ԵԽԽՎ մեր պատվիրակությունը ներկայացնում է ՀՀ պետական շահը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության. Նաիրա Զոհրաբյան

Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Եվ այսպես՝ ո՞ւմ ենք մենք ներկայացնում Ստրասբուրգում

Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության եւ պետականության շահը, անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության:

Երեկ ԵԽԽՎ-ն քվեարկեց եւ ընդունեց Ֆրանկ Շվաբեի ներկայացրած ՝ «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Նշեմ, որ բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում, այսպես կոչված ՝ «գորշ գոտիներ»-ում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը, ինչը մշտապես եղել է մեր պահանջներից մեկը: Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված եւ հարգված, անկախ նրանից, թե որ գոտում է գտնվում մարդը:

Նշեմ, որ ի սկզբանե նշյալ նախաձեռնությունը միտված էր ԵԽԽՎ-ում հերթական հակահայ բանաձեւը դառնալուն, սակայն, հայկական պատվիրակության ջանքերի շնորհիվ բոլոր հակահայ ձեւակերպումները ոչ միայն չեզոքացվեցին, այլ ներառվեցին ձեւակերպումներ, որոնք միանգամայն տեղավորվում են մեր պետական շահերի տիրույթում եւ դա էր պատճառը, որ ադրբեջանական պատվիրակությունը ողջ կազմով դեմ քվեարկեց այդ բանաձեւին:

Սա ի պատասխան բոլոր այն հայտարարությունների, թե այս օրերին ում է ներկայացնում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Մի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնեմ՝ քանի վայրկյան դեռեւս մնացած կլինի մեր մանդատին միջազգային այս կամ որեւէ այլ կառույցում, մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն»:

Մեկնաբանություն
X