Բոլոր դեպքերում նավն ափսոս է

Պատմական զուգահեռներ

Այսօրվա շատ երեւույթներ իրենց հեռավոր զուգահեռներն ունեն անցյալում: Մի փոքր հումորով վերաբերվելու դեպքում դրանք կարելի է գտնել անհավանական տեղերում: Օրինակ, մ.թ.ա. 331 թվականին Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացին քառասուն հազարանոց (մեր օրերում՝ 4 մանդատանոց) բանակով հաղթանակ է տարել պարսկական բազմապատիկ զորաբանակի դեմ: Մինչեւ հիմա էլ այն համարում են հրաշք: Մերօրյա ընկալումներով, իհարկե, կարելի է որոշ մեկնաբանություններ անել: Այսպես, Ալեքսանդրի հետախույզներն ավելի տեղեկացված էին թշնամու մասին: Հրաշալի գիտեին, որ Դարեհը չսիրված թագավոր է, որ հսկայական կայսրությունը պահպանվում է վախի ու խաբեության միջոցով, որ հասարակ ժողովուրդը հայտնվել է թշվառության մեջ, եւ ընդամենը առիթ է պետք, որ ողջ դժգոհությունը դուրս գա ջրի երես: Իսկ Դարեհին շրջապատողները, այդ թվում՝ «ԱԱԾ-ի պետը», չէին համարձակվում կամ չէին կարողանում նրան ճիշտ ներկայացնել իրավիճակը, հասկացնել, որ արքային չսիրող ժողովուրդն ավելի շատ երազում է նրանից ազատվելու, քան պաշտպանելու մասին: Իսկ ինքնավստահ արքան, ճակատամարտի վայրում տպավորություն ստեղծելու համար, ելնելով նախկին փորձից, կանոնավոր զորքերի հետ կայսրության ծայրերից հավաքել է տալիս նաեւ չնչին գումարով (գուցե հայկական 10 հազար դրամի չափով) վարձատրվող աշխարհազորայինների: Ալեքսանդրի ծրագիրը պարզ էր. գրոհել հենց Դարեհի թեւի վրա, նրան վնասազերծել ու զորքը թողնել անգլուխ: Հենց այդպես էլ անում է: Դարեհը մարտադաշտից փախուստի է դիմում: Իհարկե, մեզ տեղեկություն չի հասել այն մասին, թե մարտից առաջ եղե՞լ են արդյոք շփումներ երկու առաջնորդների միջեւ, կամ արդյոք Դարեհը հեռանալուց առաջ հայտարարե՞լ է․ «Ես սխալվեցի, Ալեքսանդրը ճիշտ էր»: Բայց փաստը մնում է փաստ, որ Ալեքսանդրն անվնաս է թողել պարսկական հարեմը՝ գահից հետո Դարեհին ամենից շատ հուզող հարստությունը: Այս ճակատամարտը հայերիս համար հիշարժան է նախ նրանով, որ դրան մասնակցել է Հայաստանից եկած մի ջոկատ, որը, մի պատումի համաձայն, արքայի փախուստից հետո էլ, երբ բոլոր մյուս, անգամ բուն պարսկական գնդերը դադարեցրել են դիմադրությունը, դեռ շարունակել է կռվել։ Եվ երկրորդ․ վերջ դրվեց Դարեհի տիրապետությանը, որից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ ամրապնդելու իր անկախությունը:

ՀՀԿ տարեգրությունից

20 տարիների ընթացքում, վար ընկնող օդապարիկի պես, ՀՀԿ-ն մաս-մաս ցած է նետել իր հեղինակության ձուլակտորները: Խոսքի եւ գործի հակասությունը վաղ թե ուշ սպառելու էր նրա նկատմամբ հանրային աջակցության ռեսուրսը: Իշխանության ղեկին կառչած մնալու մարմաջը ստիպում էր բանեցնել հանրությանը շշմեցնող նոր ու արտասովոր հնարքներ: Այսպես, ՀՀԿ նախաձեռնությամբ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանում հաստատվեց պառլամենտական կառավարման ինստիտուտ, այն դեպքում, երբ հարակից երկրներում նկատվում էր հակառակ միտումը: Ժամանակը ցույց տվեց, որ դրանով փորձ էր արվում նախ հասարակությանը շեղել նախկինում թույլ տված սխալներից՝ անուղղակիորեն դրանք վերագրելով «անհաջող» նախագահական կառավարման համակարգին, եւ երկրորդ՝ ՀՀԿ առաջնորդի համար քողարկված ձեւով ձեռք բերել երրորդ ժամկետի կառավարման հնարավորություն: Հաջորդ հնարքն այն էր, որ ՀՀԿ-ն հրաժարվեց մեծամասնական ընտրակարգից: Դրանով էլ փորձ արվեց նախկին բոլոր ընտրակեղծիքների «մեղքը» բարդել մեծամասնական ընտրակարգի վրա՝ նրբորեն քողարկելով արդար ընտրություններ անցկացնելու ուղղությամբ քաղաքական կամքի բացակայությունը: Թվում էր՝ համամասնական ընտրակարգով խորհրդարան կգան կայացած կուսակցություններ, եւ վերջապես ընտրողները ձայնը կտան գաղափարներին եւ ոչ թե ամենատարբեր լծակներ ունեցող անհատներին: Բայց ՀՀԿ–ին հաջողվեց օրենքում ամրագրել վարկանիշային տարբերակը, որի շնորհիվ 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցան մի համակարգով, որը կարելի է կոչել ձեւով՝ համամասնական, էությամբ՝ մեծամասնական: Անկախության տարիներից ի վեր իրականացվեց ամենաամոթալի գործարքը՝ նսեմացնելով սեփական ժողովրդի արժանապատվությունը, անկախության համար պայքարող սերնդից նրան իջեցնելով մուրացիկների եւ ուզվորների ստորացուցիչ մակարդակի: Բարոյական անկման ենթարկվեց հինգհազարամյա քաղաքակրթությամբ հպարտացող մի ամբողջ ժողովուրդ:

Այն, որ ՀՀԿ-ի կողմից դրանք բլեֆ էին, երեւաց նաեւ նրանով, որ Սերժ Սարգսյանը, չնայած հավաստիացումներին, ոչ մի կերպ չէր ուզում լքել երկրի առաջին դեմքի պաշտոնը: Ավելին, անհաջող փորձ կատարեց՝ մեկընդմիշտ հաստատվելու իշխանավորների համար նախատեսված կեցավայրում:

Անկեղծ մտորում

Ցավալի եւ դժվար է խոսել այն կուսակցության սխալների մասին, որի շարքերում անցել ես ճանապարհ, ունեցել ընդհանուր ձեռքբերումներ, որոնք այսօր ստվերված են թույլ տրված կոպիտ սխալների պատճառով: Բայց ճիշտը դրանց անդրադառնալն է ու հասկանալը, թե որտեղ սխալվեցինք: Դա մեզ պետք է երկու բանի համար. նախ՝ կուսակցությունն առողջացնելու եւ երկրորդ՝ օգնելու նոր իշխանավորներին՝ չկրկնելու մեր սխալները: Չէ՞ որ մենք էլ էինք մի օր ջահել ու խանդավառված, հավատում էինք մեր ուժին ու արդարամտությանը, ինչպես նրանք այսօր: Տարիների փորձառությունը բերել է մի եզրահանգման. քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում: Պետք է յուրայիններին՝ հատկապես առաջնորդին, ճիշտ ժամանակին զգուշացնել թույլ տված սխալի մասին: Երբեք չպետք է աչք փակել որեւէ կեղծիքի առաջ: Լռությունը կործանարար է: Բայց մարդիկ հաճախ խուսափում են ճշտախոսությունից՝ մտածելով, որ ցավ կպատճառեն ընկերներին: Դրա համար էլ ամեն մի ուժ կարիք ունի իրական ընդդիմության՝ անկեղծ, սրտացավ ու կառուցողական: Հնարավոր է, որ դա ՀՀԿ-ի նոր ճանապարհն է:

Ապաշխարության պահը

Ապրիլյան համաժողովրդական շարժումը Հանրապետության հրապարակը վերածեց համաժողովրդական սրբարանի, ուր ոչ միայն երդման օծություն ստացավ երիտասարդ սերունդը, այլեւ մաքրվեցին ու մեղքի թողության արժանացան ժողովրդական այն նույն զանգվածները, որոնք տարիներ շարունակ կամա-ակամա ապրել էին իշխանական վերնախավի կողմից թելադրված, գրված ու չգրված կանոններով: Այդ նույն մաքրման ճանապարհն անցան նաեւ նրանք, ովքեր հոգով այնտեղ էին՝ փողոցում ու հրապարակում: Եթե մանրակրկիտ ուսումնասիրվեն հեղափոխության մասնակիցների ու համակիրների կենսագրությունները, ապա պարզ կդառնա, որ ամեն մեկն էլ ունի ինչ-որ մի մութ կետ: Բայց Հանրապետության հրապարակում գծվեց անտեսանելի, հոգեւոր մի գիծ, որից անդին մնացին նրանց մեղքերը: Կարեւորը նոր մեղք չգործելն է: Դա է այս հեղափոխության դժվարին առաքելությունը: Որքանո՞վ դա կհաջողվի նոր սերնդին, դրանից կախված կլինի հեղափոխության բերած թարմ մթնոլորտի ու արժեքների երկարակեցությունը:

ՀՀԿ վերնախավին նույնպես տրված է շանս՝ արժանապատվորեն ինքնամաքրվելու, վերջնականապես չկտրվելու տասնյակ հազարավոր շարքայիններից, որոնք ողջունել են երկրում կատարված փոփոխությունները: Որովհետեւ չէին կարող չնկատել, որ հեղափոխությունն իրագործում է ՀՀԿ-ական ամբիոններից բազմիցս հնչած, բայց բարի ցանկություններից ու քարոզչական ուղերձներից գործնական դաշտ այդպես էլ չանցած գաղափարները: ՀՀԿ-ն արդեն կորցրել է այն թանկ ժամանակը, որն անհրաժեշտ էր հիվանդին վիրահատության հասցնելու համար: Բայց գուցե մի վերջին հնարավորություն կա նրան փրկելու: Ի դեպ, Մելիք-Ադամյան փողոցն ու ՀՀԿ գրասենյակը շատ մոտ են Հանրապետության հրապարակին, ուր բաբախում է ժողովրդի հավաքական սիրտը: Այդ զարկերը չզգալ կամ անտարբեր մնալ՝ նշանակում է կտրվել այն արմատից, որը ծնել է մեզ: Իսկ չորացած ծառերը միայն վառելիք են դառնում:

Վերջը

Ասում են՝ եղել է Իվան Սուսանին անունով մի մարդ, ով Ռուսաստան ներխուժած զավթիչներին ճանապարհ ցույց տալու փոխարեն մոլորեցրել է ճահիճներում: Սերժ Սարգսյանն էլ գուցե այնքան մեծ վտանգ է տեսնում ՀՀԿ-ական բարքերի մեջ, որ երկրի հանդեպ պատասխանատվությունը մղում է նրան վերջնականապես խորտակելու ՀՀԿ նավը քաղաքական ճահիճներում: Այդ դեպքում պատմությունը կհերոսացնի նրան եւս: Բայց հնարավոր է, չէ՞, որ Սերժ Սարգսյանի մոտ նման կարծիքի ձեւավորման տեղիք է տվել հենց իր ամենամերձավոր շրջապատը: Չի բացառվում նաեւ, որ արհեստական նավաբեկությունը հետապնդում է այլ նպատակ՝ ընդհանուրի մեջ թաքցնել սեփական մեղքի առյուծի բաժինը: Բոլոր դեպքերում նավն ափսոս է:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

Մեկնաբանություն
X