Վարչապետին հակադարձում են՝ սա ԵԽԽՎ ամենահաջողված պատվիրակությունն է

Նիկոլ Փաշինյանը, մի քանի օր առաջ խոսելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մասին, չափազանց կոշտ, կարելի է ասել՝ նվաստացուցիչ եւ պատվիրակության աշխատանքը զրոյացնող հայտարարություն արեց․ «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, եւ նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ»։

Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ողջ կազմին, այդ թվում՝ իր հետ հուշագիր ստորագրած ուժի՝ ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանին ու Նաիրա Զոհրաբյանին, անգամ իր դաշնակից ընկեր Էդմոն Մարուքյանին, նաեւ նախկին գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին կոռուպցիոն համակարգի մաս է համարել։ Էլ չենք ասում ՀՀԿ-ականների մասին՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյան, Սամվել Ֆարմանյան, Կարինե Աճեմյան, Ռուստամ Մախմուդյան, որոնք նախկին կոռուպցիոն համակարգի ուղղակի մարմնացումն են՝ վերը նշվածների ֆոնի վրա, ըստ վարչապետի։ Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պատվիրակության կոխեց ցեխը, հանեց՝ դարձնելով նրանց դարի կոռուպցիոներները եւ համարելով, որ նրանք Ստրասբուրգում որեւէ մեկին չեն ներկայացնում, բացի կոռուպցիոն համակարգից։ Այսինքն, ըստ մեր վարչապետի տրամաբանության, եթե «հայտնի կոռուպցիոներներ» Արփինե Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին կամ Արմեն Ռուստամյանին հաջողվում է ձախողել ադրբեջանական պատվիրակության պլանները եւ հակահայկական որեւէ բանաձեւ կանխել, դա նրանք անում են ոչ թե երկրի ու պետության շահերից ելնելով, այլ բացառապես ի շահ նախկին կոռուպցիոն համակարգի, մի համակարգի, որն այլեւս գոյություն չունի։

Փորձեցինք ճշտել, թե «կոռուպցիոներները»՝ ԵԽԽՎ պատվիրակության անդամները, ինչպես են վերաբերվում վարչապետի ասածներին։ Բայց նրանք երեկ ողջ օրը խուսափեցին կամ չհամարձակվեցին որեւէ գնահատական տալ կամ արձագանքել վարչապետի հայտարարությանը։ Թեպետ պարզեցինք, որ այդ հայտարարությունից վրդովված են, եւ ոմանք անգամ փորձել են առաջ քաշել վարչապետի այս հայտարարությանն արձագանքելու հարցը՝ միասնական հայտարարությամբ հանդես գալու, բայց ոչ բոլոր անդամներն են համաձայնել դրան եւ նրբորեն ցրել են թեման։ Դրա համար էլ երեկ պատվիրակության ղեկավարն ու անդամները կա՛մ չէին պատասխանում զանգերին ու նամակներին, կա՛մ հրաժարվում էին այս թեմայով որեւէ մեկնաբանություն տալ։ Արձանագրենք, որ մտնում ենք նոր փուլ, որտեղ վարչապետի ասածներին հակադրվել, այլ կարծիք հայտնել, քննադատել չի խրախուսվում։

Փոխարենը պատվիրակության անդամներից երեքը՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, երեկ առավոտյան իրենց ֆեյսբուքյան էջերում գրառում կատարեցին, որտեղ թույլ ակնարկ-արձագանք կար՝ ուղղված վարչապետի հայտարարությանը։

Արփինե Հովհաննիսյանն իր գրառման գլխագրում գրել էր․ «Ո՞ւմ շահերն ենք մենք ներկայացնում, կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը»։ Իսկ ստորեւ պատմել է, թե ինչպես է ադրբեջանցիների՝ ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձել բանաձեւ, որն իրենց ջանքերի արդյունքում այսօր ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ եւ հակառակը` ձեւակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում։

«Թերեւս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար եւ բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։ Իսկ գրառումից դուրս նա երկու նախադասություն ավելացրեց․ «Իմ աշխատանքով ցույց եմ տալիս, թե ում շահն եմ ներկայացնում։ Կարող եմ ասել, որ սա ամենահաջողված պատվիրակությունն է եղել»։

Հովհաննիսյանը՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, նշել էր նաեւ, որ իր մեկուկես տարվա գործունեության արդյունքում սա արդեն թվով յոթերորդ զեկույցն, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձեւակերպումները, այլեւ ներառվեցին բարենպաստ ձեւակերպումներ: Նույնաբովանդակ գրառում էին կատարել նաեւ Սամվել Ֆարմանյանն ու Նաիրա Զոհրաբյանը՝ դարձյալ խոսելով նույն բանաձեւի մասին եւ դարձյալ հռետորական ու անհասցե պատասխանելով վարչապետին, թե ում են իրենք ներկայացնում Ստրասբուրգում։ Իսկ թե ինչն էր կաշկանդում նրանց ուղիղ գնահատականով հանդես գալ, դժվար է ասել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X