի որ վիճակը կանխատեսելի է եւ ապահով: 2020 թվականին արտարժույթի վերաթողարկում է լինելու եւ եթե մենք գնանք արկածախնդրության, դժվարություններ ենք ունենալու այդ հարցում: Օրինակ, Լիդիան Արմենիայի պես մեծ ներդրողի հետ դատական համակարգ մտնելուց առաջ մենք միշտ պետք է մեր մտքում ունենանք, որ 2020 թվականի վերաթողարկման ժամանակ դա կարող է մեզ վրա ազդել: Այն ներդրողը , որ 2020 թվականին է գալու մեր թուղթը առնի, այսօր արդեն հետեւում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ցանկացած ներդրում պետք է կարեւորվի ու խրախուսվի, որովհետեւ հենց դա է պակասում Հայաստանում: Ներդրող գնահատում է ռիսկը եւ համեմատում է բանկային տոկոսի հետ, միայն այդպես որոշելով ներդրում անի, թե՝ ոչ: Ռիսկի գործոնը ներդրողների համար պետք է իջեցնել, որպեսզի նա ստիմուլ ունենա Հայաստան գալու եւ ոչ, օրինակ, Վրաստան: Ներդնողը գնում է այնտեղ, որտեղ իրավիճակը կանխատեսելի եւ կայուն է:

Բիզնեսի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի մաքսատների ճիշտ աշխատանքը: Այստեղ առաջարկ հնչեց բարձրացնել մաքսավորների աշխատավարձը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, ես կարծում եմ դա չի աշխատի: Մարդուն, որ կարողանում է զարտուղի ճանապարհով վաստակել հինգ միլիոն դրամ, ինչքան ուզում ես ավել գումար տուր չի բավարարվելու, քանի որ նա իր սպառումը այդ գումարի մեջ է կարգավորել: Հիշենք դատավորների աշխատավարձերի բարձրացումը, որը ոչ մի արդյունքի չբերեց ու ունեցանք բյուջեի վրա հավելյալ բեռ: Լուծումը ո՞րն է: Աշխարհում երկու լուծում են գտել: Առաջին ձեւն օգտագործվեց Վրաստանում, երբ աշխատանքից ազատեցին մաքսայինի բոլոր աշխատողներին ու բերեցին նոր, երիտասարդ կադրեր, որոնք սովոր չէին կոռուպցիայի: Բայց մեր պարագայում այս հեղափոխական մեթոդը արկածախնդրություն կլինի, որովհետեւ մենք չունենք պահեստային ֆոնդեր: Երկրորդը էվոլյուցիոն տարբերակն է. Խնդիրները հարթվում են ժամանակի ընթացքում: Որպես լուծում կարող եմ առաջարկել ֆրագմենտալ մոտեցումը, փոքր հատվածներում անել փոփոխություններ: Մի տեսչական մարմնում անենք լիարժեք փոփոխություններ, հասկանանք ինչի է դա բերում, հետո նոր շարժվենք առաջ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ

Մեկնաբանություն
X