Սեր եւ զեղումներ

Զգացմունքային իմ հայ ժողովուրդ, որի սերը նույնքան անզուսպ է, որքան ատելությունը։ Երեկ այդ սիրո առարկան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Վերջինիս հայամեծար ելույթը դիպել էր հայ ժողովրդի հոգու նուրբ լարերին եւ գրավել նրա սիրտը։ Ի՜նչ զեղումներ էին գրում Մակրոնի հասցեին մեր հայրենակիցները։ Տասնամյակներ ազգի համար մեծ գործեր արած շատ գործիչներ կնախանձեին դրանց։ Կարդալով այդ զեղումները, մտածում էիր՝ ինչքա՜ն հեշտ է գրավել մեր ժողովրդի սերը, նվաճել նրա երախտագիտությունը, արժանանալ նրա հարգանքին։ Բայց հայազգի գործիչներից քչերն են արժանանում նման պատվի։

Օրեր առաջ իր մահկանացուն կնքած հայ մեծերից մեկը՝ Շառլ Ազնավուրն այդ քչերից էր։ Նրա մահը սգի ու մեծարման հզոր ալիք առաջացրեց Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։ Չկար հայ ազգի մի ներկայացուցիչ, որը չցավեր ու չափսոսար այդ կորստի համար։ Եվ հիմա, պարզվում է, տարբեր մակարդակներում ու համայնքներում Ազնավուրի անունը հավերժացնելու առաջարկներ են արվում։ Օրեր առաջ հնչեց առաջարկ՝ մեծ շանսոնյեի անունով անվանակոչել մեր օդանավակայանը։ Մենք տեղեկացանք, որ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունն այս օրերին հարյուրավոր նամակներ է ստացել՝ անվանափոխության առաջարկով, չնայած նման որոշում կայացնելու իրավասություն ունի ՀՀ կառավարությունը։ Իսկ երեկ մի մեծ խումբ արվեստագետներ բաց նամակ էին հղել վարչապետին՝ առաջարկելով Շառլ Ազնավուրի անունով կոչել Լոռվա մարզի Ախթալա քաղաքը։

Եվ դա հիմնավորել էին նրանով, որ «Ախթալան» թուրքական անվանում է, իսկ 19-րդ դարում այնտեղ ֆրանսիացիներ են ապրել։ Կարծում ենք՝ էլի առաջարկներ կհնչեն՝ Ազնավուրի անունը հավերժացնելու առումով, բայց պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել եւ շտապողականություն ցուցաբերել։

Մեկնաբանություն
X