Գեներալի դեմ հայտարարություններ են արվել․ վարույթն իրականացնող մարմինը դրանով զբաղվում է

Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը չի կարող ասել՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվող եղե՞լ է, թե՞ ոչ, միայն կարող է ենթադրություններ անել․ «Մենք կարող ենք դրա վերաբերյալ ենթադրություններ անել, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Կարող է եւ լինեն, դրանք քննչական գործի շրջանակներում արված հայտարարություններ են, որոնց անդրադարձել են։ Կա մի մեղադրանք, մեղադրանքի ծավալը չի փոփոխվել, նոր ինչ-որ հանգամանքներ մեզ հայտնի չեն»։

Հոկտեմբերի 8-ին կայացել է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու միջնորդության քննարկում, ինչպես պաշտպանը նշեց, նիստը հետաձգվել է․ «Քանի որ նյութերը ծավալը մեծ էր, նիստը հետաձգվեց»։

Քննիչը առարկել է միջնորդության դեմ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X