Իկոնա Սերոժը

Աստծո ամեն օր գործի եմ գնում: Մարդիկ գալիս՝ անց են կենում կողքովս: Ժամանակ կար՝ ես էի իրենց անցնում: Ծերանում եմ, դանդաղում, հիմա իրենք են ինձ անցնում: Երկար ապրելու ուրիշ տարբերակ չկա:

Միակ հնարը ծերանալն է: Ուրախությունն ու տխրությունը խառնվում են միմյանց: Ֆեյսբուքում աղջկաս նկարն էի տեսել՝ թոռնիկս գրկին: Էդտեղ, հաստատ, իմ մանկությունն էլ կար: Նման մի նկար էլ ես ունեմ: Շնողնա սարում ենք: Ե՛ս եմ մորս գրկում, ճիշտ թոռնիկիս հասակին: Մեր աչքերը տխուր են: Մորս խտիտը լի է թշվառությամբ: Դա նկատելի է նաեւ մորս հնամաշ զգեստից ու իմ կարկատաններով հագուստից: Իսկ աղջկաս ու թոռնիկիս նկարում ամեն ինչ պայծառ է: Աղջկաս խնդրել էի՝ նկարը դնի շրջանակի մեջ ու ինձ նվիրի: Միգուցե դա մեղմացներ մանկությանս տխրությունը: Քանզի նրանց ուրախությունն էլ իմն էր… Կողքովս միայն մարդիկ չէ, որ անցնում են: Ժամանակն է անցնում: Բայց էս մեկն ամենեւին չէի սպասում: Կաղ մարդ առաջս ընկավ: Տեր Աստված, բա մարդ էնքան մեծանա, որ չոլա՞խն էլ իրենից անցնի… Որ ուշադիր նայեցի՝ ճանաչեցի: Իկոնա Սերոժն էր, Վերնիսաժի ականավոր դեմքերից: Ինքը ո՛չ սուրբ էր, ո՛չ էլ սրբապատկեր, բայց Իկոնա Սերոժ էին ասում: Նրա բիզնեսն ու պիզդեսն իրար հետ էին, քանզի առեւտուրն իրականացնում էր սիրուհու հետ համատեղ, որն իր տեսքով, հագուկապով, գունագեղ քսվածքով ու գռեհիկ վարվելակերպով ոչ մի կապ չուներ միջնադարյան սրբապատկերների հետ: Էլի մարդիկ թե դրանց հետ մի կապ տեսնում էին, Սերոժի մեջ էին տեսնում: Սրբերի նկարները նրա ձեռով էին գալիս ու գնում: Ամեն դեպքում, իր ամենամեծ ձեռքբերումը Քնոն էր: Քնոն ամենեւին էլ իկոնա չէր, բայցեւ Սերոժի անբաժանելի սրբությունն էր: Մինչեւ սրբապիղծ չլինես, չես իմանա սրբության իսկական գինը: Էդ օրը կաղին տալով, անքուն՝ թափառում էր Երեւանի փողոցներով: Լույսը դեռ չէր բացվել: Ռուբիկ Հախվերդյանը կասեր՝ լուսնի ափսեն էր լուռ գլորվում… Հանրապետության հրապարակում ադամամութից մի սեւ յաշիկ պոկվեց, ճռնչալեն կիսապտույտ տվեց ու կտրուկ արգելակեց: Միջից գունդուկծիկ մի բան գցեցին: Մոտեցավ, կծիկը բացեց: Ա՛յ քեզ կծիկ, նրան ողջ կենտրոնը գիտեր: Քնոն էր, ում գրականով, կարծեմ, Քնարիկ էին ասում: Մութ էր, բայց խիղճն արթնացավ: Շալակած՝ տարավ գցեց իր պահեստը: Պատառոտված բազմոցին, որի վրա Քնոն փլվեց, փեշը բավականին բարձրացավ: Դա էլ բավարար էր, որ Իկոնա Սերոժն իր տղամարդկությունը հիշի: Նույն պահին եւեթ հումանիզմը տեղի տվեց կրքաբորբին: Անհապաղ պառկեց Քնոյի վրա: Քնոն ո՛չ տզզում էր, ո՛չ էլ մզզում, տախտակի պես պառկած էր: Իսկ ինքը, քրտինքը վրա տված, շան պես հեւալով՝ իր գործն էր անում: Որ շատ Քնոյի վրով էկավ ու գնաց, էկավ ու գնաց, ու Քնոն պատասխան ոչ մի շարժում չարեց, Իկոնա Սերոժը տարակուսած հարցրեց.

-Ախչի, գիդե՞ս ինչ եմ անում…

Քնոն տակից չկամությամբ կոպը ճակատն ի վեր ձգեց, մի աչքը ծերպ արեց ու զահլեն գնացած, պաղ, անտարբեր ու բեզարած ձենով ասաց.

-Հա դե՝ քունում ես, էլի՛…

Էդ օրվանից Քնոն դարձավ Իկոնա Սերոժի կոմպանյոնը: Առավոտ կանուխ սփռոցը փռում էր, ապրանքները շարով դասավորում, աչքերը չռում, որ սեղանի վրայից բան չկորչի, ու էստի համեցեքով՝ մանրից առեւտուր անում: Իսկ Իկոնա Սերոժը՝ ձեռուոտն ազատ, զբաղվում էր իր սուրբ գործով, մեկ-մեկ էլ Քնոյին պադդերժկի համար ձայնակցում.

-Էկեք, է՛, էկեք՝ էսքան զիբիլն ո՞ւմ համար եմ բերել…

Էն աղջիկն էլ եկել՝ էսքան զիբիլի միջից իր ուզած զիբիլն էր ուզում գտնել: Ձեռքի ապարանջանից արծաթյա բազում նշաններ ուներ կախած՝ պայտ, կենդանակերպ, նուռիկ, շունիկ, օձ, բու, ձու, փղիկ, հավերժության նշան… բայց էդքանով չէր բավարարվում: Կապույտ քարով սրտիկ էր ուզում, հենց էդպես, միայն եւ միայն կապույտ քարով… Էդքան զիբիլի միջից որտեղի՞ց սիրտ գտներ, էդտեղ սիրտ կդիմանա՞ր, էն էլ, հատկապես, կապույտ քարով… Սերոժն ասաց.

-Էդքան նշան ընչի՞ ես իրար գլխի հավաքել…

Աղջիկը, թե.

-Գործերս լավ չեն, ասում են՝ որ էդ թալիսմանը ձեռքիս կրեմ, գործերս լավ կգնան…

-Աղջիկ ջան,- ասաց Սերոժը,- որտե՞ղ ես աշխատում…

-Ոստիկանությունում,- ասաց աղջիկը:

Իկոնա Սերոժը մի պահ ընկրկեց, կաղ ոտի վրա շուռումուռ եկավ, ասաց.

-Քու գործերը որ լավ գնացին, ուրեմն ուրիշների գործերն են վատ գնալու… Դե ոչինչ, ոչինչ՝ շատ դարդ մի արա… Զատո՜ մեր գործերը լավ կգնան…

Ամեն գործարքի մեջ հազար տեսակ մախինացիա ու աֆյորա կար, սրապեսները որ գան բռնեն, բա Քնոյին, իր տունն ո՞վ պահի… Աչքով աչք չուներ ոստիկանների հետ… Էս ա մեկն էլ՝ Լեռնիկը, էկել ա բսնել առջեւը: Ինքն ապրում ա՝ քիչ ա, չի թողնում, որ ուրիշներն էլ ապրեն: Իր ախպոր՝ Գառնիկի ունեցվածքի վրա անգամ աչք ա տնկում: Խեղճ հարիֆը լավ էլ ապրում էր, էլի՛, էդ մենթին թե խի՞ բերեց մեյդան, գլուխ չէր հանում: Օրենքն էր խստացել, Նիկոլը սաղ կանալները փակել էր, Լեռնիկի ձեռքերը կարճացել էին, ուրիշի գրպանին չէին հասնում: Ախպերը խղճացել էր: Ասել էր՝ արի միասին աշխատենք, հալբաթ մի բան կստացվի… Ստացվելը՝ ստացվել էր, բայց փոխարենը Գառնիկի գործերն էին վատացել: Քանի դրամը քիչ էր, եկամուտն ախպերափայ էին անում: Հենց գումարը հազար-հազարների հասավ, գործն ահագին դժվարացավ: Մեծ գումարը չէր կիսվում: Բաժանվեցին: Կողք կողքի սեղան դրեցին: Էլի շուստրին Լեռնիկն էր. ձեռները քշտած՝ ափռչփուռ էր անում: Չէր խորշում անգամ ախպոր սեղանից: Կլիենտին Գառնիկի դախլից մուղամով իր մոտ էր քաշում ու տեղնուտեղը վրաքաշ անում… Գառնիկ ջան, Գառնիկ, կծկվել, զաբուն թոխլի էր դարձել: Իկոնա Սերոժն էլ, որ գիր ու գրականության հետ հեչ կապ չուներ, ակամայից բլբուլ էր կտրել ու կաղ աշուղի պես՝ էրկու ախպոր վրա խաղիկ կապել: Ասում էր.

Քանի չկար Լեռնիկը՝

Խաշ էր ուտում Գառնիկը,

Հենց որ եկավ Լեռնիկը՝

Խեռս կերավ Գառնիկը…

Էդպես երգով, պարով, Քնոյի հետ ջան էր ասում, ջան լսում, հլա դեռ պարապ ժամանակ էլ ուրիշների վրա խաղ կապում:

-Գործերդ ոնց որ լավ են, հա՞…,- մի օր ասի:

-Գործ-գործ՝ հորս գործն էր,- ասաց,- թե չէ իմն ի՞նչ գործ…

-Հերդ է՞լ գործ ուներ,- զարմացա՝ նկատի ունենալով նրա հոր պատկառելի տարիքը:

-Իմ հերը որ գործ ուներ,- ասաց,- դու որտե՞ղ էիր… Հերս նույնիսկ պատերազմում անգործ չէր, էլ չեմ ասում պլեն եղած ժամանակ: Պատմում էր, որ մի գերմանացու տուն է ընկել: Իմ բանուգործը, ասում էր, կովերին ու ոչխարներին արածացնելն էր: Էդ ընտանիքի հետ որ շատ մոտիկացել էր, տանտիկնոջ հետ ավելի էր մոտիկացել: Անասուններին արածացնում էր, տանտիրոջ բացակայությամբ էլ՝ կնոջ պահանջմունքները բավարարում… Դարձել էր էդ տան սիրելի բարեկամը, ճաշի սեղանին անգամ ինքն իր պատվավոր տեղն ուներ: Ապրում էինք, էլի, դարդոտվում էր հերս, թե էդ կռի՞վն ինչի պրծավ…

Կռիվը չէր պրծել: Կռիվը կռիվ էր՝ մի թիզ տարածքի համար, թեկուզեւ փուչ շահի համար, անգամ գետնին ընկած կոպեկի համար: Փողի կռիվը երբեք չի վերջանում: Հավերժական պատերազմ է: Իկոնաների վաճառքը խիստ ձեռնտու էր, բայց էդ «զիբիլից» միշտ չէ, որ ձեռքն էր ընկնում: Էլի քրեղանից, կճուճից, պուլիկ-մուլիկից էր բան դուրս գալիս: Գնում էր Արտաշատի կողմերը՝ երկու-երեք հազար դրամ տալիս, կավեղեն առնում բերում՝ Վերնիսաժում անտիկվարի տակ թիվ կրակում: Կրակելուն էլ ձեւ կար: Էդ ձեւին միայն ինքն էր տիրապետում: Բայց մինչ այդ ապրանքը պիտի անտիկվար դառնար, մինիմում՝ բրոնզի դար… Բայց ո՞նց… Ոչ ոք չգիտեր, արտակարգ գաղտնիք էր: Իմ շպիոնաժը չլիներ՝ ես էլ չէի իմանա: Էդտեղ էր, որ համը դուրս եկավ: Ինձ ասած՝ աշխարհին ասած… Չկա չարիք՝ առանց բարիք: Դարի գաղտնիքը նրա առասպելական ժլատությունում էր: Հանրային կարգերի կործանումից հետո Իկոնա Սերոժը շատ բանի հետ հաշտվեց, անգամ քաղցի, ցրտի ու մթի, բայց որ զուգարան մտնելու համար հարյուր դրամ պիտի տար՝ էդ մտքի հետ երբեք չհաշտվեց. բա տուալետն էլ փողով լինի՞… Բա հա՛մ հացին հարյուր դրամ տա, հա՛մ էլ արտաքնոցի՞ն… Ոչ մի կերպ չէր տեղավորվում նրա քառակուսի գլխում: Որ մեռներ, փողով տուալետ չէր գնա, դա նույնն էր, թե գնար տուալետից իրեն գցեր: Գնում էր իր «Ֆորդի» դուռը բացում, հատուկ էդ նպատակով պահվող բանկեն նստատեղի տակից առաջը քաշում, պտուկը հանում ու ծանոթ-անծանոթ աչքից հեռու՝ գաղտագողի կթվում: Միամիտ չլինեք՝ նա իրենից դուրս եկածը երբեք չէր թափում, սուրբ-սուրբ արած՝ պահում էր: Ում համար այն պղտոր շեռ ու մեզ էր՝ ում համար էլ դեղին արքայաջուր, որ պահում էր սեւ օրվա համար: Բայց ո՞վ էր էդ օրվան սպասողը… Անգին հեղուկը մշտապես ծախսվում էր գիտա-արտադրական նպատակներով: Արքայաջուրն անփոխարինելի քիմիական պատրաստուկ էր, որի գոյացումն իրականացվում էր օրգանական ընդերքում: Միզապարկի ու միզափամփուշտի միջոցով արտազատվելով՝ այն հրաշքներ էր գործում անօրգանական աշխարհում: Արտաշատից գնված քրեղանները, կճուճները, կուլաներն ու պուլիկ-մուլիկները հո իրանց-իրանց չէի՞ն հնանում: Սկզբում խեցեղենը թաղում էր հողի տակ: Հետո ջուրը կապում վրան: Այն խառնվելով հողի ու կավի հետ՝ մակերեսին սպիտակ բորբոս ու փառ էր կապում: Այնուհետեւ բացում էր հրաշագործ բանկան ու դեղին արքայաջուրը սրսկում խեցեղենի ջանին: Ազոտական շլակներով հագեցած դեղին զանգվածը, հանդիպելով սպիտակ բորբոսին, կանաչավուն երանգ էր ստանում, նույն ֆոնով՝ անջնջելիորեն ողողելով նաեւ խեցեղենը: Բրուտաշեն անոթների պատմական շերտն ապահովված էր: Ժամանակի մեքենան գործում էր անսխալ. ժամանակի նետն ահագնանալով՝ արդեն անցել էր հազարամյակներն ու անվրեպ խոցել բրոնզի դարը: Նույն ահագնությամբ թռչում էր եւ ապրանքի գինը՝ երկու-երեք հազար դրամից հասնելով մինչեւ երկու-երեք հազար դոլարի: Իկոնա Սերոժինը սոսկ միտք չէր, այլ մտքի փայլատակում, որն անցնում էր դարեդար: Թեեւ իր աստվածատուր շնորհքին, նա ամենեւին երախտամոռ չէր: Ամեն վաճառքից հետո չէր մոռանում Բարձրյալին:

-Մեռնիմ Աստծո զորությանը…,- պաղատագին երկրպագում էր…

Էդպես էլ ապրում էր Իկոնա Սերոժը: Երեւանի տարբեր թաղամասերում չորս-հինգ բնակարան ուներ, Ձորաղբյուրում՝ դաչա, ամեն տղու համար՝ մի-մի ֆիրմա ավտոմեքենա, դոշակների մեջ խցկած բրդախառն դոլարներ (բանկերին չէր հավատում)… Բայց որ իրեն հարցնում էին, թե ոնց է ապրում, դեմքը Քնոյի հանգի ծռում էր.

-Հա դե,- ասում էր,- ապրում ենք, էլի՛…

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Մեկնաբանություն
X