Հայաստանը թեւակոխում է իշխանափոխության հաջորդ՝ «երկխոսության» փուլ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հաջորդ շաբաթը, ամենայն հավանականությամբ, կլինի բավականին հագեցած եւ իրադարձություններով լի։ Վերջին զարգացումների եւ վերադասավորությունների ֆոնին հասկանալի է, որ եթե վերջնական է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական որոշումը, ապա սկսած հոկտեմբերի 15-20-ից՝ պետք է դրան տանող քայլերը սկսվեն։ Ուստիեւ կարելի է սպասել, որ հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որով էլ կազդարարվի ներքաղաքական կյանքի վերաձեւման հաջորդ փուլը։

Տեսականորեն ու ինչու չէ՝ նաեւ գործնականում, կարելի է ասել, իշխանափոխության, այսպես ասած, ուղղակի ժողովրդական մասնակցության փուլը մոտենում է ավարտին, եւ հիմա արդեն քաղաքական երկխոսության, փոխպայմանավորվածությունների, նույնիսկ «քաղաքական առեւտրի» նոր փուլի սկիզբն է դրվում։ Ե՛վ Մոսկվայի, ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ Բրյուսելի համար, ի դեպ, այս փուլը շատ ավելի կարեւոր է, քան փողոցային կամ ուղղակի ժողովրդական իշխանափոխության փուլը, քանի որ այստեղ արդեն գործում է ռեալ-պոլիտիկը եւ ոչ թե կարգախոսներն ու պոպուլիզմը։ Իսկ ռեալ պոլիտիկի մակարդակում արդեն կամաց-կամաց կվերականգնվի աշխարհաքաղաքական այն բալանսը, որը մի պահ խաթարվել էր Հայաստանում, բոլոր կողմերի շահերը նկատի ունենալով։ Այս մասով պետք է հասկանալ, որ Պեկինից մինչեւ Մոսկվա, Մոսկվայից մինչեւ Բրյուսել եւ Բրյուսելից մինչեւ Վաշինգտոն, չհաշված մյուս մայրաքաղաքները, իրենց շահերն ունեն Հայաստանում եւ Հարավային Կովկասում, որոնք անհնար է, որ անտեսվեն։

Ինչ կտա այս փուլը շարքային հայաստանցուն։ Նյութական իմաստով՝ ոչինչ։ Սակայն հանրապետությունում տիրող հանրային տրամադրությունների ընդհանուր մթնոլորտում այն կարող է բերել լարվածության աստիճանական նվազման ու լիցքաթափման, հատկապես որ հայաստանյան քաղաքական ուժերի մի մասը, անկախ այն հանգամանքից, թե ներքին լսարանում ինչ ընկալումներ կան նրանց հետ կապված, որոնք հանդիսանում են միջազգային խոշոր կուսակցական ընտանիքների անդամներ եւ քիչ ազդեցություն չունեն գլոբալ քաղաքական գործընթացների վրա, անհնար է, որ անտեսվի։

Բացի այդ, փողոցից դեպի աշխատասենյակ անցման պայմաններում, անցում, որը հինգ ամիս տեւեց ու դեռ ընթացքի մեջ է, կամաց-կամաց առարկայանում են այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են հանրապետության առաջ։ Ու դրանց լուծման համար՝ արդեն որպես գործիքակազմ, կիրառելի են նաեւ հենց այդ խողովակները եւս։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X