Ներդրողները վստահություն չունեն, մեզ պետք է «Օդային օրենսգիրք»

Երբ ապրիլյան հեղափոխությունից հետո Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակվեց երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած, մի քանի լեզուների տիրապետող Տաթեւիկ Ռեւազյանը, շատերը ողջունեցին այդ նշանակումը։ Քաղավիացիան եղել է այն ոլորտը, որտեղ եղել են խախտումներ, օդաչուները պարբերաբար բողոքել եւ իրենց խնդիրներն են ներկայացրել տարբեր կառավարությունների, շատերը, չգտնելով այլ ելք, արտագաղթել են եւ իրենց մասնագիտությամբ շահավետ աշխատանք գտել արտերկրում։ Մեր տեղեկություններով՝ օրերս խորհրդակցություն է տեղի ունեցել Տաթեւիկ Ռեւազյանի մոտ, խորհրդակցությանը մասնակցած օդաչուներին զարմացրել է կոմիտեի նախագահի անիրազեկությունը։

Երկարամյա օդաչու, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը մշտապես բարձրաձայնել է քաղավիացիայի ոլորտում տիրող բացթողումների, չարաշահումների մասին։ Առ այսօր նա դեռեւս չի հանդիպել Տաթեւիկ Ռեւազյանին, սակայն հանդիպման ժամանակ մտադիր է բարձրաձայնել մի շարք խնդիրների մասին։ «Ինձ հետ հանդիպել են տարբեր ներդրողներ, որոնցից մեկը միլիարդատեր է (անունը չցանկացավ նշել), ինքը գործարանից պատրաստի ինքնաթիռներ է գնում, հետո հանձնում է դրանք լիզինգով (գույքի ձեռքբերում ՝ վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց)։ Ներդրողները, սակայն, չունեն վստահություն, իրենց օրենքով պաշտպանված չեն զգում, քանի որ առ այսօր մենք չունենք «Օդային օրենսգիրք»։ Իսկ դա շատ կարեւոր փաստաթուղթ է, որը կարող է երաշխավորել ներդրողների շահերի անվտանգությունը։ Քանի՞ տարի է անցել, սակայն Երեւանն ուղիղ կապ չունի Լոս-Անջելեսի հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Դմիտրի Ադբաշյանը։ Նա հիշեցնում է, որ քաղավիացիայի նախկին ղեկավարության կողմից ոչ մի արձագանք չի եղել, որ պետք է մշակվի «Օդային օրենսգիրք»։

Մեր զրուցակիցը նշում է, որ «Ազգային ավիացիոն միավորումն» կանոնադրության համաձայն՝ իրավունք ունի ինքնաթիռների թռիչքային պիտանելիության սերտիֆիկատ գրել։ Դմիտրի Ադբաշյանը կարծում է, որ ինքնաթիռի մասերը հնարավոր է հավաքել Հայաստանում։ «Եթե գործարանում հավաքված ինքնաթիռն արժե երկուսուկես միլիոն դոլար, ապա մեզ մոտ դա կարող է արժենալ երկու հարյուր հազար դոլար։ Մենք հանդիպել ենք նաեւ Գերմանիայում ավիացիոն բիզնես ունեցող մի մարդու հետ (անունը չցանկացավ նշել), զրուցել ենք իր հետ, նա ասաց՝ եկեք մեր ինքնաթիռը ձեր փողերով ձեռք բերեք, դուրս գրեք սերտիֆիկատ, սկսեք կոմերցիոն թռիչքները, երբ մենք կհամոզվենք, որ Ձեր քաղավիացիայի կոմիտեն չի խանգարի, մենք տասը-քսան ինքնաթիռների գումարը կտրամադրենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X