Փաշինյան-Թրամփ հանդիպում կազմակերպելը շատ բարդ է, բայց դա չի նշանակում, որ չի լինելու

Վերջին շրջանում հայկական մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցը: Դեռ ամռանը լրատվամիջոցները գրում էին, թե հայկական կողմը փորձում է հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ:

Նախատեսվում էր հանդիպում կազմակերպել սեպտեմբերին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հանդիպումը չեղարկվել է: Ու թեեւ Փաշինյանը, իհարկե, մասնակցեց Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը եւ, ըստ արարողակարգի՝ լուսանկարվեց Թրամփի եւ նրա տիկնոջ հետ, սակայն երկկողմ ձեւաչափով հանդիպում տեղի չունեցավ:

Ինչո՞ւ չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպումը

Դժվար է ասել՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումն իրականում հետաձգվե՞լ է, թե՞ չեղարկվել: Հայկական մամուլն ու կառավարության ներկայացուցիչները տարբեր վարկածներ ունեն այս հարցի վերաբերյալ: Որոշ թերթեր գրեցին, թե ամերիկացիները մերժել են հայկական կողմին՝ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցերի, Պուտինի հետ հանդիպումների, ինչպես նաեւ Սիրիայում Ռուսաստանի գլխավորությամբ իրականացվող մարդասիրական առաքելությանը մասնակցելու խոստման պատճառով: Սակայն այս պատճառներն այնքան էլ արժանահավատ չեն թվում, քանի որ Հայաստանն անկախությունից ի վեր սերտ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ, եւ դա չի խանգարել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, առավել եւս, որ վարչապետ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության որեւէ վեկտոր ուղղված չի լինելու մեկ այլ վեկտորի դեմ: Երկրորդը․ Հայաստանը նախքան իշխանափոխությունը՝ դեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնակցում էր Սիրիայի հումանիտար առաքելությանը, եւ դա կարծես թե դժգոհության չէր արժանանում ամերիկացիների կողմից: Իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարեց, թե Հայաստանի ու ԱՄՆ ղեկավարների հանդիպումը տեղի չունեցավ Փաշինյանի եւ Թրամփի «օրակարգերի սղության պատճառով», սակայն հանդիպումը կազմակերպելու գործընթացն ընթացքի մեջ է:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հրամայականը

Ինչ էլ որ լինի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմանը նոր զարկ տալու եւ ակտիվացնելու հարցը մնում է պաշտոնական Երեւանի օրակարգում: Ներկայիս իրավիճակում, երբ գնալով ավելի են սրվում ԱՄՆ հարաբերությունները Հայաստանի երկու առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, Հայաստանի նոր կառավարության եւ Սպիտակ տան միջեւ հարաբերությունների հաստատումն ու երկխոսության, փոխըմբռնման ձեւավորումը դառնում են ՀՀ արտաքին քաղաքականության հրամայականներից մեկը: Թրամփի վարչակազմը, ինչպես հիշում ենք, դուրս է բերել ԱՄՆ-ին Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները: Ռուսաստանի եւ Իրանի զսպման ամերիկյան այս քաղաքականության ամենամոլի ու ջերմեռանդ կողմնակիցներից մեկն իր պահպանողական, ռազմատենչ հայացքներով աչքի ընկնող Ջոն Բոլթոնն է, այսպես կոչված՝ «հանրապետական բազեներից» մեկը, որն այսօր առանցքային պաշտոն է զբաղեցնում Սպիտակ տանը: Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին պետքարտուղարի՝ սպառազինության վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալի, այնուհետեւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնները զբաղեցրած Բոլթոնը 2018 թ. ապրիլի 9-ից նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է:

Բոլթոնն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի առաջին գործող քարտուղարն է, որը կայցելի Հայաստան

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այս շաբաթ տեղեկություն տարածեց, որ 2 շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) Ջոն Բոլթոնն այցելելու է մեր տարածաշրջան: Փորձագետի տեղեկություններով՝ նա լինելու է մասնավորապես Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում, եւ սա, անշուշտ, հրաշալի հնարավորություն է մեր պետության համար՝ վերաիմաստավորելու եւ ակտիվացնելու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները:

«Հրապարակը» զրուցել է Սուրեն Սարգսյանի հետ այս թեմայի շուրջ:

- Պարոն Սարգսյան, հայտնի ու բավականին ազդեցիկ գործչի՝ Ջոն Բոլթոնի այցը մեր տարածաշրջան կապված է հիմնականում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների՞ հետ, թե՞ հայաստանյան այցն առանձին նշանակություն ունի: Եվ ի՞նչ սպասելիքներ նա ունի Հայաստանից:

-Այցը տարածաշրջանային է: Միացյալ Նահանգները բավականին հարուստ օրակարգ ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Հայաստանի հետ օրակարգն այդքան հարուստ չէ, բայց օրակարգային հարցեր կան նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում: Բոլթոնը գալիս է քննարկելու այդ հարցերը: Կարծում եմ՝ կանդրադառնա Սիրիայի խնդրին, Հայաստանի մասնակցությանը Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը: Գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագիր է իրականացնելու Սիրիայում: Կարծում եմ՝ սրա մասին խոսակցություն կլինի: Նաեւ կանդրադառնան երկկողմ հարաբերությունների տարբեր օրակարգային հարցերի: Եվ կարծում եմ, որ այցը շատ կարեւոր է, որովհետեւ կան մի քանի կարեւոր հարցեր, որոնք կարելի է քննարկել Բոլթոնի հետ եւ ձեռք բերել լուրջ պայմանավորվածություններ: Ինչպես նշեցիք՝ Բոլթոնը բավականին ազդեցիկ գործիչ է: Նա ազդեցություն ունի ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականության, այլեւ անձամբ նախագահ Թրամփի վրա, եւ նրա խոսքը լսվում է, ընդունվում է: Այնպես որ, կարծում եմ՝ մեզ համար չափազանց կարեւոր է, որ հենց Բոլթոնն է Հայաստան ժամանելու: Եվ եթե չեմ սխալվում՝ Բոլթոնը պատմության մեջ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի առաջին գործող քարտուղարն է, որն առանձին այցով լինելու է մեր երկրում:

- Բոլթոնի գործունեության, նրա հայացքների մասին շատ բան կարելի է ասել, բայց ամենահատկանշականն այն փաստն է, որ նա Իրանի դեմ կոշտ գործողությունների կողմնակից է՝ ինչպեսեւ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Բոլթոնի այցը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով եւ Իրանի հետ հարաբերություններով:

-Ճիշտ եք՝ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների բավականին կոշտ քաղաքականության հեղինակներից մեկը հենց Բոլթոնն է: Կարող ենք ասել, որ նաեւ պատժամիջոցների ինչ-որ մասի հեղինակն է, եւ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները մասամբ սահմանվել են Սիրիայում այս երկրների գործողությունների պատճառով: Չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերությունների հետ կապված ինչ-որ խնդիրներ քննարկվեն, որովհետեւ Միացյալ Նահանգներում կա այդ ընկալումը, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ Իրանը Հայաստանի երկու պատուհաններից մեկն է դեպի արտաքին աշխարհ, ուստի Հայաստանը չի կարող որեւէ կերպ օգնել Իրանի դեմ իրականացվող ամերիկյան քաղաքականությանը: Հետեւաբար, չեմ կարծում, որ օրակարգում Իրանի հետ կապված հարցեր լինեն:

- Բայց չէ՞ որ Հայաստանը եւ Երեւանում ԱՄՆ դեսպանությունը յուրօրինակ պատուհան են այն իրանցիների համար, որոնք ուզում են դուրս գալ այդ փակ համակարգից եւ մեկնել Նահանգներ: Այս հանգամանքը հաշվի առնո՞ւմ են:

-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ դեսպանությունը, այսպես թե այնպես, հյուպատոսական ծառայություններ մատուցում է, եւ քանի որ Միացյալ Նահանգները չունի դիվանագիտական ներկայացուցչություն Իրանում, այդ պատճառով Իրանի քաղաքացիները Հայաստան են գալիս՝ հյուպատոսական ծառայություններից օգտվելու համար: Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում:

- Իսկ ի՞նչ նորություններ կան Իրանի նկատմամբ պատժամիջոցներից:

-Որեւէ նորություն չկա՝ բացի տարբեր պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հայտարարություններից, թե պատժամիջոցներն Իրանի նկատմամբ պետք է խստացվեն: Եվ այս մոտեցումը վերաբերում է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Բայց կարծում եմ՝ քաղաքականությունն Իրանի նկատմամբ դեռեւս չի կարող փոփոխման ենթարկվել՝ գոնե այս վարչակազմի օրոք, եւ գործընթացներն Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականության համատեքստում մնալու են նույն հունի մեջ:

- Մամուլը գրում է, որ Փաշինյանին չի հաջողվում հանդիպում կազմակերպել Թրամփի հետ, նրան մերժել են, եւ նա չի կարողացել հանդիպել նույնիսկ փոխնախագահ Մայք Փենսի հետ: ՀՀ արտգործնախարարին էլ իր հերթին չի հաջողվել հանդիպել պետքարտուղար Պոմպեոյի հետ: Հայ-ամերիկյան հարաբերությունները ժամանակին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը նկարագրել էր այսպես․ «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնության տրամադրման վրա հիմնված երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնել՝ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»: Ի՞նչ օրակարգի մասին է խոսքը: Ի՞նչ հարցեր են, որ Փաշինյանը չի հաջողացրել քննարկել ամերիկյան կողմի հետ:

-Նախ, սկսենք ամենասկզբից: Փաշինյան-Թրամփ հանդիպումը, որը փորձում էին կազմակերպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, իհարկե, շատ բարդ էր կազմակերպել, որովհետեւ երկու առաջնորդներն էլ բավականին հագեցած օրակարգ ունեին, մանավանդ որ, ինչպես տեսաք, Թրամփը հանդիպեց միայն իրենց համար առանցքային նշանակություն ունեցող պետությունների ղեկավարների հետ: Օրինակ՝ Կորեայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի ղեկավարների հետ: Պարզ է, որ ՄԱԿ-ի անդամ 190 երկրների ղեկավարներ գնում-հասնում են Նյու Յորք, եւ բոլորն էլ ցանկություն են ունենում երկկողմ հանդիպումներ ունենալ ԱՄՆ նախագահի հետ: Բնական է, որ ժամանակը չէր հերիքի բոլորի հետ հանդիպելու համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Թրամփի հետ հանդիպում չի լինելու: Հանդիպում կլինի այլ ժամկետներում, այլ ձեւաչափերով, այլ հարթակներում կամ այցելությունների շրջանակներում: Այնպես որ, այստեղ խնդիր չեմ տեսնում: Փաշինյանի եւ Թրամփի հանդիպումը, իհարկե, կարեւոր է հարաբերությունների զարգացման համար, եւ կարծում եմ՝ բարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան:

Հիմա՝ ինչ վերաբերում է օրակարգին: Մենք պիտի հասկանանք շատ կարեւոր մի բան, որ Թրամփի նախագահության հաջորդ երկու տարիներին եւ հնարավոր է նաեւ նրա նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, եթե, իհարկե, Թրամփը վերընտրվի (նա այդ շանսերն ունի), Միացյալ Նահանգների օրակարգում լինելու են երկու կարեւոր առաջնահերթություններ՝ անվտանգություն եւ տնտեսական զարգացում: Սրանք Թրամփի առաջնահերթություններն են: Հետեւաբար, եթե ուզում ենք զարգացնել մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մեր օրակարգը պետք է համապատասխանեցնենք իրենց օրակարգի հետ: Պետք է առաջարկենք նրանց, նախեւառաջ, համագործակցություն ռազմական, անվտանգության ոլորտում, լինի պայքար ահաբեկչության դեմ կամ աջակցություն Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այստեղ մենք կարող ենք ամերիկացիներին ինչ-որ բան առաջարկել: Եվ երկրորդը․ պիտի փորձենք զարգացնել բիզնես կապերը, որոնք չափազանց կարեւոր են: Ինչպես գիտեք՝ Թրամփը բիզնեսմեն է, ընդ որում՝ հաջողակ բիզնեսմեն, եւ նա պետք է շատ կոնկրետ տեսնի իր հետաքրքրությունը պետությունների հետ հարաբերություններում:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանություն
X